Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը բավարար չափով չդարձավ հասարակական քննարկման առարկա, որովհետև ստվերվեց արհեստականորեն առաջ բերված «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» խորհրդարանական լսումներ անցկացնելու թեմայով։ Մտածելու տեղիք է տալիս այդ անիմաստ լսումների ընթացքում Ազգային ժողովի պատկառելի ամբիոնը ԵՄ դրոշով զարդարելուց հետո նրա վրա հնամաշ կրկնակոշիկ դնելու հանգամանքը։ Զավեշտալի էր, որ դահլիճը բուռն ողջունեց այդ «խորիմաստ» քայլը։ Ինչպես կասեր լուսահոգի երգիծաբան Արամայիս Սահակյանը, անարգվեց դրոշը, ուրախացավ կալոշը։

Արդյո՞ք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար նույնքան զվարճալի կլիներ տեսնել իրենց դրոշի վրա դրված ցեխոտ կրկնակոշիկը, որը հետո վերցրեցին, բայց դրոշն արդեն անարգված էր։ Թերևս հրավիրված քննարկման դրական կողմերից էր այն փաստը, որ հայ հասարակության համար բացահայտվեց լսումները նախաձեռնողների հոգևոր-բարոյական ու մտավոր կարողությունների մինուսային մակարդակը։ Այսօր, ունենալով քաղբանտարկյալներ ու ոչ ժողովրդամետ իշխանություններ, այդուհանդերձ նկատենք, որ ՀՀ պետական քաղաքականությունը առերևույթ ձգտում ունի ժողովրդավար պետություն լինելու, այլ բան է, որ այդ ճանապարհին նա ունի իր համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած անհաղթահարելի արգելքներ։ ԵՄ անդամակցության հարցը քվեարկության դնելու խնդրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ դիտարկմամբ, ջայլամի կեցվածք է ընդունել, բայց, ընդհանուր առմամբ, նրանց կողմից, կարծես, սթափ գնահատականներ տրվում են, նրանք հասկանում են ներկա պահին նման գործընթացներ սկսելու վտանգավոր լինելը։

Ակնհայտ է, որ ՔՊԿ-ն արդեն գիտակցել է նաև, որ վատնել է ժողովրդի վստահությունը, և, որպես նախընտրական խոստումները մեծ մասամբ կամա թե ակամա դրժելու հետևանք, հարցականի տակ է դրված իր իշխանության լեգիտիմությունը, բայց հանգիստ է, որովհետև այժմ իր դեմ դուրս եկած հզոր ընդդիմադիր քաղաքական ուժ չի տեսնում։ Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, հիմա այն, ինչ պետք է ասեմ, խնդրում եմ որպես հեգնանք կամ անհարգալից վերաբերմունք չընկալել։ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման գործողությունները քաղաքական բնույթ չեն կրում։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանը տարբեր առիթներով ազնվաբար խոստովանել է, որ շարժումը ընդդիմադիր շարժում չէ, որ ինքը ընդդիմադիր գործիչ չէ, ինքն ընդհանրապես քաղաքական գործիչ չէ, ինքն իրավաբան չէ, տնտեսագետ չէ, դիվանագետ չէ, քաղաքական վերլուծաբան չէ...

Միևնույն ժամանակ, նա ասում է, որ շարժումը ազգային-ազատագրական է։ Կարծում եմ՝ շատերս ենք լսել սրբազան հորից նման հայտարարություններ, սակայն անորոշ է մնում մի հարց։ Եթե շարժումը ազգային-ազատագրական է, բայց ընդդիմադիր շարժում չէ, ուրեմն, ի՞նչ է ստացվում, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը իշխանամետ ազգային-ազատագրական շարժո՞ւմ է։ Անտրամաբանական է։ Ազգային-ազատագրական կոչվող շարժման նպատակը ո՞րն է, ո՞ւմ և ինչի՞ դեմ է պայքարը, եթե այն ընդդիմադիր չէ։ Անշուշտ, Սրբազանն այս հարցադրումներին յուրովի պատասխանում է, և հասկանալի ու ողջունելի են Գերաշնորհ սրբազան հոր վեհագույն մտքերը՝ համեմված համաքրիստոնեական արժեքներով, բայց դրանցով ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորանում։ Քաղաքական շարժումներն ունենում են մեկ գերնպատակ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, իսկ եթե շարժումը, թեկուզ ազգային-ազատագրական թող այն լինի, իշխանափոխությունը չի դիտարկում որպես շարժման առաջնահերթ ու հենակետային նպատակ, ապա արդյո՞ք այդ շարժումը քաղաքական է։

Եթե Բագրատ Սրբազանը մտադիր չէ այլևս վերադառնալ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմ, իր համար ավելի հաճելի է կամ ավելի նպատակահարմար է Երևանում շփվել երիտասարդների հետ, քարոզել նրանց, դաստիարակել ազգային արժեքներով, ինչը, բնականաբար, շատ ողջունելի ու գնահատելի է, ապա միգուցե իմաստ ունի՞ շարժումը գրանցել որպես «Տավուշը՝ հանուն Հայրենիքի», կամ մեկ այլ անվամբ՝ օրինակ՝ «Քրիստոս Սեր է» անվամբ քրիստոնեական-հասարակական կազմակերպություն։ Այդ դեպքում կազմակերպությունը ամբողջությամբ կտեղավորվեր իր առաջնորդի քարոզների ու թեզերի տրամաբանության մեջ, ու կարծում եմ՝ հետևորդների պակաս էլ չէր լինի։ Ժողովուրդը մայիսի 9-ին իշխանությունների նկատմամբ ունեցած իր դիրքորոշումն արդեն հայտնել է, իշխանություններն էլ հունիսի 12-ին ցույց են տվել այն «սերը», որը տածում են իրենց իշխանության բերած ժողովրդի հանդեպ։

Հետևաբար, մի բան այլևս պարզ է, որ իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է, և այն կարող է տեղի ունենալ բացառապես արտահերթ կամ հերթական ընտրություններով, ցանկալի է՝ արտահերթ, որովհետև որքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ բան կկորցնենք, որպեսզի արյունահեղություն չլինի, և որպեսզի եկող իշխանություններն էլ ներկաների նման անպտուղ ու անկանխատեսելի չլինեն թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանը քաղաքական փորձադաշտ չէ և հեռակառավարման ենթակա չէ։ Ընդդիմադիր դաշտը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այն անհապաղ պետք է իրագործել։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվել Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Լոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը Կրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ «Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա Թովմասյան Ռոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետ Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ Փաշինյան Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Թրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Մեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդուն Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել է Ուկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետ Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Պենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJ Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»
Ամենաընթերցվածները