«Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 
 Քաղաքացին այսօր ապրում է մի իրականության մեջ, երբ նրան ամեն օր հրամցվում է տարատեսակ ինֆորմացիա: Չի հասցնում մեկը վերլուծել, քննարկել, տեղ է հասնում մյուսը: Վերջին օրերին Հայաստանի իշխանություններն ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, սկսվեց ԵՄ անդամակցության օրինագծի շուրջ դիսկուրսը, ակտիվացան ՀԱԿՊ ու ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելու մասին քննարկումները: Մեկ այլ իրականության մեջ Ադրբեջանում ընթանում են շինծու դատավարություններ, որտեղ մեղադրյալի աթոռին մեր հայրենակիցներն են:

Արդյո՞ք ստորագրվող կամ քննարկվող փաստաթղթերը նման չեն փայլուն թղթով, գրավիչ փաթեթավորմամբ կոնֆետների, ընդ որում՝ փայլող թղթի ներսում ոչինչ չկա: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ ցանկացած պետության հետ համագործակցության խորացումը և զարգացումը դրական գործընթաց է: «Բայց ունենք բազմաթիվ նրբերանգներ: Սա քարոզչական դաշտում ներկայացվում է որպես փրկության փաստաթուղթ, ինչն աղերս չունի իրականության և ճշմարտության հետ: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանն ընդամենը ստացել է ավելի խոր համագործակցելու հնարավորություն, շեշտում եմ՝ հնարավորություն, այստեղ չկա որևէ իմպերատիվ նորմ, որով Միացյալ Նահանգները կստանձնի պարտավորություն Հայաստանի նկատմամբ՝ տնտեսական, ֆինանսական, ռազմական, անվտանգային և այլն: Պարտավորության մասին այստեղ խոսք չկա: Ինչո՞ւ, որովհետև սա ռազմավարական համագործակցության կանոնադրություն է: Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնադրությունը նշանակում է, որ այդ հանձնաժողովի աշխատանքները պետք է կանոնակարգվեն տվյալ կանոնադրությամբ սահմանված նպատակների շուրջ:

Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ այսպիսի կանոնադրություններ է ստորագրել: Սա որևէ կերպ չպետք է շփոթենք ռազմավարական գործընկերության հետ: Ռազմավարական գործընկերության մասին պայմանագրերը միջպետական պայմանագրեր են, որոնք պարտադիր վավերացում են պահանջում, իսկ այս կանոնադրությունը վավերացրում չի պահանջում: Սա կողմերի մտադրությունների մասին ստորագրված փաստաթուղթ է: Թե ինչպես այն կռեալիզացվի, կկապիտալիզացվի գործնական և կիրառական քաղաքականության մեջ, արդեն կախված կլինի մի շարք գործոններից: Օրինակ՝ թե՛ աշխարհաքաղաքական պայմաններից, թե՛ մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից հետապնդվող շահերից, կամ, առհասարակ, ինչպիսի՞ն կլինեն տվյալ պահին ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում, դրանք կլինեն առաջնահերթությա՞ն, թե՞ ոչ առաջնահերթության շարքում, ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները, կկարողանա՞նք սա ռեալիզացնել, բերել ու հասցնել ռազմավարական համագործակցության կամ գործընկերության մակարդակի: Այս պահին պետք է ֆիքսենք՝ ունենք փաստաթուղթ, որը որոշակի շրջանակի համագործակցության հնարավորություն է տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ստացվում է, որ փաստաթղթի շուրջ առաջացած «աղմուկն» ավելի շատ է, քան օգո՞ւտը: «Սրա շուրջ ստեղծված թե՛ աղմուկը, թե՛ ընթացող քարոզչական հնարքները պետք է դիտարկենք տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված քաղաքական կոնյուկտուրայի մեջ: Ինչպիսի՞ն է այն: Ցավոք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նաև հայկական քաղաքական դաշտը բաժանված են տարբեր հոսանքների, ընդ որում՝ ոչ թե գաղափարական, այլ արտաքին քաղաքական հոսանքների՝ արևմտամետ, ռուսամետ և այլն: Դեպի Արևմուտք անցման քարոզիչները պետք է ժողովրդին ցույց տան ինչ-որ ձեռքբերում, որով կհամոզեն նրան, թե՝ տեսեք, մեր ճանապարհը ճշմարիտ է, մեր ճանապարհը հնարավորություններ ստեղծող է: Դրա համար անհրաժեշտ է գոնե ցանկացած ձևի փաստաթուղթ, որտեղ շողշողուն բառեր կլինեն՝ ռազմավարական համագործակցություն, ռազմավարական նպատակ, ռազմավարական շահ: Սրանք բանալի բառեր են, որոնցով փորձ է արվում հասարակությանը համոզել, որ երբ Միացյալ Նահանգների հետ գնանք ռազմավարական գործընկերության, Հայաստանի բոլոր խնդիրները կլուծվեն, Ադրբեջանը կվախենա և այլևս չի հարձակվի: Քարոզչական դաշտում արդեն որոշ քարոզիչների կողմից կան թեզեր, թե Բաքուն անհանգստացած է այս փաստաթղթով, Բաքուն ուզում էր հարձակվել, բայց այլևս չի հարձակվի և այլն: Սրանք կոնկրետ խմբերին անհրաժեշտ թեզեր են, խմբեր, որոնք իրենց գոյությունը սրանով կարդարացնեն, որովհետև առանց արդյունքի նրանց գոյությունն անիմաստ է քաղաքական հարթության մեջ: Գանք իշխանություններին: Առջևում ընտրություններ են, արտաքին ճակատում Հայաստանի Հանրապետությունը չունի ձեռքբերումներ, ընդհակառակը՝ նոր մարտահրավերներ են: Ներքին քաղաքականության մեջ ամեն ինչ շատ ավելի խառն է, շատ ավելի քաոտիկ, չկա միասնություն, չկան այնպիսի գաղափարներ, որոնց շուրջ ժողովուրդը կհամախմբվի: Ունենք ներքին տարրալուծված, կամազրկված հասարակական պատկեր: Հասարակությունն այդ ամենի հետևանքով մարգինալացվում է: Հիմա իշխանությունը քվե խնդրելու կամ մուրալու համար պետք է ինչ-որ շողշողուն բառերով ձեռքբերումներ ցույց տա՝ անկախ նրանից՝ դրանք պրակտիկ քաղաքականության մեջ իրակա՞ն են, թե՞ ոչ, կգործարկվե՞ն, թե՞ ոչ: Նախընտրական քարոզչության համար սրանք անհրաժեշտություն են: Կարծում եմ, որ սա օգտագործվելու է հատկապես նախընտրական քարոզչության մեջ: Կասեն, որ Հայաստանի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացել է, որովհետև Միացյալ Նահանգների հետ ստորագրել ենք նման փաստաթուղթ: Բնականաբար, հասարակությունն էլ խորամուխ չի լինելու, թե դա ինչ փաստաթուղթ է: Այն ինչ-որ հանձնաժողովի կանոնադրությո՞ւն է, թե՞ այնպիսի փաստաթուղթ է, ինչպիսին, օրինակ՝ վերջերս ստորագրեցին Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը, կամ այնպիսի գործընկերություն, ինչպիսին կա Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև: Հայաստանի իշխանությունները ստորագրված փաստաթուղթը ներկայացնելու են որպես երկնային մանանա, և շատերը, ցավոք, խորամուխ չլինելով խնդրի մեջ, հավատալու են, և մի մասն էլ քվե է տալու նրանց»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս կերպ արդյոք էլ ավելի չի նվազո՞ւմ նաև մեր հանրույթի դիմադրողականությունը: Հույս ենք ունենում, որ ինչ-որ մեկը գալու է՝ մեզ պաշտպանելու և փրկելու: «Երբ խոսվում է ազգային դիմադրողականության մասին, այդտեղ կան բազմաթիվ նուրբ լարեր, որոնք միմյանց հետ փոխշաղկապված են: Ինչպես չափազանց նեգատիվն է ազդում հասարակական և ազգային դիմադրողականության վրա բացասական իմաստով, այնպես էլ երանության տանող քարոզչությունը, որ մեր փոխարեն մեր խնդիրները լուծելու են Միացյալ Նահանգները, իսկ նախկինում Ռուսաստանի Դաշնությունն էր: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մարդիկ, որոնք այսպիսի քարոզչություն են տանում, ոչ միայն Ռուսաստանի դեմ են գործում, այլ խորքում հենց Միացյալ Նահանգների և, ընդհանրապես, Արևմուտքի դեմ: Հասարակության մոտ ձևավորելով չափազանցված սպասելիքներ՝ նույն հասարակությանը պատրաստում են, որ վաղն էլ այն նույն կերպ հայհոյի Միացյալ Նահանգներին, Եվրոպական Միությանը, որ իրենց խնդիրներն իրենց փոխարեն չեն լուծել: Այս մարդիկ հայ ժողովրդին համոզում են, որ մեր փոխարեն ԱՄՆ-ն մեր խնդիրները կլուծի, դեպի ԵՄ քարոզչության շրջանակում մարդկանց համոզում են, որ լավ ենք ապրելու, մեր կենսամակարդակը լինելու է այնպիսին, ինչպիսին ԵՄ երկրներում է, մեր տեխնոլոգիական զարգացվածությունն է այդպիսին լինելու: Դա իրականում կեղծիք և խաբեություն է, որովհետև դրանց պետք է ինքնուրույն հասնես: Քեզ կաջակցեն, քեզ հնարավորություն կտան՝ մուտք ունենալ դեպի այդ շուկաներ կամ այդ տեխնոլոգիաներ, բայց դա պետք է անես ինքդ և քո ջանասիրաբար գործադրված աշխատանքի արդյունքում: Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու: Ցավոք, սա հասարակությանը չեն ասում, այլ ասում են միայն այն շողշողուն մասը, որը ոսկու նման փայլում է, բայց խորքում հիասթափություն է»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան
Ամենաընթերցվածները