Իսկական ծաղր իրականության նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ֆորումի, այսինքն՝ ցանկացած ֆորումի, որն իր անվան մեջ ունի «ժողովրդավարություն» բառը, արդեն իսկ խորագույն ծաղր է տվյալ միջոցառման, դրա անվանման նկատմամբ: Էլ չենք ասում՝ բուն ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ ծաղրի դրսևորում լինելու մասին: Դրանից հետո երևի միայն մնում է, որ Փաշինյանը հանդես գա, օրինակ՝ «Լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների դեմ կիրառելը՝ որպես ժողովրդավարության վերջին ճիչ» վերտառությամբ սիմպոզիումի: Կամ, ենթադրենք, «Քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալները՝ որպես մարդու իրավունքների էտալոնային նվաճում» խորագրով պանելային քննարկման:

Ավելի ֆանտաստիկ կլիներ, եթե, օրինակ՝ գայլերը «Բուսակերության օգուտները» թեմայով գիտաժողովի մասնակցեին: Փաշինյանն, ըստ որում, ոչ միայն մասնակցել է, այլև ողջույնի ելույթ է ունեցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ: Ի լրումն «ժողովրդավարություն» թեմայով «լոբի-ձավարի», Փաշինյանը երեկ արել է այսպիսի հայտարարություն. «Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով: Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀում: Դա շատ կարևոր է»: Ինչ ասես: Սա պարզապես լսարանին, առաջին հերթին՝ դրսի լսարանին մոլորության մեջ գցելու դրսևորում է:

Փաշինյանն, ուրեմն, խոսում է, այն մասին, թե «ընտրակեղծիք» և «ընտրությունների արդյունքների կեղծում» արտահայտությունները (երևույթները), իբր, պատմության գիրկն են անցել, այլևս նման բաներ «Նիկոլի թվի Հայաստանում» չկան: Ծիծաղո՞ւմ եք: Անկեղծ ասած՝ մենք ևս: Հայաստանում «ընտրակեղծիքներ» այլևս չկան այն աստիճանի, որ վերջերս, կհիշեք, մեծ աղմուկ բարձրացավ մամուլում՝ հենց ՔՊ-ի վարչության ընտրության արդյունքները կեղծելու մասին տեղեկություննեի հետ կապված: Սակայն դա դեռ թողնենք իրենց ներկծիկային պարզաբանումներին: Ավելի ցցուն փաստեր: Նախ՝ թե՛ 2018-ին, թե՛ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում (հատկապես՝ 2021-ի), թե՛ 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերարտադրվելու նպատակով չարաշահել ու գերչարաշահել է «վարչական ռեսուրսը»: Սա տեղով մեկ ընտրախախտում է ու անհերքելի իրողություն:

Երկրորդ՝ 2021թ. արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը միայն «թղթի վրա» է հրաժարական տվել (տեխնիկական հրաժարական), այնինչ, իրականում ու գործնականում շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները՝ ձևականորեն միջնորդավորված: Երրորդ. գրեթե բոլոր խոշոր ու միջին համայնքներում, սկսած Երևանից, վերջացրած Վանաձորը, Ալավերդին, Սիսիանն ու մնացածն էլ ձեզ՝ փեշքեշ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն զբաղվել են հետընտրական իշխանազավթմամբ: Դա դրսևորվել է հետևյալ կերպ. այն խոշոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, անմիջապես ոստիկանական հալածանքներ են սկսվել հաղթող թեկնածուների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը բացառապես այդ պատճառով է մինչ օրս բանտարկված: Մյուսների դեպքում գործադրվել է շանտաժ, ահաբեկում: Որոշ համայնքներում, որտեղ բնականորեն պարտվել են, չնայած վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմանը, ի վերջո, հասել են նոր ընտրությունների:

Ի՞նչ է այդ ամենը, եթե ոչ հենց ընտրությունների արդյունքների կեղծում: Էլ չենք խոսում Երևանի ավագանու ընտրությունների մասին, որոնց արդյունքում ՔՊ-ն միայն ինչ-ինչ ձեռնածությունների հաշվին կարողացավ «պահել» իշխանությունը: Այս ամենի հետ կա էլի մի հանգամանք, որը նույնիսկ ավելին է, քան պարզապես ընտրությունների արդյունքների կեղծումը: Բանն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն 2021-ին «ձայներ» են փախցրել բոլորովին այլ ծրագրով ու խոստումներով, իսկ իշխանությունը պահելուց (վերարտադրվելուց) անմիջապես հետո սկսել են իրականացնել ասածներին տրամագծորեն հակասող քաղաքականություն: Օրինակ՝ խոսել ու կառավարության ծրագրում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ իրականության մեջ ուրացել են Արցախն ու այն հռչակել ադրբեջանական տարածք: Փաշինյանը, պատկերացնո՞ւմ եք, խոսել է «հավաքների ազատության» մասին:

Չէ, բայց հիրավի պետք է ցինիզմի անսպառ պաշար ունենալ դրա համար: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որի ոստիկանությունը, հատկապես կարմրասև բերետակիրներով, հարձակվում է անգամ փոքր քանակով բողոքի խաղաղ, անզեն ակցիա իրականացնող քաղաքացիների վրա: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ հրահրել ու իրականացրել է հունիսի 12-ի արյունահեղությունն ու խաղաղ, անզեն ցուցարարների վրա վայրագ հարձակումը: Մի խոսքով, Փաշինյանի ելույթը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» դառը հեգնանք էր իրականության նկատմամբ: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում այս 6 տարվա մեջ ոչ միայն առաջընթաց չի եղել նաև ժողովրդավարության հետ կապված, այլև գրանցվել է անդնդային հետընթաց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Ամենաընթերցվածները