Ում՝ պարգևավճարներ, իսկ ում էլ՝ նվազագույն զամբյուղի... «պոչ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ուշադրություն գրավեց մի իրադարձություն, որը, կարելի է ասել, վկայում է պետական և համայնքային իշխանական մարմինների միջին և ցածր օղակների ծառայողների շրջանում խմորվող լուրջ դժգոհությունների մասին: Բայց ամենը՝ ըստ հերթականության:

Հասկանալի է, որ հանրության հիշատակված շերտի դժգոհությունները պայմանավորված չեն իշխող խմբի վարած քաղաքականության ու դրա հետևանքով ձևավորված անվտանգային սպառնալիքների, տարածքային կորուստների ու նոր զիջումների հետ: Հայաստանում նման բաները, կարծես, մի զգալի մասի դժգոհությունը չեն հարուցում: Տվյալ պարագայում դժգոհությունը սոցիալական է: Օրվա հացի փողի խնդիր: Ահավասիկ, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության խորհուրդը նամակով դիմել է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Ազգային ժողովին: Նամակն սկսվում է բավականին խոսուն արտահայտությամբ. «Հայտնի է, որ պետական և համայնքային միջին և ցածր օղակների ծառայողների վարձատրությունը շարունակում է մնալ ցածր և չի բավարարում կենսապահովման բազային կարիքները հոգալու համար։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը (մինչև հարկումը), ըստ վիճակագրական տվյալների, կազմում է շուրջ 360 000 դրամ։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ թիվը գոյացել է պետական կառավարման ու պաշտպանության ոլորտներում բարձրաստիճան պաշտոնյաների բարձր վարձատրության հաշվին»:

Ոչ պակաս հետաքրքրական է շարունակությունը. «Վերջին անգամ պետական աշխատողների բազային աշխատավարձը բարձրացվել է 2023 թվականի հունվարի 1-ից՝ սահմանվելով 83200 դրամ։ Միաժամանակ, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բազային աշխատավարձը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը։ Նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացվել է 2023 թվականից՝ սահմանվելով 75 000 դրամ։ Վերոնշվածից բխում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի պատշաճ բարձրացման նախապայմաններից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։

2024թ. 2-րդ եռամսյակում, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը հաշվարկված է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանության, կազմել է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը»։

Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ դա անբավարար է՝ Հայաստանում, առավել ևս՝ «Նիկոլի թվի» Հայաստանում ծայրը ծայրին հասցնելու համար: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ, այսպես կոչված, «նվազագույն սպառողական զամբյուղով» կամ դրանում հաշվարկված եղածչեղածով ապրել ընդհանրապես անհնար է: Հնարավոր է միայն քաղցից չմեռնել:

Բայց չշեղվենք: Նամակի շարունակության մեջ, ընդհանուր առմամբ, հենց դրա մասին էլ խոսվում է՝ նշումով, որ սահմանված նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև բազային աշխատավարձով վարձատրությունը բավարար չեն՝ ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու համար: Առավել ևս, եթե կամ երբ մարդիկ վարկեր են փակում, վարձով են ապրում կամ ուսանողի ուսման վարձ են մուծում ու այդպես շարունակ:

Նշվում է, որ նման իրավիճակում պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած օրենքը նրանց նման հնարավորություն չի տալիս, բացառությամբ՝ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքների, որոնցով, նկատենք, անգամ պրոֆեսիոնալ ստեղծագործողները «տուն պահել» չեն կարողանում:

Մնում են կոռուպցիան ու «տաքսավատ անելը»: Կոռուպցիան կարող է շատ թանկ նստել, մանավանդ ցածր օղակների «անմեջք» ներկայացուցիչների համար, իսկ «տաքսավատ անելն» էլ՝ պաշտոնական աշխատաժամանակից հետո, լինում է անձնավորության հանգստի կամ քնի հաշվին: Այսինքն, առողջության: Բայց...

Փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, որոշել է տաքսիների վրա էլ ՀԴՄներ դնել: Իսկ դա նշանակում է, որ հիմնական աշխատանքից հետո ուղևորափոխադրմամբ ընտանիք պահողների մեծ մասն այլևս չի զբաղվի դրանով կամ կգերադասի չզբաղվել:

Մի փոքր «խուճուճ» ձևակերպումներով, բայց նույնն է ընդգծվում նաև արհմիութենական բողոքի նամակի մեջ. «Ողջունելով ոչ ֆորմալ տնտեսությունը հարկային դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ այն անհնարին է դարձնելու հանրային ծառայողների համար նման ծառայություններում (էլեկտրոնային հարթակի միջոցով ուղևորափոխադրումներ, նույն ինքը՝ տաքսի վարել) ներգրավվելը, ինչը իր հերթին զրկելու է նրանց անհրաժեշտ լրացուցիչ եկամտից և ավելի է մեծացնելու սոցիալական լարվածությունը»։

Ի՞նչ անել: Հասկանալի է, մարդիկ բաց տեքստով փող են ուզում, ավելի ճիշտ՝ Փանաշինյանին խնդրում են, որ իրենց աշխատավարձերը բարձրացնի: Այլապես ստացվում է, որ փաշինյանական իշխանության վերին օղակներում գերպարգևավճարվող արտոնյալներն են, իսկ ցածր օղակներում՝ «նվազագույն զամբյուղի վրա» նստածներ: Դե, սա ավանդական է՝ կուշտը սովածին մանր է բրդում...

Հարկավ, չի կարելի բացառել, որ որդեգրած նախընտրական տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը «բիրիքով գնի» ցածր օղակների այս ներկայացուցիչներին՝ խոստանալով, որ նրանց աշխատավարձերը կբարձրացնի: Ի վերջո, դա իր պոտենցիալ էլեկտորատն է, դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնց աշխատանքից ազատելու սպառնալիքով ուղարկում են ընտրատեղամասեր կամ, հակառակը՝ արգելում են ելնել փողոց ու արտահայտել իրենց դժգոհությունները:

Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Այդ հարցերի շարքում առաջինն այն է, թե ի՞նչ անեն մնացած բոլոր աշխատավորները, էլ չենք ասում՝ թոշակառուների մասին, որոնք ոչ պակաս նվազագույն եկամուտների վրա են «նստած», ի լրումն, անգամ արհմիություն չունեն, որպեսզի նման պահանջատիրական նամակներ ուղղեն կառավարությանը:

Վերջին հաշվով, բոլորս էլ Հայաստանում ենք ապրում: Այն Հայաստանում, որտեղ անհատի եկամուտները զգալիորեն հետ են ընկած պարենի, գյուղմթերքների գնային թռիչքներից: Երևի հույսը դնեն միայն անհատների վրա, օրինակ՝ «Արտ-լանչի», որ կարողանան, ասենք, 280 դրամով նորմալ ճաշել...

Հաջորդ հետաքրքրական պահն այն է, որ 2018-ին շատերն էին ոգևորվել Փաշինյանի պոպուլիստական ու առատ խոստումներով՝ մարված հայտարարել բոլոր վարկերը, նվազեցնել տոկոսադրույքները, զրոյացնել տուգանքները, էժանացնել գազն ու էլեկտրաէներգիան և այլն, և այդպես շարունակ: Բայց Փաշինյանն ինքը վարչապետ դառնալուց հետո սառը ջուր լցրեց բոլոր այդ դյուրահավատների վրա՝ հայտարարելով, որ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ընդհանրապես, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը, ի լրումն ամենի, նաև սոցիալական չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները