«Մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն...». Մարտին Ավետիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարտինս բարության, համեստության, նվիրվածության իսկական խորհրդանիշ էր բոլորիս համար: Խիզախ էր, իր որոշումներից հետ չէր կանգնում, ուներ հստակ նպատակներ: Աշխատասեր էր, էներգիայով լի: Առհասարակ, և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ, իր տարիքի համեմատ լուրջ ու հավասարակշռված: Հարգալից էր բոլորի հանդեպ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Մարտինի մայրիկը:

Դպրոցում սովորելու տարիներին որդին շատ է սիրել «Հայոց պատմություն» առարկան: «Բազում խմբակների է հաճախել՝ պարի, նկարչության, սպորտային: Բայց պարի հանդեպ յուրահատուկ սեր ուներ, փոքրուց էր պարում, իր ապագան կապում էր պարի հետ: Մշակույթի պալատում «Բերդ» պարն էր պարում, այնքան խրոխտ, այնքան հպարտ: Հիշում եմ նաև դպրոցական տարիներին Ամանորի տոնահանդես էին կազմակերպել, բոլոր դասարանները ամանորյա երգեր էին ներկայացնելու: Մարտինի դասարանին բաժին էր հասել Ռափայել Պատկանյանի «Նոր տարին»: Դասարանցիները դժգոհեցին, թե տխուր երգ է, իսկ Մարտինս ոտքի կանգնեց ու սկսեց երգել. «Երնեկ, թե այս Նոր տարին...»: Զգացողություն էր, որ վրեժն ու հավատը միախառնված էին Մարտինիս երգի մեջ: Իր կատարման շնորհիվ նրա դասարանը հաղթեց»:

Բանակում ծառայելուց և վերադառնալուց հետո Մարտինը մտադիր էր ուսումը բուհում շարունակել: Նա ծնվել է Օշականում, ավարտել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը: 2021 թ.-ի մարտի 4-ին Մարտինը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Կապանում: «Նախքան ծառայության մեկնելը մարտական էր տրամադրված. «Էլ ինչ տղա, որ չպետք է ծառայի, մա՛մ: Ոչ մեկից ոչնչով պակաս չեմ»: Երբ 18 տարեկանը լրացավ, նախքան ծառայության մեկնելն ասաց, որ ուզում է ձեռքի վրա խաչի տեսքով դաջվածք անել: Բայց ես չէի ուզում, մի տեսակ սիրտս կծկվում էր: Համոզեց, այտս համբուրեց՝ մա՛մ, ուզում եմ, որ լինի: Սիրտս լցվեց, ամբողջ մարմնովս սարսուռ անցավ: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է ուզում դաջվածք անել, արձագանքեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ շատերին դաջվածքների միջոցով են ճանաչել:

Երբ բարկացա, թե ինչու է նման բաներ խոսում, պատասխանեց՝ մա՛մ, բանի տեղ մի դիր: Ու մոռացանք այդ զրույցի մասին: Բայց իր ծառայության ամիսների ընթացքում իմ մեջ միշտ եղել է վախի զգացողություն: Ամբողջ գիշեր չէի քնում, երբ իմանում էր, ասում էր. «Մա՛մ ջան, այդպես ինձ օգուտ չես տալիս, հանգիստ քնիր: Բա ես ինչի՞ եմ կանգնած սահմանին»»: 2022 թ.-ի սեպտեմբերի 4-ին լրացել է Մարտինի ծառայության մեկուկես տարին: Սեպտեմբերի 9-ին Մարտինը բարձրանում է դիրքեր: «Սիրում էր ծառայությունը դիրքերում. «Տղեն պետք է պոստերում ծառայի, մա՛մ»: Բայց նաև ասեմ, որ վերջին անգամ դիրքեր բարձրանալիս ասաց. Մա՛մ ջան, ոնց որ չուզենամ բարձրանամ դիրքեր»: Կատակի տվեցի, որ իրեն հանգստացնեմ. «Իմ Սյունյաց արծիվ, ինչի՞, դիրք բարձրանալուց վախենո՞ւմ ես»:

«Չէ, մա՛մ ջան, չեմ վախենում, բայց սրտիս մեջ տագնապ կա»: Բայց նաև չէր կարողանում բացատրել, թե դա ինչի հետ է կապված: Մարտինիս ծառայության մեծ մասն անցել է մեր երկրի հարավային սահմանն անառիկ պահելով: Երբեք չի դժգոհել որևէ բանից, միայն այդ մեկ անգամը, այն էլ՝ միայն ինձ խոստովանեց իր ունեցած տագնապային զգացողության մասին»: Սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը իննից մինչև տասն անց երեսուն, Մարտինը խոսել է մայրիկի հետ: «Այդ օրը խոսել էր բոլոր հարազատների ու ընկերների հետ, ասել էր, որ վերադառնալու է, բոլորին հավաքի ու քեֆ անեն: Իրեն պետք է արձակուրդ տային, բայց բարձրացրեցին դիրքեր»: Հետո սկսվեց պատերազմը, բայց նախքան դա տղաները դիրքում իրենց ընկերոջ ծննդյան օրն էին նշում: Մարտինը չորս ժամ կռվել է թշնամու ուժերի դեմ, ստացել նահանջի հրաման, բայց, ինչպես տիկին Աննան է ասում, կար մի մայր ու մի հայրենիք:

«Ուժասպառ եղած ընկերոջ ձեռքից վերցրել է գնդացիրը ու մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամուն, ПК-ով փորձել կանխել նրա առաջխաղացումը: Դիրքի տղաների կյանքը փրկել է: Մի դիրքում կռիվ տալուց հետո տեղափոխվել է հարևան դիրքը: Կապիտանը և դիրքի ավագը լքել են տղաներին՝ նրանց թողնելով թշնամու հետ մենակ»: Մարտինը մարտնչել է թշնամու դեմ, պատճառել մարդկային ուժի մեծ վնասներ, փրկել իր զինակից ընկերների կյանքը և սեպտեմբերի 13-ին անմահացել Շիկահողում: «Սեպտեմբերի 12-ի գիշերը զրուցեցինք, իրար հրաժեշտ տվեցինք: Սեպտեմբերի 13ին՝ գիշերը ժամը երեքին, կարծես քնիս մեջ լսեցի Մարտինիս հոգոցը, թե ինչպես է ասում՝ մա՛մ, ու կտրուկ արթնացել եմ քնից:

Հեռախոսս վերցրեցի ու հասկացա, որ պատերազմ է սկսվել»: Ինչպես շատ տղաների դեպքում, Մարտինի պարագայում ևս ծնողներին ասել են՝ նա անտառներում է: Օրեր շարունակ ծնողներն ու հարազատները Մարտինին փնտրել են ողջերի մեջ, բայց օրեր անց ԴՆԹ հետազոտությունը հաստատել է Մարտինի ինքնությունը: Նկարներով նա անճանաչելի է եղել: Ինչպես դպրոցական տարիներին գրված շարադրություններից մեկում է Մարտինն ասել, «երբ մեծանամ, կցանկանայի մի լավ գործ անել իմ հայրենիքի համար, որովհետև ես էլ արժանի զավակն եմ իմ հայրենիքի»:

Անձնազոհություն հանուն գաղափարի, հանուն հայրենիքի, հանուն ընկերների ու ընտանիքի: Արդյոք սա Մարտինի նախանշած «լավ գործը» չէ՞: Բայց թող որ Մարտինն ու հազարավոր տղաներ ապրեին ու արարեին հանուն հայրենիքի: Ապրելու ուժի մասին: «Սկզբում, կարծես, տաք լինես, չես հավատում կատարվածին, սպասում ես որդուդ: Իսկ հիմա արդեն մտածում եմ, որ Մարտինս կասեր. «Մե՛րս, հզո՛րս, ապրի, որ ապրեմ, ժպտա, որ խաղաղվեմ, եղբորս աչքերն արցունքոտ մի թող: Հիշիր, որ պաշտում եմ քեզ ու կամ, քանի դու կաս»: Հենց թուլանում եմ, այս բառերն են գալիս աչքիս առաջ, գիտեմ, որ Մարտինս հենց այս բառերով ինձ կդիմեր: Ամեն անգամ դիրքեր բարձրանալուց ասում էր՝ մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ»:

Հ. Գ. - Մարտին Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Հուղարկավորված է Օշականի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Գառնիում հայտնաբերել են 14-ամյա Վահե Ապիկյանին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սև ծովում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի նավաստիներով նավը Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի Օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են 20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա Ռոստոմյան Խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին
Ամենաընթերցվածները