Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրման թեման ակտիվ քննարկման առիթ է դարձել։ Ու իշխանությունների, առավել ևս՝ նրանց սատելիտ արևմտամետների կողմից դրա նշանակությունը ծայրահեղացված գերագնահատելու միտում կա։ Դրա համար էլ դեռ կանոնակարգի ստորագրումից առաջ նրանք ինտենսիվ տարածում էին, թե՝ տեսեք ինչ «աշխարհացունց» փաստաթուղթ է ստորագրվելու, փրկվելու ենք, մեր դիվանագիտությունն «աննախադեպ» հաղթանակ է կերտում և այլն, և այդպես շարունակ:

Այն, որ այդ ամենը, շատ մեղմ ասած, ծայրահեղականացված է, չի էլ քննարկվում: Բայց դա էլ մի կողմ: Նախ՝ մի շարք հարցեր է առաջացնում փաստաթղթի ստորագրման ժամանակը։ Ի մասնավորի, եթե Վաշինգտոնում իսկապես Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ այդքան շահագրգռված էին, ապա ինչո՞ւ, օրինակ, այդպիսի փաստաթուղթ չստորագրվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժում էր ՀՀ տարածք։ Դա իսկապես լուրջ ազդակ կլիներ նաև տարածաշրջանային խաղացող Թուրքիային, որն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։ Իսկ հետո կարող էին պաշտպանական համագործակցության ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովել, ինչպես կատարում են Հունաստանի դեպքում, հզորացնում այդ երկրի պաշտպանողական կարողությունները, որպեսզի դիմակայի Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։

Բացի դրանից, պետք է հիշել, որ հենց Բայդենի վարչակազմն էր, որ հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրելու համար։ Հարցն այն է, որ «Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Սա նշանակում է Հայաստանի դեմ ագրեսիայի դիմելու հարցում ԱՄՆի կողմից կանաչ լույս Ադրբեջանին։ Ոգևորվելով նման իրավիճակից՝ Բաքուն ձեռնամուխ եղավ Արցախի վրա հարձակմանը, Լաչինի միջանցքի փակմանը, արցախցիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելուն ու ռազմական ագրեսիային ու Արցախի բռնի հայաթափմանը, սակայն Վաշինգտոնից անգամ ձայն չհանեցին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Եթե մեկ այլ պետություն նման պատերազմական հանցագործություններ իրականացներ, ապա Արևմուտքից պատժամիջոցներով էին ծածկել, բայց Ադրբեջանի դեպքում նույնիսկ պատժամիջոցների սպառնալիքը չգործեց, իսկ ԱՄՆ կառավարության կողմից անգամ պատժամիջոցների մասին զգուշացումը բավարար կլիներ, որ Ալիևը «խելքի գար»։ Ուղղակի որոշ կոնգրեսականներ պատժամիջոցների մասին օրինագծեր շրջանառելու հետ կապված աղմուկ էին ապահովում։ Փոխարենը Բայդենի վարչակազմը անընդհատ տարբեր պաշտոնյաների էր ուղարկում Հայաստան՝ հատկապես ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերին՝ մի քանի միլիոն դոլարի օգնության խոստումներով։ Իսկ Փաուերն էլ իր հերթին հայտարարում էր, թե Պետդեպարտամենտը դեռ ուսումնասիրում է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, այնինչ փաստերն այնքան պարզ են, որ նույնիսկ ուսումնասիրության կարիք չկա։

Այն, որ արցախահայության նկատմամբ կոնկրետ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել, վկայում է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու համար պահանջում է հրաժարվել միջազգային դատական ատյաններում փոխադարձ մեղադրանքներից։ Պարզ է, որ միջազգային դատական ատյաններում ընթացող քննությունն իրավական առումով կարող է ի ցույց դնել հանցագործությունների վերաբերյալ փաստերը, ինչի արդյունքում Ադրբեջանը խնդիրներ կունենա։

Չնայած, մյուս կողմից, Բայդենի վարչակազմի նկատմամբ մեղադրանքներ կան նաև այն առումով, որ աչք է փակում Գազայի հատվածում Իսրայելի հանցավոր գործողությունների ու տասնյակ հազարավոր զոհերի իրողության առաջ, ուստի մեծ ակնկալիքներ պետք չէր ունենալ Արցախի մասով։ Պարզ է, որ հավաքական Արևմուտքից մարդու իրավունքների թեման ընտրողաբար է կիրառվում։ Այսինքն՝ մի պետության դեպքում կարող է գործել, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։ Այդպես, օրինակ՝ Բաշար ալ Ասադը մարդու իրավունքները խախտող բռնապետ էր, որին պետք էր հեռացնել, բայց ոչ Ալիևին, որը մի ամբողջ պետություն դարձրել է իր «ընտանիքի բոստանը»։

Մյուս հարցն այն է, թե ինչու Բայդենի վարչակազմը նման փաստաթղթի ստորագրմանը ձեռնամուխ եղավ հատկապես այն ժամանակ, երբ նրանց պաշտոնավարմանն ընդամենն օրեր են մնացել։ Պարզ է, որ փաստաթուղթը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև է, բայց դրա իրականացումը դրվելու է արդեն Թրամփի վարչակազմի վրա։ Փաստացի, ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն արդյոք կկարողանա՞ն հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանից անընդհատ դրական ազդակներ են ուղարկվում Թրամփի նախագահության հետ կապված, ու Ալիևն էլ առիթը բաց չի թողնում Բայդենի վարչակազմին քննադատելու համար։

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ, ճիշտ է, Հայաստանին ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ տալու գործընթացի մեկնարկի մասին է հայտարարվում, բայց հարց է, թե այն ինչքանով կարտացոլի իրական գործընկերության խորությունը, քանի որ ստորագրված փաստաթղթում ուղղակի որոշակի նպատակադրումներ են ներկայացված, բայց կոնկրետ չափելի գործողությունները բացակայում են։ Ուստի, այս համատեքստում է, որ մտահոգություններ են հնչում, որ հակառուսական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ պահանջներ կարող են դրվել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունների մակարդակը վերջին շրջանում բավական իջել է։

Անգամ մի շարք արևմտյան վերլուծաբաններ առաջարկում են Հարավային Կովկասում ավելի շատ հենվել Հայաստանի վրա, բայց եթե մեր երկիրը չկարողացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համադրել ու տեղափոխվեց հակառուսական տիրույթ, ապա շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում է, իսկ ԱՄՆ-ը՝ հազարավոր կիլոմետրեր հեռու, և պետք եղած ժամանակ կարող է թողնել Հարավային Կովկասը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները