«Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեսուներեք տարի առաջ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Տոնական օրերը, հատկապես մեր երկրի հետ տեղի ունեցած ողբերգություններից հետո՝ պատերազմներ, Արցախի հայաթափում, կարծես առիթ դառնան անցած ճանապարհը վերարժևորելու, թույլ տված սխալները շտկելու և պատմության անիվը կրկին շրջելու համար: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ օրն իր մեջ հակասական զգացողություններ է պարունակում:

«Մի կողմից՝ հարյուրամյակներ շարունակ Արցախում միշտ հայը բնակվել է, իսկ վերջին երեսուն տարվա ընթացքում նշում էր իր անկախության, իր ծննդյան օրը, և այսօր, կարծես թե, այս ամենը փլուզվել է, և հուսահատություն ու տխրություն կա, մյուս կողմից՝ այն զգացողությունը կա, որ այս ամենը չի կարող այսպես ավարտվել և երկար տևել, դա քո մեջ առաջացնում է վերաիմաստավորելու, անցյալը քննելու, ինչու չէ, նաև սխալները վերհանելու և դրանց լուծում տալ փորձելու անհրաժեշտություն, քանզի պատմական արդարությունը պետք է վերականգնվի, և ուժի սպառնալիքի, ցեղասպանության վտանգի տակ հայաթափված Արցախը պետք է նորից վերադարձվի հայերին: Դա պետք է լինի շատ արագ, չի կարող մի ողջ ժողովուրդ 21-րդ դարում բոլորի աչքի առաջ տեղահանվել, կտրվել իր արմատներից, և դա այդպես հանգիստ անցնի, գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Արցախի անկախության նախօրյակին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Արցախի Հանրապետության լուծարման մասին՝ ասելով, թե ինքը չի ստորագրել այդ փաստաթուղթը և անգամ տեղյակ էլ չի եղել տեղի ունեցող իրադարձություններից: Ամբողջ պատասխանատվությունը կրկին դրվեց Արցախի իշխանությունների վրա, նա մոռացավ հիշեցնել, որ տարիներ ի վեր Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը: «Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները, ցավոք, իրենց իշխանության գալու օրվանից որդեգրել են մեղքն ուրիշի վրա բարդելու քաղաքականությունը և ցանկացած գործողություն անելուց հետո նրանց հիմնական խնդիրն է, թե այս անգամ ում գտնել՝ որպես քավության նոխազ: Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2023 թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում, հենց այդ ամսվա իրադարձությունների պտուղը չէին, այլ 2018 թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած հակահայ քաղաքականության, որը բերեց նման ավարտի»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է մի քանի իրադարձություն: ««Հեղափոխության» ավարտից մի քանի օր անց դրա ջատագովները այդ «հեղափոխությունն» ավելի բարձր էին դասում, քան մեր երեսուն տարվա ազատամարտը: Դրանից հետո այս իշխանությունները սկսեցին հայտարարել, որ ամեն ինչ սխալ է, և իրենք սկսում են բանակցություններն իրենց զրոյական կետից: Այնուհետև պատերազմն էր, որտեղ որևիցե կերպ չտեսանք հաղթելու ցանկություն ունեցող իշխանություն: Դրանից հետո Պրահայում հայտարարություն, որ Արցախն Ադրբեջան է և վերջ: Նման բազմաթիվ հանգամանքների արդյունքը, բնական է, լինելու էր այն, ինչ տեսանք: Երևի նույնիսկ Ալիևի մտքով չէր անցնում, որ կարելի է երեք-չորս օրվա ընթացքում դատարկել Արցախը: Այսքանից հետո, եթե այս իշխանությունները ցանկանում են այդ մեղավորությունը շեղել ինչ-որ մեկի վրա, ապա դա ուղղակի հանցագործություն է, որովհետև չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք»,-ընդգծում է Հակոբյանը:

Արցախը վերադարձնելու և Արցախ վերադառնալու մտքերն առաջնային են շատերիս համար, սակայն Արցախ վերադառնալու և այնտեղ բնակվելու համար արցախցին պետք է երաշխիքներ ունենա: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ հարցն այն տարբերակով, որով ներկայացվում է, հակասում է Հայաստանի պետական շահերին, այն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին: Ուղղակի և անուղղակի հայտարարություններով նա հերթական անգամ մոռացության է տալիս Արցախյան հարցը և փակում այնտեղ վերադառնալու հույսի դուռը: «Նիկոլ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ բազմիցս նաև ուղղակիորեն է հայտարարել, որ Արցախի հարցն իր համար փակված է, մասնավորապես՝ երկրի ղեկավարը հայտարարել է, որ իր հայրենիքի մի մասը համարում է հարևան պետության անքակտելի մաս: Խոսել Արցախի հարցի մասին և դա ինչ-որ կերպ կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կամ Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգելու հետ, պարզունակ մանիպուլյացիա է:

Նույնպիսի մանիպուլ յացիա է, երբ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում բնակիչների ներկայությամբ հայտարարեց, որ եթե հիմա դուրս գամ ու ասեմ, որ սահմանազատմանը համաձայն չենք, պատերազմ կսկսվի: Նման գործողություններով Նիկոլ Փաշինյանն ահաբեկում է սեփական ժողովրդին իր պլաններն իրագործելու համար: Ինչ վերաբերում է Արցախի հարցին: Այնտեղ դարերով ապրել է հայը, դա համարվում է մեր բնօրրանը, և այստեղ գործ ունենք ոչ թե ինչ-որ մեկի տարածքը պոկելու և մյուսին միացնելու հետ, այլ մարդու բնական, այն է՝ իր հայրենիքում որպես բնիկ ժողովուրդ ապրելու իրավունքի հետ: Ոչ ոք դա չի կարող չեղարկել: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա նման իշխանություն, այս հարցերում ինչ-որ առաջընթաց ունենալը պրակտիկորեն բացառվում է:

Դա չի նշանակում նաև, որ այս հարցը պետք է «թաղենք», չխոսենք այդ մասին: Անընդհատ այս հարցը պետք է բարձրաձայնենք տարբեր հարթակներում՝ սկսած միջազգայինից մինչև ներքին լսարան, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կարծում եմ՝ գալու է մի պահ, որ այս իշխանություններն այլևս չեն լինելու, տա Աստված, որ դա որքան հնարավոր է շուտ լինի: Համոզված եմ, որ այս իշխանություններին փոխարինելու են գալու ազգային արժեքներով տոգորված իշխանություններ, որոնք չեն վախենալու Արցախի հարցի մասին խոսելուց, և Արցախի վերադարձը հայերին տեղի է ունենալու»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հերթական անգամ բարձրաձայնում ենք նաև Բաքվում ապօրինի մեղադրանքներով դատապարտված մեր հայրենակիցների, ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Պետության ղեկավարն ասում է, թե քայլեր են արվում այս ուղղությամբ, մինչդեռ չենք տեսնում այդ քայլերի արդյունքը: «Օրվա իշխանությունների կողմից զրո աշխատանք է կատարվում, եթե ոչ աշխատանք, որը վնասում է մեր ռազմագերիների, ռազմաքաղաքական ղեկավարության վիճակին: Միևնույն ժամանակ, միգուցե մի քիչ թույլ, միգուցե ոչ հնչեղ (ինչը բնական է, քանի որ ուժգնություն և հնչեղություն նման աշխատանքին կարող են տալ միայն իշխանությունները), բայց ընդդիմությունը, տարբեր հասարակական կազմակերպություններ, արցախյան բազմաթիվ կազմակերպություններ, Արցախի Ազգային ժողովը, ամեն մեկն իր չափով գրեթե ամենօրյա ռեժիմով այս ուղղությամբ որևէ գործողություն, հայտարարություն փորձում են անել, այլ բան է՝ ստացվում է, թե ոչ:

Քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լծված չեն մարդկանց շուտափույթ ազատագրման հարցին, այդտեղ շոշափելի որևէ հաջողություն չենք ունենա: Ցավոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որպեսզի մեկընդմիշտ փակեն Արցախի հարցը, պետք է փակեն նաև Արցախի ռազմաքաղաքական իշխանության հարցը, Արցախում գերեվարված մարդկանց հարցը: Նրանք ցանկանում են ոչ միայն մոռանալ Արցախը, այլ ընդհանրապես Արցախի հետ կապ ունեցող որևիցե երևույթ և գործողություն: Կարծում եմ՝ մեր բոլոր նշած խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները