Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր դեկտեմբերի 10ն է. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հեռավոր 1948 թվականի այդ օրը ՄԱԿի Գլխավոր ասամբլեան ընդունել է մեր ժամանակների թերևս ամենից կարևոր, ամենից մարդասիրական, բայց ամենից... անտեսված ու ոտնահարված փաստաթուղթը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»: Բայց մեր ասելիքը հիմա այդ հռչակագրի դրույթների մասին չէ, այլ հենց մարդու իրավունքների, ինչպես հիմա շատ մեկնաբաններն են սիրում ասել՝ «գետնի վրա», այն է՝ իրականության մեջ: Ու երբ նայում ենք այս ամենին իրականության պրիզմայով, տեսնում ենք, որ մարդու իրավունքները վերածվել են մարդու... չիրավունքների:
 
Սկսենք խոշոր, աշխարհում տարբեր գործընթացներ հարուցող ու մեծ ազդեցություն ունեցող տերություններից, որոնց նախաձեռնությամբ էլ, ի դեպ, Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունվեց ՄԱԿի այդ հիմնարար փաստաթուղթը: Այսպես կոչված՝ «հավաքական Արևմուտքը» ներկայացնող տերությունները, «ժողովրդավարության փարոսները» իրենց գործողություններով ու քաղաքական որոշումներով գրեթե ամեն օր ապացուցում են, որ «մարդու իրավունքներ» ասվածն ընդամենը հարմար քաղաքական գործիք է, ոչ ավելին: Ցավալի է, բայց տասնամյակների ընթացքում արմատապես այլասերվել է «մարդու իրավունքների» նկատմամբ հիշյալ կանոնները սահմանող տերությունների վերաբերմունքը... Այ, երբ իրենց պետք է, ասենք՝ որևէ երկրի իշխանության վրա ճնշում բանեցնելու համար, նրանք հիշում են, որ, առհասարակ, մարդու իրավունքներ էլ կան, որոնք իրենց ֆինանսական ու նյութական շահերին դիպչող այս կամ այն երկրի կառավարությունը խախտում է:
 
Իսկ երբ իրենց համար ֆինանսական, աշխարհաքաղաքական, նյութական շահերի առումով խնդիր չկա, ապա... «մարդու իրավունքներ» էլ չկան: Ի՞նչ տեսք ունի դա իրականության մեջ: Քավ լիցի, շատ հեռուներ չարժե գնալ ո՛չ պատմական, ո՛չ էլ՝ աշխարհագրական առումով: Վրաստանի ներկայիս իշխանությունը սեփական պետությունն ու ժողովրդին պատերազմական աղետներից հեռու պահելու համար չի՞ ցանկանում «հավաքական Արևմուտքի» պատվերը կատարել, ուրեմն՝ հակաժողովրդավարական է, ոտնահարում է մարդու իրավունքները: Հասկանալի է, արևմտյան լրատվամիջոցները նրանց՝ վրացական իշխանություններին ներկայացնում ու նկարագրում են որպես մի աներևակայելի մարդատյացների, որպիսիք այս վայրենի աշխարհում մինչ օրս, իբր, չեն եղել:
 
Բայց, ահա, այդ նույն «մարդասեր» տերությունները բացարձակապես ոչ մի խնդիր չունեն, օրինակ՝ պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի հետ համագործակցելու, նրան «բարևբարլուս» ասելու հարցերում, որովհետև... նրանից նավթ ու գազ են գնում, ձեռքի հետ էլ՝ նավթադոլարներ ու կասպիական սև ձկնկիթ են ստանում: Հա, Ադրբեջանը դասական դինաստիական բռնապետություն է, այնքան բացահայտ, որ մեկմեկ «մարդասեր», «ժողովրդավար» երկրներն արտահայտվում են, բայց նրանք էլ, Ալիևն էլ հրաշալի գիտեն, որ դա մյուսների համար է, «խաղի կանոնների» բաղկացուցիչ մաս: Մեկ այլ օրինակ՝ ոչ պակաս թարմ. Վրաստանում վերջին ցույցերի ժամանակ ցուցարարները ամենևին էլ խաղաղ չէին, դա բոլորը տեսան: Անգամ երկրի խորհրդարանի շենքը հրկիզեցին (դա, մեծ հաշվով, իրենց ներքին գործն է, դրա մասին չէ խոսքը): ԱՄՆ հեռացող վարչակազմը, ԵՄ ղեկավարությունը քննադատեցին ու դատափետեցին... իշխանություններին:
 
