Սիրիական զարգացումների նոր երանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաշար ալ Ասադի իշխանության անկումով ռուսական և իրանական դիրքերի թուլացման արդյունքում Սիրիայում լուրջ վակուում է առաջացել։ Եվ այն ուժը, որը կլցնի այդ վակուումը, կկարողանա գերակա դիրքեր զբաղեցնել Սիրիայում և ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում։
 
Փաստացի «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի տարածքի մեծ մասը։ Իսկ այս խմբավորման ղեկավար Աբու Մուհամմադ ալ Ջուլանին, որը ժամանակին կապեր ուներ «Ալ Քաիդա» և «Իսլամական» պետություն ահաբեկչական խմբավորումների հետ, փիառի միջոցով վերաբրենդավորում է իրեն, որպեսզի միջազգային հանրության համար որպես ղեկավար ընդունելի լինի։ Եվ նա արդեն իսկ ընդունելի կերպար է դառնում արևմտյան երկրների համար, որոնցից մի քանիսն արդեն սկսել են բացել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում։ ԵՄ- ն ևս հայտարարել է, որ մտադիր է վերաբացել Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը։
 
Իսկ Վաշինգտոնը հետ է կանչել Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Ալ Ջուլանին ձերբակալելու համար շուրջ տասը տարի առաջ 10 միլիոն դոլարի պարգևատրման առաջարկը: Նրա հետ հանդիպել է նաև ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը, որի ժամանակ էլ քննարկվել են ապագայի հետ կապված մի շարք հարցեր։ Ականատես ենք լինում, որ ԱՄՆ-ի կողմից վերաբերմունքի մեծ փոփոխություն է տեղի ունենում։
 
Բայց «Հայաթ Թահրիր ալ-Շամի» վերահսկողության տակ գտնվող տարածքում մասնատվածությունը շարունակում է մնալ խնդրահարույց։ Երկրի հարավային հատվածը փաստացի ղեկավարվում է երկու ստորաբաժանումների կողմից՝ «Սիրիական ազատ բանակի» և «Հարավային օպերացիոն սենյակի» կողմից։ «Սիրիական ազատ բանակը» բաղկացած է ինչպես իսլամական, այնպես էլ աշխարհիկ տարբեր խմբերից, որոնց ուղղակիորեն աջակցում է Թուրքիան։ Տեղեկություններ կան, որ այս խմբավորմանը նաև ԱՄՆ-ն է աջակցում։ «Հարավային օպերացիոն սենյակը» տարբեր խմբավորումներից բաղկացած կոալիցիա է, որը ներառում է աշխարհիկ, իսլամիստական խմբեր, ինչպես նաև դրուզներից բաղկացած աշխարհազորային ուժեր: Այս երկու խմբավորումները դաշնակցել են «Հայաթ Թահրիր ալ Շամի» հետ որոշակի նախապայմաններով՝ հաշվի առնելով, որ «Հայաթ Թահրիր ալ Շամն» անկարող է միայնակ կառավարել Սիրիայի ընդարձակ տարածքները։ Սիրիայում կառավարման բարդությունը պայմանավորված է նաև երկրի էթնիկ խայտաբղետությամբ։ Ալևիները կենտրոնացած են ափամերձ շրջաններում, դրուզները մեծամասնություն են կազմում ծայր հարավում, իսկ քրդերը բնակվում են հյուսիսային մասում։ Կրոնական առումով մեծամասնություն են կազմում սունիները, սակայն զգալի թիվ են կազմում շիաները, ալևիները և քրիստոնյաները։ Իսկ Սիրիայի կենտրոնական և արևել յան հատվածը անապատ է, քաղաքները և բնակավայրերը քիչ են այստեղ, և գրեթե ոչ մի ռազմավարական կետ չկա՝ ռազմական առումով հենարան դարձնելու համար: Ու հարց է, թե ինչպես են տարբեր խմբերը համագոյակցելու միմյանց հետ, երբ Սիրիան ծայրահեղ կերպով բևեռացված է, քանի որ քաղաքացիական պատերազմի ստեղծած քաոսի պարագայում տարբեր խմբավորումներ նաև միմյանց դեմ էին կռվում։
 
Խնդիր է նաև այն, թե ինչպիսի պետություն պետք է կառուցվի, քանի որ աշխարհիկ պետությունը այս տարածաշրջանում այլ կերպ է ընկալվում և նույնականացվում է բռնապետության հետ, ու Ասադի իշխանությունը ևս նույնականացվում է աշխարհիկ համակարգի հետ, դրա համար էլ որոշակի արաբ սունիների խմբեր ձգտում են իսլամական պետության ստեղծմանը։
 
Մյուս կողմից՝ ամբողջ Սիրիայի տարածքում իշխանությունը վերցնելու համար «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը պետք է գործ ունենա երկու այլ կարևոր խմբավորումների հետ։ Դրանցից է Սիրիական ազգային բանակը, որը փոքր հատվածներ է զբաղեցնում երկրի հյուսիսում և Թուրքիայի լուրջ աջակցությունն է վայելում` հասանելիություն ստանալով նաև թուրքական ժամանակակից սպառազինություններին։ Ու Սիրիական ազգային բանակի հիմնական գործը քրդերի դեմ կռվելն է։ Պատահական չէ, որ երբ «Հայաթ Թահրիր ալ Շամը» շարունակում էր իր հաղթարշավը դեպի Դամասկոս, Սիրիական ազգային բանակը շարժվում էր դեպի արևելք՝ դեպի Մամբիչ, որպեսզի հետ մղի քրդական ուժերին։
 
Իսկ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերն են։ Նրանց հիմնական աջակցություն է ցույց տալիս մի կողմից՝ ԱՄՆ-ը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Թերևս այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սիրիայում Թուրքիայի դիրքերը շատ են ուժեղացել։ Դրանով էր պայմանավորված, որ իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձավ նաև Սիրիայի քրդերի թեմային՝ նշելով, որ քրդերը լուրջ կռվողներ են։ Այդպիսով, ըստ էության, նա մեսիջ էր հղում Թուրքիային։
 
Ժամանակի ընթացքում էլ ամերիկացիներն են էական աջակցություն տրամադրել քրդերին, որպեսզի նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ կռվեն, ինչի արդյունքում էլ քրդական ուժերին հաջողվեց մեծ թվով շրջաններ վերցնել իրենց վերահսկողության ներքո՝ Եփրատից արևելք ընկած գրեթե ողջ տարածքը։ Իսկ վերջին շրջանում Սիրիայի դեմոկրատական ուժերն արդեն նոր առաջխաղացում ունեցան՝ անցնելով Եփրատի արևմտյան ափի հատված և իրենց վերահսկողության տակ վերցրեցին Դեր Զոր քաղաքը։
 
Սակայն քրդերի կողմից աստիճանական առաջխաղացումը սկսել է մեծապես անհանգստացնել Թուրքիային, որը տարիներ շարունակ պայքարել է իր արևել յան տարածքներում քրդական սեպարատիստ շարժումների դեմ։ Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի համար քրդական հարցը արտաքին քաղաքական առաջնահերթություն է՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում 20 միլիոնից ավելի քրդեր են ապրում։ Անկարայում կարծում են, թե Սիրիայի դեմոկրատական ուժերը Քրդական աշխատավորական կուսակցության մի ճյուղն են, որը կարող է անկայուն իրավիճակ ու անկախական ձգտումներ հրահրել նաև Թուրքիայի քրդական շրջաններում։ Դրա համար էլ այն հռչակում են որպես քրդական ահաբեկչական կազմակերպություն։ Ուստի Անկարան «Հայաթ Թահրիր ալ Շամին» մղում է Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ՝ մանավանդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում մեծ թվով արաբներ են ապրում։
 
Ինչ վերաբերում է Թուրքիայի նպատակներին, ապա փորձագետները երկու տարբերակի մասին են նշում՝ կա՛մ Թուրքիան ամբողջական ներխուժում է իրականացնելու Սիրիական Քուրդիստան, կամ էլ նոր բուֆերային գոտի է ձևավորում, որի արդյունքում իր վերահսկողության տակ գտնվող երկու բուֆերային գոտիները միավորվում են։ Ու վերջին տարբերակն ավելի հավանական է համարվում։
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները