Տնտեսական քողարկված խնդիրներն ու իշխանությունների ճոխ ծախսերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարիներին գրանցված բարձր տնտեսական աճը հնարավորություն էր տալիս Հայաստանին դրանից ստացված օգուտները ներդնել երկրի արտադրողական ներուժը բարձրացնելու ուղղությամբ։ Ու կառավարությունը կարող էր մի շարք ուղղություններով խթանող քաղաքականություն տանել, բայց այս հնարավորությունն ամեն անգամ բաց է թողնվում։ Ու մինչև հիմա տնտեսությունը շարունակում է մնալ արտաքին գործոնների հույսին։ Հայաստանը դեռ օգտվում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու ՌԴ-ի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում լայն բացված վերարտահանման պատուհանից։ Եթե մի պահ Եվրոպայից տարբեր սարքավորումներ ու տեխնիկա էր մեծ թափով ներկրվում Հայաստան, ապա արտահանվում դեպի Ռուսաստան, ապա Արևմուտքի զգուշացումների պայմաններում հիմա որոշակիորեն ուղղությունը փոխվել է։
 
Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում ներմուծման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 58,7 %, իսկ արտահանման մեծ մասը՝ ԱՄԷ -ին՝ 44,5 %։ Ընդ որում, Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի և ԱՄԷ-ի մասնաբաժինը բարձրացել է, համապատասխանաբար, մինչև 41,4 % և 20,1 %։ Մեկ անգամ չէ, որ տվյալներ են ներկայացվել, թե ինչպես է Ռուսաստանից ներկրված հումքը՝ հիմնականում ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի տեսքով, արդեն վերարտահանվում դեպի ԱՄԷ։ Բայց պարզ է, որ միջազգային իրավիճակը շատ արագ փոխվում է, և հնարավոր չէ տնտեսական աճի ապահովման հարցում հույսը դնել վերաարտահանման պատուհանի բաց մնալու վրա։
 
Մյուս կողմից էլ՝ կենտրոնանալով վերաարտահանման ուղղությամբ՝ տնտեսության մեջ պայմաններ չեն ստեղծվում տեղական պոտենցիալի ավելացման ուղղությամբ։ Դրա համար էլ, ինչպես նշում են տնտեսական ոլորտի մասնագետները, Հայաստանում գրանցվող տնտեսական աճն առողջ չէ և երկար կյանք ունենալ չի կարող. այն ավելի շատ քողարկում է ներքին շուկայում եղած խնդիրները։ Դրա համար էլ նույնիսկ ՀՀ իշխանությունները բավական զգուշավոր են իրենց գնահատականներում։ Եվ 2024 թվականի համար կառավարությունն արդեն 5,8 % տնտեսական աճ է ակնկալում՝ թեև ավելի վաղ հայտարարվում էր առնվազն 7 %-ի մասին։ Աճի տեմպերի նվազման պայմաններում, բնականաբար, լուրջ խնդիր է բյուջեի դեֆիցիտը, որը լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու նաև հաջորդ տարի։ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5,5 %-ի՝ 609 մլրդ դրամի չափով:
 
Եվ բյուջեով պլանավորված ծախսերը կատարելու համար կառավարությունը կգնա իր նախընտրած քայլին ու պարտք կվերցնի՝ անընդհատ ավելացնելով պետական պարտքի առանց այն էլ ծանր բեռը։ Կթողարկվեն պետական պարտատոմսեր, ինչպես նաև վարկեր կվերցնեն միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից։
 
Արդեն իսկ ներկա պահին իշխանությունները աջ ու ձախ միայն վարկեր են ներգրավում, որտեղից հնարավոր է։ Այս տարվա դեկտեմբերի կեսերին էլ Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից 24,5 մլն դոլարի չափով հերթական տրանշը կստանա ՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Պետական պարտքն արդեն գերազանցել է 12 մլրդ դոլարը և երեք ամիսը մեկ մոտ 100 մլն դոլարով աճում է։ Այդ ահռելի ֆինանսական բեռը պետք է նաև կառավարել և հետևողականորեն մարել տոկոսները։ Պատահական չէ, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ամենամեծ մասն ուղղվում է պետական պարտքի տոկոսավճարներին։ Մասնավորապես, կառավարության պարտքի տոկոսներին 2025 թվականին պետք է ուղղվի 394 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2024 թվականին այս ուղղությամբ ծրագրված գումարը 323 մլրդ դրամ է կազմում։ Կարելի է պատկերացնել, թե ինչ արդյունքներ կունենայինք, եթե այս ֆինանսական ռեսուրսները պարտքի մարմանն ուղղվելու փոխարեն ներդրվեին կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում։
 
Պետական բյուջեն լցնելու մյուս եղանակն էլ իշխանությունների համար տարբեր ոլորտներում հարկերի ավելացումն է, որը բարդացնելու է ընդհանուր տնտեսական գործունեության միջավայրը՝ պայմաններ ստեղծելով թանկացումների համար։ Հիմա էլ գործադիրը նախատեսում է բարձրացնել Հայաստան ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերը։ Բնական է, որ դրանից ներմուծողները չեն տուժելու, նրանք հարկի ավելացումից հետո ներմուծված նավթամթերքը թանկացնելու են և սպառողներն են լինելու հիմնական տուժողը։ Բայց զարմանալին այն է, որ երբ« ընդհանուր առմամբ« կանխատեսելի է դեպի պետբյուջե ֆինանսական մուտքերի նվազումը, իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում ձգել իրենց գոտիները, այլև ավելի շռայլ ծախսեր են կատարում՝ ահռելի ոչ անհրաժեշտ գնումներ կատարելով։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները