Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցը, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեկնել իր կողմից այդքան չսիրելի Ռուսաստան, հռետորական չէ, թեպետ կարող էր լինել այդպիսին: Չէ, մենք տեղյակ ենք, իհարկե, որ Փաշինյանն ու, ի դեպ, նաև ԱԳ նախարարը Մոսկվա էին մեկնել մասնակցելու համապատասխանաբար՝ ԱՊՀ ղեկավարների և ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդների աշխատանքներին: Սա՝ պաշտոնական փաթեթավորումը: Մոսկվա էր մեկնել նաև Ալիևը: Ու հենց այստեղ էլ հարցեր են ծագում. նախապես ակնարկվել էր, գրեթե պաշտոնապես, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև ուղիղ հանդիպում չի նախատեսվում: Ավելին, հընթացս պարզ դարձավ, որ Ռուսաստանն առաջարկել է տեղում եռակողմ հանդիպում կազմակերպել՝ Պուտին-Ալիև-Փաշինյան: Սակայն նույնքան արագ էլ հայտնի դարձավ, որ «կողմերից մեկը» չի ցանկացել, որ նման հանդիպում լինի:

Ակնարկներն այնքան թափանցիկ էին, որ դժվար չէ կռահել՝ այս «մի կողմը» Փաշինյանն է: Սա նրա կողմից հակառուսականության հերթական դրսևորումը կարելի է համարել, և տարբեր փորձագետներ, մեկնաբաններ դա այդպես էլ բնորոշում են: Փաշինյանն ու իր թիմը նման մոտեցումը բնորոշում են որպես ինքնիշխանության, «առանց միջնորդների» բանակցությունների դիրքավորում: Սակայն երկու պաշտոնական ընդգծումներն էլ խախուտ են ու չեն դիմանում քննադատության, իսկ որ ավելի վատ է՝ չեն դիմանում բուն իրականությանն ու առկա իրողություններին: Իրականությունն այն է, որ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, եթե բոլորին ամեն ինչ խոստանալն ու իբր «ֆռռացնելն» է, հանգեցրել է այն բանին, որ Հայաստանը կորցնում է սուբյեկտայնությունը:

Ալիևի հետ Փաշինյանի՝ ուղիղ չհանդիպելը տարօրինակ տպավորություն է թողնում այն ելույթների խորապատկերում, որ անընդմեջ ունենում է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը: Մի նման ելույթ էլ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում ունեցավ, որով, անկասկած, բավականին ուրախացրեց Ալիևին ու թուրքերին, առավել ևս՝ ադրբեջանական թուրքերին: Ելույթը կա, հրապարակված է, կասկածողները կարող են ինքնուրույն ընթերցել այդ ճառն ու համոզվել, որ Փաշինյանի ասածի ամբողջ իմաստն այն էր, որ ինքը պատրաստ է տալ, տվել է ու շարունակելու է տալ Ադրբեջանին (թշնամիներին) այն ամենը, ինչ նրանք ուզեն, պատրաստ է միջանցք էլ տալ, տո, եթե կուզեք՝ Հայաստանն էլ կտա, միայն թե իրեն մի թղթի կտոր տան՝ «խաղաղություն» վերնագրով, ու կարևորը՝ իր իշխանավարումը շարունակվի: Դա թույլի, պարտվածի, թշնամու առաջ հրապարակայնորեն նվաստացածի ու նվաստանալ շարունակողի ելույթ էր: Թե բա՝ «տարածաշրջանում խաղաղություն, հաղորդուղիներ...»: Մարդ ինչ աստիճանի պետք է կտրված լինի կամ միտումնավոր ձևանա կտրված, որ ներկա իրավիճակում ինչ-որ տարածաշրջանային խաղաղության մասին դատարկ ելույթներ ունենա: Եվ, ահա, այդքան խաղաղասիրաբար տրամադրված Փաշինյանը, պարզվում է, Ալիևի հետ չի ցանկանում հանդիպել:

Դե, պարզ է, եթե Շառլ Միշելը կամ ԱՄՆ Պետդեպից ոչ մեկը չկա, Փաշինյանը չի ցանկանա: Այ, եթե Պուտինի փոխարեն լիներ Էրդողանը, չկասկածեք, սիրով կհանդիպեր: Լավ է՝ գոնե Պուտինի հետ հանդիպեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ, ամեն դեպքում, ունեցել էր հայ ժողովրդին վերջին 4-5 տարվա մեջ համատեղ ուժերով ահռելի կորուստներ պատճառած Ալիևի ու Փաշինյանի հետ: Ըստ շրջանառված տեղեկությունների, այդ առանձին հանդիպումներում քննարկման առարկաներից մեկը եղել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև խոսվել է հայ-թուրքական, հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահ ուժերն աստիճանաբար Հայաստանի ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու խնդիրը:

Կարճ ասած՝ Հայաստանից ռուսական ուժերին դուրս քշելու թուրքական երազանքի իրականացմանն առնչվող ևս մի հարց: Ամենից հատկանշական, եթե կուզեք՝ առանցքային պահերից մեկը՝ այս մոսկովյան վոյաժի հետ կապված, այն է, որ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը հայտարարեց, որ չի միանում «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Դատելով վերնագրերից ու հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կացությունը, առավել ևս՝ Փաշինյանի «ինչ-որ թուղթ» ստանալու սևեռումը, առավել ևս տարօրինակ է, որ այդ փաստաթղթերին ՀՀ-ն չի միացել: Չնայած, Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի այդ ո՞ր մի քայլն է տրամաբանական, որ այս մեկը լիներ: Բայց այստեղ էլ որոշակի «տրամաբանություն» կա. դա Փաշինյանի իշխանության կողմից արևմտյան շահերի սպասարկումն է՝ ի վնաս Հայաստանի շահերի: Այս չմիանալը գործնականում ցուցադրական դեմարշ էր Պուտինի ու Ռուսաստանի դեմ: Այստեղ էլ, ահա, պարզվում է հարցի բուն պատասխանը, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը մեկնել Մոսկվա ու իր հետ տարել Արարատ Միրզոյանին:

Նրանք այնտեղ էին մեկնել մյուս ներկաների ու հատկապես Ալիևի ֆոնին կտրուկ հակառուսականությամբ առանձնանալու նպատակով: Հո հենց այնպե՞ս չէր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, մի տեսակ ձեռառնողական տոնայնությամբ, հետաքրքրվում էր Արարատ Միրզոյանից, թե Հայաստանում կա՞ այն երևույթը, երբ երեխաները իրենց շան տեղ դրած, չորեքթաթ են քայլում... Չկասկածեք, նման հարթակներում ու այդ մակարդակի վրա երբեք ոչ մի պատահական բան չի ասվում: Ինչպես, բնականաբար, պատահական չէր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դինամիկ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը: Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի: Սա, ինչպես ռուսները կասեին, նուրբ ակնարկ է՝ խոշոր հանգամանքների վերաբերյալ: Այո, կարող է 14-16 միլիարդի հասնել: Իսկ կարող է և չհասնել: Սա ակնարկ է, թե ինչ չափով է Հայաստանը տնտեսապես շաղկապված ռուսական տնտեսության հետ, և ինչեր կարող են լինել, եթե Արևմուտքի ցուցումով Փաշինյանը խզի այդ հարաբերությունները:

Ի դեպ, Արևմուտքին էլ արդեն 12 միլիարդ դոլար են պարտք... Հա, քիչ էր մնում մոռանայինք, Փաշինյանը Մոսկվա էր մեկնել նաև... հեծանիվ քշելու համար: Ճիշտ է, դերասանական ցուցադրությունը ձախողվեց, քանզի ինչ-որ «չուզողներ» հեռվից նկարել էին, որ Փաշինյանի մոսկովյան հեծանվավազքի համար գետափնյա փողոցն էր փակվել, իսկ նրան էլ ուղեկցում էին երկու «թիկնապահային» հեծանվորդ, 7-8 թիկնապահական ավտոմեքենաներ, չհաշված՝ ճանապարհային ոստիկանությունն ու ռեանիմոբիլը: Կարելի է, հարկավ, մի սալ յուտ էլ այդ առթիվ «խփել», բայց իրականում տխուր է: Իսկ այն, որ պետության ղեկավար համարվողը տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշելու կոլեկցիոներ է, արդեն ոչ թե տխուր է, այլ օնլայն ռեժիմով ծավալվող ողբերգություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Գիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիան Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ) Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում Ուկրաինայի ԶՈւ մարդկային կnրուստը վաղուց գերազանցել է 1 միլիոնը և շարունակում է աճել. Լավրով Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` նոյեմբերի հաշվետվությունը Ես մեր գործարարներին քաջալերում եմ, որ իրենք գան և քաղաքականությանը «աբգոն» անեն․ Փաշինյան 2029 թվականին Մեծ Բրիտանիայում կհայտնվի առաջին աերոտաքսին Նոստրադամուսի մարգարեությունները 2026 թվականի համար՝ պատերազմներ, ճգնաժամեր և վերածննդի հույս Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին «Նույնիսկ սև գույնով եղիր լույսը». Հասմիկ Կարապետյանի նոր ֆոտոշարքը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանափոխվել է Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ»
Ամենաընթերցվածները