Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 
 Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Կա տեսակետ, որ վերջինիս պաշտոնավարման երկրորդ շրջանն էականորեն տարբերվելու է առաջին շրջանից, երբ նա շատ մեծ դիմադրության էր հանդիպում երկրի ներսում, ինչն էլ խոչընդոտներ էր ստեղծում նրա վարչակազմի գործունեության համար։

Թրամփի վերադարձը նախագահի աթոռին նշանավորվում է նաև նրանով, որ բոլորովին այլ պայմաններ են ստեղծված նրա կողմից վարվող քաղաքականության մասով։ Առաջին հերթին նա մեծ աջակցություն է վայելում բնակչության շրջանում։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս անգամ Թրամփին աջակցում են այնպիսի խոշոր բիզնեսմեններ ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության վրա։ Իսկ ամենանշանակալի քաղաքական պատկերն արտացոլում է այն իրողությունը, որ Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Այսինքն՝ Թրամփը Կոնգրեսում կարող է շատ հանգիստ որոշումներ անցկացնել։

Ինչ վերաբերում է ներքին հարցերին, ապա Թրամփը խոստացել է զարկ տալ տնտեսությանը, գործարաններ բացել, բարենպաստ պայմաններ ստեղծել ամերիկացի արտադրողների ու աշխատողների համար, իրականացնել ոչ լեգալ միգրանտների՝ պատմության մեջ ամենազանգվածային արտաքսումը, պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Ներամերիկյան հարցերի հետ կապված՝ Թրամփից չափազանց մեծ ակնկալիքներ կան, որոնք նա պետք է իրականություն դարձնի, որպեսզի իր հանրային աջակցությունը չփոխվի դժգոհությունների խորացման։

Թրամփը նաև փորձում է պատմության մեջ մտնել այն նախագահների շարքը, որոնք ընդլայնել են ԱՄՆ-ի տարածքները։ Հենց դրանով են պայմանավորված Գրենլանդիայի հետ կապված նրա հետաքրքրությունը և աշխարհի ամենամեծ կղզին գնելու ցանկությունը։ ԱՄՆ-ում նոր վարչակազմի քաղաքականությունը նաև գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառ է դառնալու։ Առաջին հերթին՝ այն վերաբերում է Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմներին։ Թրամփը խոստացել է, որ ամերիկյան հզորության լծակների կիրառման միջոցով դադարեցնելու է պատերազմները։ Թերևս դրանով է պայմանավորված, որ նրա՝ պաշտոնը ստանձնելու նախօրյակին Գազայի պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ պաշտոնը ստանձնելուց հետո ԱՄՆ 47-րդ նախագահը ձեռնամուխ է լինելու նաև Ուկրաինայում հրադադարի հաստատման ջանքերի կյանքի կոչմանը։ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է նշանավորվել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մեղմացմամբ։ Իսկ հրադադարի հաստատումը հնարավորություն կտա Մոսկվային կենտրոնանալ այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ռուսական ազդեցությունն էականորեն նվազել է, իսկ թուրքականն՝ ուժեղացել։

Մյուս կարևոր աշխարհաքաղաքական փոփոխությունը, որ կանխորոշում է Թրամփի պաշտոնավարումը, վերաբերում է ԱՄՆ ինքնամեկուսացման քաղաքականությանը, որը դրսևորվում է նաև նրանով, որ Վաշինգտոնը նվազեցնում է իր միջազգային ներգրավվածությունը տարբեր տարածաշրջաններում։ Հենց դրա շրջանակներում է ամերիկյան կողմը պահանջում, որ ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին հատկացնեն ռազմական ոլորտին ու դրանով վճարեն իրենց պաշտպանության համար, քանի որ ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ վճարել ու ապահովել այդ երկրների պաշտպանությունը։ Ըստ այդմ, եվրոպական երկրներն արդեն իսկ մտածում են առանձին պաշտպանական մեխանիզմ ստեղծելու շուրջ, որի արդյունքում էլ կնվազեցնեն իրենց կախվածությունն ԱՄՆ-ից։ Դրա համար էլ եվրոպական երկրները սկսել են զարկ տալ տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը։

Գլոբալ մակարդակում մեծ ազդեցություն է ունենալու նաև Թրամփի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը։ Նա խոստացել է զգալիորեն ավելացնել Չինաստանից եկող ապրանքների մաքսերը և ուժեղացնել տնտեսական ճնշումները Պեկինի նկատմամբ, որն օգտվում է ամերիկյան շուկայի ընձեռած հնարավորություններից։ Ըստ երևույթին, խստացվելու է նաև դեպի Չինաստան գերժամանակակից չիպերի և այլ տեխնոլոգիական արտադրանքի արտահանման արգելքը։ Չինաստանն էլ արդեն իսկ մտածում է դրան համարժեք պատասխան տալու մասին։ Մեծ է հավանականությունը, որ Պեկինը կարող է որոշ առանցքային ուղղություններով շատ անհրաժեշտ չինական հումքի ու արտադրանքի արտահանման արգելք սահմանել դեպի ԱՄՆ։ Չինաստան-ԱՄՆ տնտեսական մրցակցության խորացումն էականորեն ազդելու է նաև համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթաների վրա։ Ըստ երևույթին, արևմտյան ներդրումները Չինաստանից կհոսեն դեպի Հարավային ու Արևել յան Ասիայի այն երկրներ, որտեղ աշխատուժը դեռևս էժան է, իսկ չինական ընկերություններն էլ, բախվելով ամերիկյան բարձր մաքսերին, գործարաններ կհիմնեն այլ երկրներում, այդ թվում՝ Մեքսիկայում, ու արտահանումն էլ կկազմակերպեն այդ երկրներից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս
Ամենաընթերցվածները