Վրաստանի ընտրությունների տարածաշրջանային մոդելավորումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից առաջ սպասվում էր, որ դրանք վճռական նշանակություն են ունենալու տարածաշրջանային գործընթացների վրա՝ մանավանդ որ Հարավային Կովկասում շատ փխրուն իրավիճակ է ստեղծվել։ Ի վերջո, «Վրացական երազանքը» 2012 թվականից սկսած չորրորդ անգամ հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 54 տոկոսը։ Իսկ ինչո՞ւ էր հատկապես կարևոր հենց այս անգամվա ընտրությունը։ Խնդիրն այն է, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Վրաստանին հաջողվում էր զերծ մնալ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման կիզակետում հայտնվելուց՝ այն պարագայում, երբ բազմաթիվ անգամներ փորձեր են կատարվել Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ։
 
Ու ինչքան էլ Արևմուտքից մեծ ջանքեր էին գործադրում Վրաստանին ամբողջությամբ իրենց դաշտ բերելու ուղղությամբ, որպեսզի դրա միջոցով հարվածեն Ռուսաստանին, այդ ջանքերը վրացական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ապարդյուն էին անցնում։ Միաժամանակ, Վրաստանը չի գնում նաև Արևմուտքի ու Եվրոպայի հետ կապերի խզման։ Վրացական իշխանությունները հայտարարում են, թե իրենց երկիրը տեսնում են եվրոպական ինտեգրացիոն համակարգում՝ ԵՄ անդամակցության շրջանակում, բայց ինքնիշխան կարգավիճակում, այլ ոչ թե կախյալ։ Այս պարագայում նաև տնտեսական առումով են բարենպաստ պայմաններ բացվել Վրաստանի առաջ, քանի որ այդ երկիրը, չնայած Արևմուտքից հնչող պատժամիջոցների սպառնալիքներին, տնտեսական առումով շարունակում է համագործակցել ինչպես արևմտյան գործընկերների, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ արձանագրելով էականորեն բարձր տնտեսական աճ։
 
Գաղտնիք չէ, որ իր հարևան Ռուսաստանի հետ փոխգործակցությունը ահռելի տնտեսական օգուտներ է բերում Վրաստանին։ Իսկ եթե հանկարծ Վրաստանը ոչ հավասարակշիռ քաղաքականություն վարեր ու, օրինակ՝ պատերազմի մեջ մտներ Ռուսաստանի դեմ, ապա վրացական տնտեսությունը մեծ հարված կստանար՝ մնալով Արևմուտքից եկող օգնության հույսին։ Ուստի, Վրաստանի ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց հավասարակշիռ քաղաքականություն վարող քաղաքական թիմին։ Եվ, փաստացի, նախկին նախագահ Սաակաշվիլիի քաղաքական գիծը սպասարկող արևմտամոլ ուժերը պարտվեցին, որոնք ընտրություններից առաջ ներկայացնում էին, թե շռնդալից հաղթանակ են տանելու։ Ճիշտ է, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին հետաքննել խորհրդարանական ընտրությունների խախտումները, սակայն այդ խախտումների հետաքննությունն էական դերակատարություն չի կարող ունենալ ընտությունների արդյունքների վրա, քանի որ «Վրացական երազանքը» հաղթանակ է տարել զգալի առավելությամբ։
 
Բայց ընդդիմադիր կուսակցությունները չեն համակերպվում գրանցված արդյունքների ու իրենց պարտության հետ, դրա համար էլ հայտարարել են, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները ու չեն մասնակցելու նորընտիր խորհրդարանի աշխատանքներին։ Ընտրությունների արդյունքները չեն ճանաչում այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կամ հազիվ 10 տոկոս քվե են ստացել, կամ նույնիսկ այդ 10 տոկոսը չեն ստացել։ Ու ընդդիմադիր ուժերի ձայները գումարային հաշվարկով կազմել են ընդամենը 37 տոկոս։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք որևէ շանս չունեն։ Այնինչ, վրացական «արևմտյան» ընդդիմությունը հույսեր է կապում, թե Արևմուտքի մեծ աջակցության արդյունքում իրենք կարող են եղանակ փոխել երկրում մեկ այլ ճանապարհով՝ բողոքի ակցիաների ու խժդժությունների հրահրման միջոցով։ Իսկ իշխանությունները հավաստիացնում են, որ խժդժությունների հրահրման փորձերը կոշտ արձագանքի կարժանանան։ Բայց պետք է նկատի ունենալ, որ վրացական ընդդիմության դիրքերը կարող են առաջիկայում զգալիորեն թուլանալ, հատկապես երբ նկատի ենք ունենում, որ հավանական է՝ ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի թեկնածուներից Դոնալդ Թրամփը։
 
Թրամփի թիմն ավելի շատ պահպանողական քաղաքական դիրքավորում ունեցող քաղաքական ուժերի հետ համագործակցության փորձ ունի, և լիբերալ ուժերը նրա դեմ են աշխատում։ Բացի այդ, վերջինիս նախագահության տարիները ցույց տվեցին, որ նա ավելի շատ կենտրոնանում է ներամերիկյան խնդիրների վրա՝ մասնավորապես անլեգալ ներգաղթի դեմ պայքար, տնտեսության խթանում և այլն, քան արտաքին աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման։ Իսկ ԱՄՆ-ի կողմից իզոլացիոնիստական արտաքին քաղաքականությունը ենթադրելու է, որ Հարավային Կովկասում Արևմուտքի դիրքերը թուլանալու են, քանի որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի գործուն աջակցության ի վիճակի չէ ապահովել իր ազդեցության ընդլայնումը։ Սա իր հերթին ենթադրում է, որ տարածաշրջանում ուժեղանալու են Ռուսաստանի դիրքերը։ Ուստի, եթե նկատի ենք ունենում, որ Վրաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է, իսկ Ադրբեջանն իրեն տեղավորել է պրոռուսական գծի մեջ, ապա այս իրավիճակը վճռորոշ է լինելու Հայաստանի կողմնորոշման առումով։ Քանի որ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու միջոցով Հարավային Կովկասում վերջնականապես հաստատվելու մտադրություն ունի, ապա Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի համար կարող է առանցքային դերակատարություն ունենալ Անկարայի պանթուրքական ծրագրերի դեմն առնելու տեսանկյունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները