Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե տարիներ առաջ Թուրքիան ասոցացվում էր որպես Արևմուտքի կցորդ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ապա ներկայում լիովին այլ իրավիճակ է։ Թուրքիան փաստացի դարձել է ինքնուրույն դերակատար, որը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ փորձելով իր ազդեցությունը տարածել տարբեր ուղղություններով։ Ու այս հարցում Անկարան օգտագործում է սեփական երկրի առանցքային աշխարհագրական դիրքը, քանի որ այն գտնվում է Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի խաչմերուկում, իսկ Սև ծով մտնող նեղուցները գտնվում են թուրքական վերահսկողության ներքո։ Եվ ուշագրավ է այն իրողությունը, որ արևմտյան ռազմաքաղաքական խմբավորման անդամ լինելով հանդերձ՝ Թուրքիան մի շարք ուղղություններով համագործակցում է Ռուսաստանի հետ նույնիսկ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ռազմական ու ատոմային էներգիայի ոլորտները։
 
Բայց պետք է նկատի ունենալ, որ ռազմաստրատեգիական առումով այս երկու երկրները մրցակիցներ են միմյանց։ Ու վաղ թե ուշ նրանց շահերը մի շարք կարևորագույն հարցերում ուղղակի բախվելու են։ Իսկ հակասությունների սրացման համար կան բոլոր պայմանները, քանի որ Անկարան շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, բայց դրա հետ մեկտեղ ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել։ Դրանով է պայմանավորված, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարում է, թե Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի հակասությունը տեսանելի է նաև Սիրիայի հարցում։ Մոսկվան աջակցում է Ասադի ղեկավարած կառավարությանը, իսկ Թուրքիան ոչ միայն աջակցում է հակաասադյան ուժերին, այլև թուրքական զորքերը քրդական անջատողականների դեմ պայքարի անվան տակ պարբերաբար ներխուժում են Սիրիայի տարածք ու դուրս չեն գալիս։
 
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հատման կետ կարող է դառնալ նաև Հարավային Կովկասը։ Թուրքիային հաջողվել է ամբողջությամբ հաստատվել Ադրբեջանում, իսկ Վրաստանում մեծ է թուրքական կապիտալի ազդեցությունը։ Մնում է, որ Թուրքիան հաստատվի նաև Հայաստանում ու դուրս մղի Ռուսաստանին Հարավային Կովկասից։ Ուստի, Ռուսաստանը պետք է միշտ նկատի ունենա այս հանգամանքն իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս։ Մյուս կողմից՝ Թուրքիան նպատակ ունի նաև տարածաշրջանից դուրս մղել Իրանին։ Պատահական չէ, որ Իրանը պարբերաբար հայտարարում է, թե դեմ է տարածաշրջանի երկրների ճանաչված սահմանների փոփոխությանը և կանխում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Թեհրանի շահերին դեմ է պանթուրքական ծրագրերի իրականացումը, որը կարող է ճանապարհ բացել զգալի թյուրքախոս բնակչություն ունեցող Իրանի քայքայման համար։ Թուրքիայի ու Իրանի մրցակցությունը պայմանավորված է նաև մահմեդական աշխարհում գերակա դիրքեր ստանձնելու ձգտումների հանգամանքով։
 
Ու, ընդհանրապես, Իրանում խոր անվստահություն կա Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ։ Պատահական չէ, որ վերջերս Թեհրանը հայտարարեց, թե Թուրքիան նախագահ Ռաիսիի ուղղաթիռի որոնումների ժամանակ ավելի շատ փորձել է գովազդել իր ԱԹՍ-ն, քան օգնել։ Թուրքիան փորձում է դուրս գալ նաև Արևմուտքի նախանշած սահմաններից, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում է օգտվել արևմտյան ռազմաքաղաքական բլոկի անդամ լինելու իր լծակներից։ Ընդհանրապես, Թուրքիան տեխնոլոգիաներ ձեռք բերելու տեսանկյունից ցանկանում է Արևմուտքից օգուտներ ստանալ։
 
Անկարան ձգտում է առաջին հերթին ձեռք բերել ռազմական տեխնոլոգիաներ, ապա դրա հիման վրա ստեղծել իր ռազմարդյունաբերությունն ու գերժամանակակից զենքերը։ Նկատի ունենանք, որ արևմտյան տարբեր տեխնիկական մասեր ձեռք բերելու արդյունքում էր, որ թուրքական ընկերությանը հաջողվեց ստեղծել «Բայրաքթար» ԱԹՍ-ները, գովազդել դրանք ու վաճառել տասնյակ երկրների։ Բայց խնդիրը լուրջ է հատկապես կործանիչ ավիացիայի հարցում։ Թուրքական F-16 կործանիչներն արդեն հին են, քանի որ ժամանակակից աշխարհում ռազմական տեխնոլոգիաները մեծ արագությամբ զարգանում են։Ռուսական C-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու ադյունքում ԱՄՆ-ը Թուրքիային դուրս է թողել F 35 կործանիչների ծրագրից, այնինչ Վաշինգտոնում խնդիր չեն տեսնում Հունաստանին այդ կործանիչների տրամադրման հարցում, ինչի արդյունքում ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ Հունաստանի։
 
Ուստի, Թուրքիան փորձում է մի կողմից՝ ԱՄՆ-ից ձեռք բերել F-16 արդիականացված կործանիչներ, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական Eurofighter Typhoon կործանիչներ։ Սակայն եվրոպական ծագման կործանիչները ձեռք բերելու հարցում առանցքային է դրանց կառուցման ծրագրի շրջանակներում ընդգրկված բոլոր երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի համաձայնությունը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ Թուրքիային հնարավոր Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Բրիտանիայի կողմից և գտնվում է վաղ փուլում։ Շոլցի խոսքերից կարելի է ենթադրել, որ Գերմանիան թույլ չի տալիս, որ գործարքի իրականացման հարցում առաջխաղացում տեղի ունենա։
 
Խնդիրն այն է, որ Գերմանիան ու Թուրքիան մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն։ Այդ տարաձայնությունները վերաբերում են քրդական խնդրին, Հունաստանի թեմային ու Գազայում ընթացող պատերազմին։ Գաղտնիք չէ, որ Գերմանիան աջակցում է Իսրայելին, իսկ երբ Թուրքիան նոր կործանիչներ ձեռք բերի, կարող է խնդիրներ ստեղծել նաև Իսրայելի համար։ Այնպես որ, ժամանակի ընթացքում Թուրքիայի աճող հավակնությունները տարբեր կողմերից դիմադրության են հանդիպում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները