«Մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ Դավիթս կարող է տան դուռը բացել ու ներս մտնել». Դավիթ Վիրաբյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքրուց Դավիթը իր հասակակիցներից շատ տարբերվող երեխա էր: Չափազանց խելացի էր, յուրահատուկ ընդունակություններով օժտված: Շատ էր սիրում նկարել: Ամեն ինչ փորձում էր անել Դավիթը: Եթե ինչոր բանով զբաղվում էր, ապա դա անում էր գերազանց, կատարյալ: Աշխույժ էր, ընկերասեր, բարի, շփվող, ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ ծնողների, տատիկ-պապիկի հանդեպ յուրահատուկ կերպով ուշադիր էր: Անսահման սիրում էր կրտսեր եղբորը՝ իր Ալենին, ապրում էր Ալենով: Ալենն իր ամեն ինչն էր: Իրեն մի անգամ հարցրել են, թե ամենաշատն ում է սիրում: Բոլորն, իհարկե, պատասխանում են՝ մայրիկին: Իսկ Դավիթը ասում էր՝ առաջինն Ալենիս, իսկ հետո՝ մամայիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ առողջ ընտանիքում են մեծացել իր որդիները: Սա շեշտելու անհրաժեշտություն անգամ չկար, որովհետև երկու եղբոր անվերապահ սերն այլ բանի մասին վկայել չի կարող: Երբ մտովի տեղափոխվում ենք Դավիթի դպրոցական տարիներ, մայրիկն ասում է՝ որդու տարերքը մաթեմատիկան էր: «Ապրում էր մաթեմատիկայով: Դավիթը դպրոցի պարծանքն էր: Սովորել է Ավանի թիվ 170 դպրոցում, ուսուցիչները միշտ հպարտանում էին նրանով: Որքան ներկա եմ եղել նրա ծնողական ժողովներին, փայլելով եկել եմ տուն: Երբ պետք է գնայի ժողովներին, Դավիթն ասում էր՝ գնա՛, գնա՛, մա՛մ ջան, տես, թե տղադ ինչ է արել: Ուսուցիչներն էլ միշտ ասում էին, որ Դավիթը տարբերվող է իր մաթեմատիկական ունակություններով, որը բնածին է»: Մայրիկի խոսքով, Դավիթը նաև բժշկություն էր շատ սիրում, ուզում էր սրտաբան դառնալ, բայց երբ եկավ որոշելու պահը, 12րդ դասարանում հստակ որոշեց ընդունվել Ամերիկյան համալսարան:

«Ընտրեց «Բիզնեսի կառավարում» բաժինը: Հասցրեց ուսանող լինել, պետք է դեկտեմբերին զորակոչվեր ծառայության, սակայն ասաց, որ չի ուզում կիսատ թողնել կիսամյակը՝ «թող ոչինչ կիսատ չմնա», և հունվարին զորակոչվեց բանակ: Մեծ սիրով ու հպարտությամբ էր դասերին հաճախում: Մեծ նպատակներ ուներ ուսման, գիտելիքներ ձեռք բերելու հետ կապված: Ցանկանում էր օգնել ներդրողներին, ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը դառնա, մեր պետությունն ավելի լավը լինի: Երկրի մասին էր մտածում: Ուզում էր, որ մեր երկրում ամեն ինչ լավ լինի»: Նպատակներն ու երազանքները մտքում՝ Դավիթը 2020 թ.-ի հունվարի 8-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Նրա ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու հրետանային զորամասում՝ հակատանկային դասակում: Հետո Դավիթը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Կուբաթլուի հակատանկային դասակ:

«Մեծ ոգևորվածությամբ է զորակոչվել Հայոց բանակ, չեք էլ պատկերացնի, թե ինչ ոգևորված էր, որ պետք է կրի այդ համազգեստը: Հպարտանում էր, սպասում այդ օրվան: Իր ընկերն արձակուրդ էր եկել, այդ ժամանակ Դավիթը դեռ չէր ծառայում, ինձ ասաց, որ քիչ անց կգա: Մեկ էլ ինձ նկարներ է ուղարկում: Ընկերոջ տուն էր գնացել, հագել Էդուարդի համազգեստը, նկարվել և նկարներն ուղարկել ինձ: «Մա՛մ, տղայիդ սազո՞ւմ է համազգեստը», արձագանեցի՝ «շատ, Դավի՛թ ջան»: Դավիթը շատ էր կարևորում իր բանակ գնալը, ասում էր, որ պետք է անպայման ծառայել Հայոց բանակում՝ «ո՞նց կլինի չծառայել, մա՛մ ջան, չի լինի»: Այն հայրենասիրությամբ, որ մեր ընտանիքն է սերմանել իր մեջ, այլ տարբերակ չէր կարող լինել: Հրաշալի էին նաև իր տպավորությունները, երբ արդեն ծառայում էր: Երբեք որևէ բանից չի դժգոհել, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է: Հրամանատարական անձնակազմի կողմից երկու անգամ նամակ ենք ստացել, որ հրաշալի որդի ունենք, գերազանց առաջադիմությամբ է ծառայում: Մենք էլ նույն ոգևորությամբ ու սիրով իրեն բանակ ենք ճանապարհել՝ տղա է, պետք է ծառայի»: 2020 թ.-ին սկսվեց պատերազմը, որը 44 օր տևեց, սակայն զգացում ունենք, որ մինչ օրս չի էլ ավարտվել:

«Պատերազմն սկսվելուց օրեր անց ամուսինս մեկնեց Արցախ, որ Դավիթին հասնի: Բայց իրենք այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս մինչև պատերազմի ավարտը մնաց Արցախում, նաև դրանից հետո՝ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ: Պատերազմն սկսվելուն պես, չնայած անհանգիստ լինելուն, չենք փորձել զանգել Դավթին: Ես չեմ զանգահարել, Դավիթն է զանգել սեպտեմբերի 29-ի երեկոյան: Խոսեցինք, անհանգիստ ձայնով ասացի՝ Դա՛վ ջան, ընդհատեց՝ մա՛մ ջան, եթե չեմ զանգում, չի նշանակում, որ զոհվել եմ: Կռիվ է, կռվում ենք: Այսպես ասենք, չէր թաքցնում ոչինչ: Հետո ասաց, որ ամեն ինչ լավ է, հանգիստ լինեմ: Մի քիչ զրուցելուց հետո հեռախոսը փոխանցեցի Ալենին, նա էլ ասել էր, որ հայրիկն ուզում է գնալ Դավիթի մոտ: Միանգամից անջատեց հեռախոսն ու զանգեց հայրիկին, խոսեց նրա հետ, համոզվեց, որ ամեն ինչ կարգին է. «Պա՛պ ջան, մեզ մոտ մի՛ արի, ոչ մի լուրջ բան չկա»: Բայց գիտեր, որ հայրիկն իրեն չի լսելու և գնալու է: Սեպտեմբերի 30-ին զանգել է իր ընկերուհուն, որն այդ պահին Դավիթի հորեղբոր տանն է եղել: Խոսել է հորեղբոր ընտանիքի բոլոր անդամների հետ, համոզել, որ ամեն բան կարգին է, հանգիստ լինեն»:

Դավիթը Ջրականում է եղել, Մարջանլու կոչվող տարածքում՝ Անանուն բարձունքում: Դավթի կռիվը վեց օր է տևել: «Տղաները շատ լավ են կռվել, տղաները չեն նահանջել իրենց հրամանատարների հետ: Եվ բոլորը միասին զոհվել են հոկտեմբերի 3-ին: Հինգ ամիս որոնումներից հետո ԴՆԹ հետազոտությամբ գտնում ենք Դավթին. մարտի 5-ին հաստատվում է ԴՆԹ-ն: Մարտի 8-ին նրան հուղարկավորել ենք: Իրեն փնտրելու ողջ ընթացքում հայրիկը մասնակցում էր որոնողական աշխատանքներին: Թուրքերը տղաների մարմինները տարել էին, նրանք իրենց զոհվելու վայրում չեն եղել: Բայց այդ տեղից ամուսինս գտնում է Դավոյիս գլխարկը, մասունքներ»: Սպասման ամիսները հեշտ չեն տրվել: «Հոկտեմբերի 5-ից գիտեինք, որ Անանուն բարձունքը, որտեղ գտնվում էին Դավիթն ու իր ընկերները, թուրքերը գրավել են: Նահանջող տղաներ կային, որոնք ողջ էին, իսկ մյուսները չկային: Իրականությանը պարզ էինք նայում, պատերազմ էր եղել, և գիտակցում էինք, թե ինչ է տեղի ունեցել: Այնպես չէր, որ ասում էինք՝ Դավիթը ողջ է և վերջ, բայց սրտի անկյունում հավատ ունեինք ու սպասում էինք հրաշքի: Մյուս կողմից՝ կար այն գիտակցումը, որ երեխաների մարմինները չկան: Չեմ տեսել երեխայիս ու մինչ օրս էլ մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ մի օր նա կարող է տան դուռը բացել ու ներս մտնել: Մենք ոչինչ չենք տեսել, մեր երեխաներին փակ տարանք և ...»:

Մայրիկները հաճախ են ինձ ապշեցնում իրենց ամրությամբ, զսպվածությամբ, երբեմն կարող են զրույցի ժամանակ ինձ իրենց փխրունությունը ցույց տալ, բայց դա մի ակնթարթ է տևում: Ցավն արժանապատվորեն կրելու մասին նաև տիկին Լիլիթն է նշում. «Պետք է արժանի լինեմ իմ Դավիթին, արժանապատիվ ապրեմ: Պետք է այնպես ապրեմ, ինչպես որդիս կցանկանար: Պետք է հանուն Դավիթիս ու Ալենիս ապրեմ, հանուն ամուսնուս: Ապրելու ենք, որ ապրեցնենք: Մեր հասարակությունը պետք է փոխվի, պետք է սիրենք ու հարգենք իրար ու նաև մեկս մյուսով ապրենք: Պետք է գիտակցենք, որ դարավոր թշնամու հետ ենք կռվել, պատերազմ է եղել, և մեր տղաներն անհնարինն են արել: Դավիթն էլ է անձնազոհության գնացել, գիտակցված անձնազոհության, և ես հարգում եմ իր որոշումը: Նա այդ քայլն արել է հանուն մեր ընտանիքի, հանուն իր սիրելի մարդկանց, հանուն իր Ալենի, որին պաշտում էր: Ալենը սպորտսմեն է, սպորտն օգնեց իրեն հաղթահարել սթրեսը: Նա շատ չի արտահայտվում, բայց Դավոյով է ապրում: Տղաներս հայրիկի հետ ընկերներ էին, հիմա այդ ընկերությունը շարունակվում է Ալենի և հայրիկի միջև»:

Հ. Գ. - Դավիթ Վիրաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գետարգելի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները