Այս ի՞նչ ծրագիր է. հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս հրապարակման մտահղացումը ծագեց այն բանից, որ բավականին կիրթ և իրազեկ մի անձնավորություն, արձագանքելով մեր ընթացիկ իրավիճակին ու իրողություններին, սոցցանցերից մեկում սրտանց բացականչել էր. «Այ մարդ, սա ի՞նչ ծրագիր է, որ իրականացվում է...»: Սա, գիտե՞ք, իսկապես հետաքրքիր, բայց բանիմաց մարդու համար տարօրինակ հարցադրում է: Ինչո՞ւ տարօրինակ: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի առաջ որոշ բացահայտումներ եղել էին: Ու հրապարակումներ էլ էին եղել, որոնք թույլ են տալիս հանգել որոշակի եզրակացությունների: Մենք, իհարկե, չենք պնդում, որ այն, ինչ իրականացվում է Հայաստանում այսօր, կամ այն, ինչ իրականացվում է այսօրվա Հայաստանի ղեկավարության կողմից, դա հենց մեկին մեկ այդ ծրագիրն է: Առավել ևս, որ ծրագրերը մեկը չեն: Բայց...

Դեռևս 2019-20 թվականներին օտարերկրյա մամուլում սպրդեցին սկանդալային ու փաստարկված հրապարակումներ առ այն, որ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000 թվականին մշակել կամ լրամշակել է ավելի վաղ ունեցած ագրեսիվ ծրագրեր՝ Հունաստանի և Հայաստանի դեմ: Այնքան ագրեսիվ, որ ծրագրերը նախատեսում են ինչպես Հունաստանի մասնակի զավթում, այնպես էլ Հայաստանի՝ ամբողջական: Բացահայտումն այդ արվել էր, կարելի է ասել, պատահականորեն: Բանն այն է, որ մոտ 7-8 տարի առաջ Թուրքիայում, այսպես ասած, «հեղաշրջման գործի» շրջանակներում քննչական մարմինները պահանջել ու ստացել էին նաև թուրքական զինուժի ԳՇ գաղտնի հաղորդագրությունները, որոնք կցել էին «գործի» նյութերին: Հետագայում դրանց ուշադրություն էին դարձրել լրագրողները և... Կոնկրետ այդ նյութերում շատ մանրամասնություններ չէին բացահայտվում: Հիմնականում նշվում էին Հունաստանի, ապա՝ նաև Հայաստանի դեմ թուրքական գլխավոր շտաբի մշակած գործողությունների ծրագրերի անվանումները:

Կոնկրետ Հայաստանը զավթելու կամ կործանելու ծրագրի կոդային կամ ծածկագրված անվանում է՝ «Ալթայ»: Այդ ծրագրի մասին հայտնի դառնալուց հետո հայկական փորձագիտական, քաղաքագիտական և, որ ամենից վատն է, քաղաքական շրջանակները բավարար ուշադրություն դրան չդարձրեցին: Համենայն դեպս, քչերը դրան անդրադարձան: Իսկ ինչի՞ մասին է խոսքը, ինչե՞ր էր թուրքական զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000-ականների սկզբներին ծրագրում Հայաստանի դեմ:

Ահավասիկ, «հիացեք», թե՝ ինչեր. Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով.

• Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն», և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ, իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսները շարքային հանցագործներ և թալանչիներ են:

• Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա, և մարդիկ սկսեն լավ ապրել: Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

• Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը, որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով:

Ավելին, նախատեսվում էր, որ «x» պահին Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում՝ նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով: Կրկնենք, սա նրանք մշակել են դեռևս 2000 թվականի ամռանը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ թշնամին սա լրամշակել ու վերջնական տեսքի է բերել այդ ժամանակ, քանզի կան հիմքեր կարծելու, որ նմանօրինակ մտադրություններ ու մշակված նախագծեր եղել են նաև դրանից առաջ: Բավական է թեթևակի հետահայաց դիտարկել մեր երկրի վերջին 20-25 տարվա անցուդարձը՝ համոզվելու համար, թե թուրքական գլխավոր շտաբի նշյալ ծրագիրն ինչպիսի հետևողականությամբ է իրականացվել, որքան մանրակրկիտ և բազմաճյուղ: Նման ծրագրի փաստական առկայությունը, կարծում ենք, պիտի որ այլ վարկածներ հուշեր մի շարք իրադարձությունների, այդ թվում՝ Պերմյակովի գործի՝ Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սառնասիրտ կոտորածի ենթարկելու քննությանը: Բայց դա էլ ժամանակին, ինչպես հայտնի է, չարվեց:

Ավելին, Արցախի ու արցախցիների մասով թուրքական ծրագիրը նույնպես իրականացվել է լիարժեք, նույնիսկ գերակատարվել: Հարկավ, չկա ոչ մի փաստական տվ յալ, թե Թուրքիայի ներկայիս իշխանությունը հիշյալ «հեղաշրջման գործի» բացահայտումից հետո արդյոք իր քաղաքական զինանոցում չի՞ ընդգրկել իրենց ԳՇ-ի արդեն մշակած «Ալթայ» կամ հակահունական ծրագրերը: Բայց, մեծ հաշվով, փաստացի իրականությունը միանգամայն հստակ հուշում է այդ հարցի պատասխանը: Կրկնում ենք. մենք չենք պնդում, որ հենց «Ալթայ» ծրագիրն է իրականացվում: Սակայն նշված ծրագրի մոտեցումների, նպատակադրումների ու կոնկրետ քայլերի, հայտարարությունների, առկա իրականության համընկնումները, կարծում ենք, գոնե ինչ-որ բան պիտի որ հուշեն: Համենայն դեպս, երբ բացականչելու ցանկություն առաջանա, թե՝ «վա՜յ, այս ի՞նչ ծրագիր են իրականացնում», կարող եք համարել, որ ունեք հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Խոշոր վթար՝ Երևանում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & Endocrinology Քիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Գազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումը Վրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառով Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
Ամենաընթերցվածները