Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին. ի՞նչ վտանգներ են նրանց սպառնում ապագայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 2024 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25 տոկոսով ավելի է, քան 2023 թ. նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։ Մասնագետներից շատերի համոզմամբ, այս արդյունքն առավելապես պայմանավորված է արտաքին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած որոշակի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, տնտեսագետները ահազանգում են, որ երբ նույն արտաքին գործոնները չեզոքանան, դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ բանկային ողջ համակարգի վրա: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ հատկապես վերջին տարիներին բանկային շահույթների կուտակման մեջ էական ազդեցություն են ունեցել վարկային տոկոսադրույքները, փոխարժեքային տարբերությունների շահույթները, տրանսֆերտների՝ դրսից փոխանցումների արդյունքում միջնորդավճարները:
 
«Եթե արտաքին գործոնները վերանում են, միջնորդավճարների մասնաբաժինը կամ կանխիկացման գումարները վերանում են, այսինքն՝ դա ռեալ վտանգի տակ է գտնվում: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումներ են լինում, այդ փոխանցումներից հետագայում երրորդ երկրներ փոխանցելու էական, որոշ դեպքերում նույնիսկ մինչև 10 տոկոս միջնորդավճարների գանձում է տեղի ունենում: Համարենք, որ շահույթի իրենց տեսակարար կշռի մեջ դրանք բացակայում են, բնականաբար, արդեն կունենան էական խնդիրներ: Հաջորդ խնդիրը, որը և՛ կապված է արտաքին գործոնների հետ, և՛ ներքին գործոններով է պայմանավորված, վարկային տոկոսադրույքներն են: Ինչքանո՞վ է կապված արտաքին գործոնների հետ, որովհետև ռուսուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի ունեցավ էական աշխուժություն, այսինքն՝ մեր հայրենակիցները բնակարանային ձեռքբերումներ էին իրականացնում, շինարարությունն էապես ավելացավ: 
 
 Իհարկե, շինարարության ծավալների ավելացման վրա այլ գործոններ ևս կային, բայց այժմ տեղի է ունենում էականորեն կրճատում ու դանդաղեցման միտում: Դրանք շատ խիստ ազդելու են բանկերի շահութաբերության վրա՝ ընդհուպ մինչև նոր սկսվող, կառուցապատվող շինարարության ոլորտում վարկերի սպասարկման դժվարություններ, հետևաբար արդեն բանկերի կողմից անհավաքագրելիություն, բաշխած վարկերի, հիփոթեքային վարկերի դժվարություններ, քանզի մարդիկ կա՛մ դանդաղում են, կա՛մ այլևս հրաժարվում են օգտվել հիփոթեքային վարկերից: Մնալու են բացառապես սպառողական վարկերը, որոնց հաշվին բանկերը երբևէ չեն էլ կարողանում գոյատևել, դա ավելի շատ վարկային կազմակերպությունների գործունեության ոլորտն ու դաշտն է: Եթե արտաքին գործոնների չեզոքացումը շարունակվի այսպիսի միտումով, բանկերը կանխատեսում են, որ լուրջ դժվարությունների առաջ կարող են կանգնել», - ասում է մեր զրուցակիցը:
 
Իսկ ինչպե՞ս է բանկերի շահույթն արտացոլվում տնտեսության մեջ: Թե՞ այդ շահույթներն, այսպես ասած, «տուն են տանում»:
 
«Բանկերի սեփականատերերն են որոշում և ազատ են իրենց որոշումների մեջ, օրինակ՝ շահույթը ներդնել Հայաստանի Հանրապետության մեջ, թե ոչ: Շատ դեպքերում նրանք կրկին վարկերի տեսքով ներդրում են կատարում, այսինքն՝ ոչ թե շահույթի բաշխում է տեղի ունենում, և դա գնում է տնտեսության այլ ոլորտ, այլ բանկային ոլորտում շահույթը վարկերի տեսքով ներդրում է կատարվում, վարկի տեսքով դուրս է գալիս շուկա: Հետևաբար՝ բանկերի շահույթներից էական ներդրում և Հայաստանում կապիտալ ծախսի ավելացում տեղի չի ունենում և էական տնտեսական խթան, արտացոլում չի լինում», - եզրափակում է Նաիրի Սարգսյանը:
 
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ հիշեցնում է, որ 2022 թ.ից սկսած ռուսուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանը դարձավ ռուսական պատժամիջոցների շրջանցման երկիր: «Դրան նաև իր մասնակցությունն ունեցավ Հայաստանի բանկային համակարգը, և վճարումները, կանխիկացումները, արտասահմանի գումարների տեղափոխումը իրականացվեցին Հայաստանի բանկերի միջոցով: Նրանք բավականին բարձր սակագներ սահմանեցին ռուսների և ոչ ռեզիդենտների բանկային հաշիվների բացման, կանխիկացման համար: Նույնիսկ ավանդների պարագայում նրանց ավելի ցածր տոկոս էին տրամադրում, քան հայաստանցիներին: Միայն դրա հաշվին Հայաստանի մի շարք բանկեր բավականին մեծ շահույթներ կարողացան ստանալ, հնարավորություն ունեցան էժան գումարներ հավաքագրել և թանկ վարկի տեսքով տրամադրել բիզնեսին և հանրությանը: Պատահական չէ, որ այս տարվա առաջին ինն ամսվա հաշվարկով 268 մլրդ դրամ զուտ շահույթ կա: Հայաստանի բանկերը վերջին երեք տարվա ընթացքում միջինում 250 միլիարդ դրամ մաքուր շահույթ են գեներացրել: Երեք տարվա ընթացքում այնքան գումար են վաստակել, որքան նախորդող յոթութ տարվա ընթացքում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:
 
Միևնույն ժամանակ Պարսյանը նշում է, որ բանկերն արձանագրում են իրենց դինամիկ աճը, ինչը չենք կարող ասել նրանց վճարած հարկերի մասով. «Պետք է քննարկենք բանկային համակարգը լրացուցիչ հարկելու մեխանիզմների մասին: Տարիներ շարունակ բանկային համակարգը գեներացնում է մեծ շահույթներ, բայց վճարում է նույն դրույքաչափերը: Բանկային համակարգի նկատմամբ բավականին մեղմ վերաբերմունք են ցուցաբերում, ինչն ընդհանուր տնտեսության համար ճիշտ չէ և պետական բյուջեի քաղաքականության տեսանկյունից էլ արդարացված չէ»։
 
Մենք ձեռնպահ ենք մնում կոնկրետ բանկերի անուններ նշելուց՝ հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ամբողջ համակարգին, սակայն այս թեման հետագայում ևս մնալու է մեր ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ մասնավոր օրինակների հիման վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները