Ի՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր տարվա առաջին ժամերից սկսած, իսկ նախօրեից՝ էլ ավելի բազմապատկված ջանքերով՝ Ալիևը նորանոր պահանջներ ու սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի ու հայության հասցեին: Մեծ հաշվով, Փաշինյանի զիջողական, անդեմ, թուրքական քամիներից շորորացող «քաղաքականության» պայմաններում Ադրբեջանի էլ ավելի ագրեսիվ ու ռազմատենչ դիրքավորվելը մի առանձնահատուկ կամ անսպասելի բան չէ: Դա ոչ միայն կանխատեսելի է, այլև բազմիցս կանխատեսված, մեկնաբանված, ներկայացված, այդ թվում՝ մեր թերթի էջերում:

Դրան զուգահեռ, և ինչը հատկանշական է, Հայաստանի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի պահվածքն առնվազն անհամարժեք է: Նա մեկ սաղմոս է կարդում, մեկ՝ իրեն «պոլիգլոտ» է երևակայում ու ներկայացնում (օտար լեզուներ է սովորում, իբր), կամ էլ՝ որոշում է, որ անպայման պիտի իրենց կեցավայրի ձվածեղի թավայով մխրճվի լրահոսի ու հայ ժողովրդի հետամանորյա խոսքուզրույցի մեջ: Երեկ էլ իբր անդրադարձավ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին, բայց գործնականում ավելի շուտ լրացրեց դրանք, քան թե հակադարձեց: Ինչը, խոստովանենք, նույնպես անակնկալ մի դրսևորում չէ:

Բայց սաղմոսի ու ձվածեղի միջակայքում Փաշինյանը որոշեց, որ անպայման պիտի ձերբակալի ու կալանավորի պաշտոնաթող գեներալլեյտենանտ, ՀՀ Ազգային հերոս Տիրան Խաչատրյանին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Այդ ի՞նչ էր պատահել, ո՞րն էր Տիրան Խաչատրյանին Նոր տարվա առաջին օրերին, Սուրբ ծննդյան տոնի նախօրեին ձերբակալելու, ապա կալանավորելու հրատապությունը: Սա իսկապես հետաքրքիր է: Իսկ փաշինյանական Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արծարծվող հանգամանքներն ավելի են ուժգնացնում այդ հետաքրքրականությունը:

Նախ՝ ի՞նչ մեղադրանք է ներկայացվել նախկին բարձրաստիճան զինվորականին: Պաշտոնական վարկածը այս է. «...2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն, նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ապա նկարագրվում են ծանր հետևանքները, որոնց հանրագումարային շեշտադրումն այն է, որ պատերազմը տանուլ է տրվել գերազանցապես ու բացառապես Տիրան Խաչատրյանի մեղքով:

Եվ այստեղ է, որ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից կշեշտենք մի քանի, մեր կարծիքով՝ առավել էականները:

Այսինքն, ստացվում է, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի քան 4 տարի՝ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած մինչև 2025 թ. հունվարի 3-ը, երբ Տիրան Խաչատրյանի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննել է 44-օրյա պատերազմում Արցախի ու Հայաստանի պարտության պատճառները, բայց միայն «երեկ չէ առաջին օրն» է տեղեկացել այն մասին, որ Տիրան Խաչատրյանը ինչ-որ շատ կարևոր բան չի արել, ինչը ծանր հետևանքների է հանգեցրել: Այսինքն, 4 տարի չգիտեին, միայն երե՞կ իմացան:

Երկրորդ, և սա առանցքային պահ է: Նիկոլ Փաշինյանը, որի մասին նրա զինակիցներից Արարատ Միրզոյանը պատերազմի սկզբին շեշտում էր, թե «հանկարծ չշշկռեք, մեր գերագույն գլխավոր հրամանատարն է», ՔԿ քննած «գործի» մեջ նշված 2020 թ. հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածի (ու ոչ միայն) Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ բառացիորեն գրել է. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալմայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում մարտի դաշտում փառքով պսակեցին իրեն անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման»։

Տեղին կլիներ՝ «այ քեզ բա՜ն» արտահայտությունը, բայց՝ ավելի լուրջ: Ստացվում է, որ Քննչական կոմիտեն, հասկանալի է, թե ում պահանջով, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրում ու հետապնդում է մի բանի համար, ինչի համար նա դեռ 4 տարի ու երկու ամիս առաջ նույն «գերագույն-գլխավորի» կողմից արժանացել է մեծ դրվատանքի ու... Ազգային հերոսի կոչման:

Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանի գրառման մեջ հիշատակված Անդրանիկ Փիլոյանը, որ նույնպես արժանացել է Ազգային հերոսի կոչման, իսկ պատերազմից հետո էլ նշանակվել էր ԱԻՆ ղեկավար, մոտ մեկ տարի առաջ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման... «խոշոր չափերով կաշառքի», խարդախության և մի քանի այլ մեղադրանքներով՝ այն ժամանակ աղմուկ հանած «ջեռուցման կաթսայի» գործով:

Սա, միջանկյալ նկատենք, որպես դաս բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Փաշինյանի հետ կարելի է կամ կարող են անհետևանք համագործակցել: Փաշինյանին սատարած, նրան ենթարկված, նրա իշխանությանը ծառայած ոչ մի գործող անձ անպատիժ չի մնալու և, որպես ճակատագրի դառը հեգնանք, նախ՝ հենց Փաշինյանի կողմից է պախարակվելու ու պատժվելու: Ու պատժվում են... Դե, իսկ Տիրան Խաչատրյանի դեմ էլ երևի այլ բան չեն կարողացել գտնել, որոշել են պատժել այն բանի համար, ինչի համար նրան Ազգային հերոսի կոչում են շնորհել: Ու այստեղ անխուսափելի հարց է ծագում առ այն, թե Տիրան Խաչատրյանի «գործով» երբ է ներգրավվելու Նիկոլ Փաշինյանը, առնվազն՝ որպես վկա: Չէ՞ որ Փաշինյանը հայտարարել է, որ գեներալը, ավելի ճիշտ՝ գեներալները մարտի դաշտում փառքով են պսակել իրենց անունները: Հիմա փառքո՞վ են պսակել, թե՞ թերացել են իրենց պարտականություններում, ինչը ծանր հետևանքներ է ունեցել: Ինչի՞ց ելնելով է Փաշինյանը խոսել «փառքով պսակելու» մասին: Մի՞թե հերոսի կոչում տալուց առաջ չեն ստուգել, ճշտել, հավաստիացել, թե ով ինչ է արել: Ինչպես էլ նայում ես, նա առանցքային վկա է այս «գործով»:

Նաև հարց է ծագում, թե արդյո՞ք նույն մեղադրանքները վերաուղղվելու են նաև այլ գործով արդեն դատապարտված Փիլոյանին: Բայց կա շատ ավելի հետաքրքիր հարց:

2021-ի փետրվարից Զինված ուժերից դուրս եկած պաշտոնաթող գեներալլեյտենանտ Տիրան Խաչատրյանն այդ ի՞նչ էր արել կամ ասել, որ հենց հունվարի 4-ին նրան ձերբակալելու, ապա կալանավորելու օրախնդիր անհրաժեշտություն ծագեց: Նախ՝ նշենք, որ նա «Հայաքվե» նախաձեռնության կազմում է: Պարզ է, որ նրա նկատմամբ թիրախային հետապնդում է իրականացվում, որը քաղաքական աստառ ունի: Բայց ինչո՞ւ հենց այս օրերին դա այդպես դրսևորվեց:

Կա վարկած, որ Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախատեսված էր՝ որպես «ձևավորման տարր»՝ նույն օրը հերոսների ու հերոսության մասին Փաշինյանի երկնած հերթական «փիլիսոփայական» «փայլատակման» համար: Այսինքն, իրական հերոսներին վարկաբեկելու փաշինյանական «ճանապարհի» համար: Բայց չի կարելի նաև բացառել, որ ահագնացող պատերազմական սպառնալիքների պայմաններում Փաշինյանը ցուցադրաբար նման կալանավորման է դիմում, այն էլ՝ իր կողմից Ազգային հերոսի կոչման արժանացված ռազմական գործչի նկատմամբ, որպեսզի էլ ավելի «դուխաթափ անի» դեռևս բանակում մնացած գեներալներին, բարձրաստիճան սպաներին, առհասարակ՝ ավելի ու ավելի վարկաբեկի զինվորականներին՝ ինչպես հասարակության, այնպես էլ՝ միմյանց աչքերում: Դե, գումարած, առաջիկա նոր զիջումներին ընդառաջ նոր շոու բեմադրելու տարբերակը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais Սագրադա Ֆամիլիայով գաղտնի շրջագայություն. Մեծ տաճարի 5 աստվածային գաղտնիքներն ու թաքնված գանձերը ICE-ում Brent-ի գինը իջել է՝ մեկ բարելը 88 դոլարից ցածր Համոզված եմ, որ միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը՝ Պուտինին Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է 14 կետից. Mehr 45-ամյա Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր ադամանդե զգեստը ընկերոջ՝ Լյուիս Համիլթոնի զբոսանավի վրա Կորեայի Հանրապետության նախկին նախագահը դատապարտվել է 30 տարվա ազшտազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ներ փոխանցելու համար ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները