«Շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստենք, որ կրթության ամբողջ համակարգը շարունակում է մնալ ազատ անկման մեջ, այն մեծ արագությամբ գլորվում է ներքև: Դա փաստում են վերջին շրջանի ցուցանիշները՝ կապված և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության հետ: «Փաստի» հետ զրույցում, ամփոփելով անցնող կրթական տարին, նման կարծիք է հայտնում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նշում է՝ հանրակրթության ոլորտում շարունակվեց, այսպես կոչված, ուսուցիչների ատեստավորման գործընթացը: «Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ատեստավորմամբ հետաքրքրված է ուսուցիչների ոչ ավելի, քան տասը տոկոսը, և նրանց մեծ մասը չի կարողանում հեշտությամբ հաղթահարել սուբյեկտիվ տեստերը և ունենալ որոշակի հաջողություններ, մասնավորապես՝ կապված աշխատավարձի բարձրացման հետ։ Ողջ տարվա ընթացքում այդ գործընթացը հանգեցրեց նրան, որ ամբողջ ուսուցչական համակազմի առավելագույնը 0,5 տոկոսը կարողացավ իր աշխատավարձը բարձրացնել և հասցնել առնվազն 300 հազար դրամի: Սա էական ազդեցություն չունի կրթական համակարգի վրա: Մյուս կողմից՝ բազմաթիվ ուսուցիչներ ուղղակի դուրս եկան կրթական համակարգից՝ էլ ավելի վատթար վիճակ ստեղծելով համակարգում: Եթե չունենք ուսուցիչներ, չենք կարողանում համապատասխան կրթություն ապահովել մեր երեխաների համար, ապա դա իր հետևից բերելու է ավելի վատ հետևանքներ: Այդ երեխաները մեծանում են առանց գիտելիքների, բուհերի ընդունելության քննությունները ցույց են տալիս, որ նրանց գիտելիքները բավարար չեն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, ընդ որում՝ հատկապես մանկավարժական մասնագիտությամբ: Դա էլ իր հերթին բերում է նրան, որ մանկավարժների թիվը էլի պակասում է, որովհետև այդ մասնագիտություններով շրջանավարտներ չունենք: Այդ փակ շղթան ամեն տարի կրկնվում է»,-ընդգծում է փորձագետը:

Հավելում է՝ շատ կարևոր է բարձրաձայնել արժեքային այն տրանսֆորմացիայի մասին, որ տեղի ունեցավ անցնող տարվա ընթացքում: «Մի քանի առարկաներ ուղղակի դուրս մղվեցին հանրակրթությունից, օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմությունը», «Հայոց պատմությունը» դարձավ «Հայաստանի պատմություն»: «Նոր չափորոշիչների» ընդունումն էական ազդեցություն ունեցավ հատկապես հումանիտար, հասարակագիտական ուղղությամբ առարկաների վրա, և այստեղ շատ մեծ հարված հասցվեց ազգային հիմքին, գաղափարախոսությանն ու արժեքներին: Հիշենք տարրական դասարանի դասագրքերը, որտեղ Հայաստանի դրոշն էին այրում, մի ուրիշ դասագրքում ադրբեջանական հեքիաթներ էին մեջբերում: Այս տարին աչքի ընկավ նաև նրանով, որ որոշ դասարաններ որոշ առարկաներից ընդհանրապես դասագրքեր չունեն, և այդպես շարունակում են իրենց ուսումը: Օրինակ՝ 10-րդ դասարանում «Պատմության» դասագիրք չկա որևէ դպրոցում և այդպես էլ չի լինելու ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Սա միակ օրինակը չէ, տասից ավելի դասագիրք դպրոց «չմտավ»: Սա փաստում է այն մասին, որ մեզ մոտ հանրակրթության ոլորտը գլորվում է ներքև:

Դա են փաստում նաև այն արդյունքները, որոնք ունեցանք. Հայաստանում տասը տարեկանների առնվազն մեկ երրորդը, ընդ որում՝ դա լավացված ցուցանիշ է անցած տարվա համեմատ, ֆունկցիոնալ անգրագետ է: Անցած տարի երկու երեխայից մեկն էր ֆունկցիոնալ անգրագետ, այս տարի իբր ցուցանիշները լավացան՝ դառնալով երեքից մեկը: Լիազոր մարմնի ներկայացուցիչը, ղեկավարը նույնիսկ պարծենալով են ասում՝ տեսեք, թե ինչպիսի ձեռքբերում ունեցանք, բայց չեն ասում, որ երեք երեխայից մեկն ուղղակի անգրագետ է: Սա այնքան մեծ ցավ է այն ժողովրդի համար, որը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի մակարդակով ունեցել է մեծանուն գիտնականներ, մշակութային գործիչներ և այլք: Իսկ հիմա այս ցուցանիշներով՝ մեկ երրորդ անգրագիտությամբ երեխաների հետ թող կառուցեն իրենց երազած ապագան»,-նշում է Մխիթարյանը՝ ամփոփելով հանրակրթության ոլորտի հետ կապված իր առանցքային մտահոգությունները:

Հաջորդիվ անդրադառնում ենք բուհական համակարգին: Անցնող տարում քննարկման առանցքում էր «Ակադեմիական քաղաքը»: Կրթության փորձագետն ընդգծում է՝ բուհական կրթության վերաբերյալ տիրապետող էին բարձրագույն կրթության դիպլոմ չունեցողի ճառերը և «Ակադեմիական քաղաքի» ներկայացումը: «Այն հիմա անվանում են «Նյու Վասյուկի» Երևանի մոտ: Այդպիսի «ներկայացումներ» եղան մի քանի բուհերում, որոշ, այսպես ասած, մտավորական դասախոսների կողմից իբր հավանության արժանացավ այդ գաղափարը: Բայց հողի վրա որևէ առաջընթաց չկա: Անցած տարի ստեղծվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, այն շարունակեց աշխատել ուռճացված աշխատակազմով և բարձր աշխատավարձերով, բայց արդյունք չունեցանք: Հակառակը՝ «Ակադեմիական քաղաքի» քողի տակ շատացան խոսակցությունները բուհերի կրճատման, գիտական կազմակերպությունների հետ միավորման վերաբերյալ, որոնք բնավ չեն նպաստում բարձրագույն կրթության համակարգում առաջընթացին, ընդհակառակը՝ դրանք արգելակում և խոչընդոտում են այն:

«Վերևից», այսպես ասած, հրաման կա, որ բուհերի ենթակառուցվածքների հետ կապված որևէ փոփոխություն չպետք է արվի, մինչև այդ բուհերը միավորվեն: Բոլորը, ըստ էության, սպասողական վիճակում են հիմա: Նույնը կատարվում է Գիտությունների ազգային ակադեմիայում, այստեղ ևս բոլորը խոսում են գիտական կազմակերպությունների միավորման, իրենց գործունեության դադարեցման կամ ակադեմիայի՝ համակարգից դուրս հանելու մասին: Քանի որ խոսակցության մակարդակով որևէ արդյունք չկարողացան գրանցել, որոշեցին գնալ մյուս ուղղությամբ, որով սովորաբար գնում է այսօրվա կառավարությունը: Դա օրենք ընդունելն է կամ օրենքում համապատասխան փոփոխություններ անելը՝ «օրենքով ենք անում» բառակապակցությունն արտասանելու համար: Մշակվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծ, որն ավելի վատն էր, քան նախկինում գոյություն ունեցողը: Այն հավանության արժանացավ Ազգային ժողովի կողմից, բայց Սահմանադրական դատարանը որոշ դրույթներ ճանաչեց հակասահմանադրական: Այս վատ նախագծով հեղինակները ներկայացնում են այն կրթական և գիտական համակարգը, որն ունենալու է Հայաստանը՝ որպես ծառայություններ մատուցող երկիր, որին ընդհանրապես պետք չէ բարձրագույն կրթություն, առավել ևս՝ գիտություն: Պետք է ընդամենը ծառայություններ մատուցենք զբոսաշրջիկներին, Հայաստանի վրայով արևելքից արևմուտք և հակառակը երթևեկողներին: Խոսք չկա բարձր ինդուստրիալ տնտեսության, արդյունաբերության, գիտության մասին»,-հավելում է մեր զրուցակիցը:

Փաստում է՝ սպասելիքներ ներկա կառավարությունից կամ այն մարդկանցից, որոնք որոշումներ կայացնող են այսօրվա կրթության համակարգի ուղղությամբ՝ դա լինի հանրակրթությունը, բարձրագույն կրթությունը, թե գիտությունը, չենք կարող ունենալ: «Իրավիճակը կարելի է գոնե կայունացնել, մի քիչ շտկել միայն այն պարագայում, երբ փոխվեն որոշում կայացնողները: Նրանք պետք է կրթության ոլորտում որոշակի հետագիծ ունեցած մարդիկ լինեն, պետք է բարձրացնել որոշումների կայացման կոմպետենտության մակարդակը, որպեսզի կարողանանք որոշակի փոփոխություններ ունենալ և արձանագրել հաջորդ տարվա ընթացքում: Սա է իմ միակ ցանկությունը և նաև պայքարի ուղին, որովհետև հասկացանք՝ ուրիշ ձևով՝ համոզելով, անընդհատ խոսելով, ցույց տալով ուղիները, նույնիսկ նախագծեր մշակելով և ներկայացնելով, որևէ արդյունք, ցավոք, չենք կարողանում գրանցել: Միակ ելքը մնում է որոշում կայացնողներին փոխելը»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Գերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. Politico Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանում Chanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Քրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Հայկական ծագումով ֆրանսիացի նկարիչը ստեղծել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված շախմատի տախտակ՝ այն նվիրելով իր տատիկի և պապիկի սիրու ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պшտերազմի սկզբից ի վեր Իրանում առնվազն 21 մարդ է մшhապատժի ենթարկվել, իսկ ավելի քան 4,000-ը՝ ձերբшկալվել Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է Ինչու որոշ տղամարդիկ չեն սիրում ամուսնական մատանիներ կրել Իրանում hակամարտnւթյան 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների ծախսերը վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով. ֆոն դեր Լայեն Արդեն ապացուցել ենք՝ ինչի ենք ընդունակ ցանկացած մարզադաշտում. Արտետան զգուշացնում է «Ատլետիկո»-ին 21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները ԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն
Ամենաընթերցվածները