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկանական սանձարձակությունների դիմեց բացառապես խաղաղ, անզեն ցուցարարների դեմ, բեկորային նռնակներով վիրավորվեց 100 մարդ: Ու ԱՄն դեսպանը, ԵՄ ներկայացուցիչները... խրախուսեցին իշխանություններին, իսկ խաղաղ ցուցարարներին գրեթե դատապարտեցին: Շատ ենք խոսել այս քաղաքական փարիսեցիության, այդ երկերեսանիության մասին: Բայց այս դեպքում ո՞րն է հարցը: Իսկ հարցն այն է, որ «մարդու իրավունքները» մնացին տրորտակ ու անշունչ ընկած՝ այդ իրավունքներն ու ազատություններն ըստ հարմարության թափահարող տերությունների նյութաքաղաքական շահերի ներբանների տակ: Ու վերածվեցին մարդու... չիրավունքների: Հետևություն՝ շատերն իրավունքներից վեր են, խոսակցականով ասած՝ «ծալած ունեն»...
 
Նույնն է նաև ազգերի, ժողովուրդների իրավունքների դեպքում: Որոշ ազգերի ու ժողովուրդների դեպքում, պարզվում է, «իրավունքները» գործում են: Մյուսների դեպքում՝ ի՜նչ իրավունք, ի՜նչ բան: Ո՞ւմ են այսօր հուզում ամերիկյան ավիահարվածներից զոհված ու հաշմված սերբերի իրավունքները, ո՞ւմ են այսօր հետաքրքիր կոալիցիոն հարվածների տակ քարուքանդ արված Իրաքի միլիոնավոր բնակիչների խեղված ճակատագրերն ու իրավունքները, ո՞ւմ են հետաքրքիր հենց այս օրերին փլուզված Սիրիայի միլիոնավոր բնակիչների իրավունքները, կամ՝ Լիբիայի, կամ՝ Լիբանանի, կամ՝ Գազայում Իսրայելի կողմից կոտորված արաբ երեխաների իրավունքները... Իսկ ո՞ւմ հուզեց մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի 150 հազար հայության՝ սեփական հայրենիքում, սեփական բազմահազարամյա բնօրրանում ապրելու և արարելու իրավունքը: Ո՞ւմ հետաքրքրեց Արցախի հայաթափումը: Գործնականում ոչ մեկին, անգամ... Հայաստանի կառավարություն (իշխանություն) կոչվող խմբին:
 
Ի դեպ, հեռավոր 1991 թվականի դեկտեմբերի 10ին տեղի է ունեցել նաև Արցախի հայության ինքնորոշման հանրաքվեն՝ այն ժամանակվա գործող բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան, ավել ին՝ ԽՍՀՄ պատգամավորների դիտորդական ներկայությամբ: Այսինքն, օրացույցի այս օրը նաև այդ առումով է մեզ համար հիշարժան: Այո, կան մարդու իրավունքներ: Ու մարդու իրավունքների հիմնարար աղյուսները գալիս են պատմության խորքերից, դեպի մարդն ու մարդկային հոգու փրկությունն ուղղված ուսմունքներից: Այդ ամենը կա: Բայց այսօր առարկայորեն կան և կոլեկտիվ ու անհատական բռնությունները, պատերազմների ու հայրենազրկման սպառնալիքները, կան քաղաքական ելուզակություններն ու բազմերեսանիությունը: Եվ այդ պայմաններում այս իրականության մեջ անհնար է իրավունք ունենալու իրավունքը ձևակերպել ավելի հակիրճ ու համընկալելի, քան դա արել է Գարեգին Նժդեհը. «Ուժն է ծնում իրավունք»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Թրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ Bloomberg Հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիր Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը
Ամենաընթերցվածները