«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն էր այն գործիչը, որ մեր իրականություն ներմուծեց «իրական ու պատմական Հայաստանների» դիսկուրսը: Կարծիք կա, որ այս կերպ նա փորձում է կտրել Սփյուռքին Հայաստանից, ամեն ինչ անում է, որ Սփյուռքը դադարի մեր պետության համար գործոն լինել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այս հարցին անդրադառնալիս առաջարկում է սկսել «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգից: «Մեր ընթերցողները կարող են որոնողական համակարգում փնտրել SETA հետազոտական կենտրոնը: Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն իրականացնող, պետական քաղաքականությունը մշակող կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկն է: Այն աշխարհի հիսուն տարբեր երկրներում նախագծեր է իրականացնում: Նրա՝ 2025 թվականին ներկայացված գնահատականներն այն մասին են, թե ինչպիսին են լինելու իրադարձությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձ կա մեր նշած՝ «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգին: Այնտեղ բառացիորեն նշում են, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի այն քաղաքական գործիչն է Հայաստանում, որ կարողացավ խզել այդ կապն իրական ու պատմական Հայաստանի միջև: Դա խիզախ քայլ են որակում: Ուզում եմ հասկանանք, թե այդ հայեցակարգը, որպես այդպիսին, որտեղից է գալիս, ովքեր են դրա իրական կնքահայրերը: Ընթերցողներն էլ, սա նկատի ունենալով, պետք է վերլուծություններ անեն այս իշխանության ծագումնաբանության առումով:

Ինչ վերաբերում է Սփյուռքի հետ կապերը խզելուն, նույն թուրքական պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ Սփյուռքը բացասական ազդեցություն ունի Հայաստանի վրա, որ, ինչպես իրենք են կոչում, «ռևանշիստական ուժերը» սնվում են Սփյուռքի միջոցով և այլն: Տրամաբանությունը մեզ հուշում է, որ, այո՛, ցանկանում են ընդհանրապես խզել կապերը հին, ավանդական Սփյուռքի հետ, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Մյուս կողմից՝ լիակատար անտարբերություն է Ադրբեջանում ընթացող դատավարությունների նկատմամբ։ Սա նույն՝ Արցախը մոռանալու, դրա մասին այլևս չխոսելու «քաղաքականության» տիրույթո՞ւմ է՝ չկա հարց, չկան խնդիրներ։ Դատավարության, Արցախը մոռացության տալու մասով քաղաքագետն առաջարկում է հարցին մի փոքր այլ տեսանկյունից նայել:«Սովոր ենք շատ դեպքերում վերլուծել իրողությունները՝ ելնելով ազգային, պետական շահերից, այսպես ձևակերպեմ՝ գոնե հրապարակային դաշտում վերլուծությունները հիմնական այս տիրույթում են ընթանում: Եկեք փորձենք հարցին այլ տեսանկյունից նայել:

Քաղաքականությունը որոշակի էլիտար խմբերի պայքարն է իշխանության հասնելու համար: Եթե այս տրամաբանությամբ մոտենանք գործընթացներին, ստացվում է հետևյալը՝ ազատվելով Արցախի Հանրապետությունից, ազատվելով Արցախում գործունեություն ծավալած որոշակի քաղաքական գործիչներից, միավորումներից և այլն՝ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական պայքարի շրջանակներում ազատվել է մրցակիցներից: Ասեմ ավելին՝ եթե մի փոքր հետ նայենք՝ մեր նորանկախ պետության պատմությանը, կտեսնենք հետևյալը, որ 1998 թվականին, երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, այն Հայաստան եկավ նաև Արցախից: Այդ ալիքը «սրբեց» նաև Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրերին: Հետագայում տեսանք, որ, ցավոք, իշխանությունից «սրբվեցին», բայց քաղաքական, պետական, հասարակական համակարգում շատ խոր արմատներ են տվել: 1998 թվականին դրա փորձը եղել է: Եթե այս տրամաբանությունից դիտեք, Նիկոլ Փաշինյանին ձեռք էր տալիս Արցախի անկումը և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բանտարկումը՝ ելնելով նրանից, որ քաղաքական դաշտում նա ազատում է իր համար մանևրելու տարածքը, որովհետև այն ուժերը, որոնք կարող էին իր համար մրցակից լինել, այլևս գոյություն չունեն: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք իրադարձությունները, կհասկանանք, թե այս լռությունը, հանգիստ վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ որտեղից է գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանում այսօր գլուխ են բարձրացնում սոցիալական խնդիրները, արտաքին մարտահրավերները չեն պակասում, եթե չասենք՝ ավելանում են։ Զուգահեռ իրականությունում Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ի՞նչ իրավիճակում ենք հիմա: «Եթե Փաշինյանը նման գնահատական է տալիս, ապա ունենք առնվազն իրավունք մտածելու, որ նույն մտայնությունը նա ուներ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ կոչ էր անում քաղաքացիներին զինվորագրվել, որպես կամավորներ գնալ մարտի դաշտ: Փաստորեն, այդ պատերազմն ընկալում էին որպես հնարավորություն իրական անկախություն ձեռք բերելու, բայց իրական անկախությունն, իրենց ընկալմամբ, Արցախի հանձնումն է: 2023 թ. հայտնի իրադարձություններից հետո իրեն ֆիկտիվ հանրապետական անվանող Գևորգ Պապոյանը ամերիկյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի իրական անկախությունը, եթե ուզում եք իրականությունը իմանալ, ձեռք է բերվել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ այն օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Նիկոլ Փաշինյանը և Գևորգ Պապոյանը նույն բանն են ասում: Ի՞նչ է իրենց համար անկախությունը նշանակում: Իրենց ընկալմամբ, դա այն է, որ Ռուսաստանից կախվածության մեջ չենք լինելու: Ի՞նչ է ստացվում. երբ, իրենց ձևակերպմամբ, Ռուսաստանից կախված էինք, ունեինք Արցախի Հանրապետությունը, 120 հազար մարդ իր պատմական հայրենիքում էր ապրում, ադրբեջանցիներն էլ Ջերմուկում չէին, դա Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար անկախություն չէր: Իրենք և իրենց գաղափարակից անձինք, որոնք, չգիտես ինչու, դիրքավորվել են ընդդիմության դաշտում, թեև հոգու խորքում, նաև իրենց հայտարարություններից ելնելով հասկանում ենք, որ ոչ պակաս նիկոլական են, քան Նիկոլ Փաշինյանը, գուբերնիա էին անվանում Հայաստանը: Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչը երկար ժամանակ մտածել է:

Այստեղ վերադառնամ մեր զրույցի երկրորդ մասին: 1998 թ. փոփոխությունների ալիքը «սրբեց», տարավ այդ մարդկանց պետական կառավարման համակարգից, իշխանությունից, բայց հասարակական դաշտում այդ մարդիկ արմատավորվել էին, ինչի արգասիքն էլ եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Առանձնացրել էիք սոցիալական խնդիրները: Սա լավ հնարավորություն է քաղաքական ուժերի համար նախ փորձել իրենց ուժերը՝ հասարակությանը համախմբելու նաև սոցիալական հարցերի օրակարգի շրջանակներում, չհակադրել սոցիալականը և ազգայինը: Մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Տրանսպորտի թանկացումն անդրադառնում է մեկ միլիոն մարդու զգալի մասի ամենօրյա կենցաղային իրողությունների վրա: Եթե որոշ քաղաքական ուժեր հավակնում են գալ իշխանության, բայց այս հարցում չեն կանգնում քաղաքացիների կողքին, ապա քաղաքացիները պետք է հետևություն անեն, թե իրականում ինչով են զբաղված այդ քաղաքական ուժերը և որքանով նրանց հայտարարություններն աղերս ունեն իրականության հետ»,- եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները