«Իմ ուժը ստանում եմ երկնքից, իմ Անդրանիկի ուժն ինձ է փոխանցվում». Անդրանիկ Վարդանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան աշխույժ, ուրախ, կյանքով լի երեխա էր Անդրանիկը: Յուրահատուկ էր, յուրատեսակ, չգիտեմ էլ, թե ինչպես բնութագրեմ իրեն: Երբ ծանոթանում ես մեր անմահացած տղաների կենսագրությանը, ուղղակի ապշում ես, թե ինչպես բոլորը կարող են իրար այդքան նման լինել, բոլորն էին յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Անդրանիկի մայրիկը:

Նշում է՝ որդին շատ լավ ձայն ունի, հրաշալի երգում է, եղել է Թովմաս Պողոսյանի սանը՝ «երաժշտության հետ շատ կապված էր»: Որդիների մասին պատմությունների ժամանակ ներկա ու անցյալ ժամանակներն այնքան սահուն են իրար հաջորդում, բայց երկրորդն այնքան անսովոր է թե՛ ասողի, թե՛ լսողի համար: Անդրանիկը նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ թենիսի, կարատեի, ֆուտբոլի, սակայն որևէ տեղ երկար չի մնացել: Մայրիկի խոսքով, հիասթափվում էր, մի պատճառ գտնում, որ դադարի հաճախել պարապմունքների: «Դպրոցական տարիներին շատ ակտիվ էր: Խելացի էր, բայց ծուլանում էր: Ուսուցիչները միշտ ասում են՝ իրեն շատ ենք սիրել իր աշխուժությամբ ու անկարգություններով հանդերձ, որովհետև երբեք չի հակաճառել, միշտ հարգանքով է եղել յուրաքանչյուրի հանդեպ: «Միշտ հարգել ենք իր մարդ տեսակը»:

Հատկապես 8-րդ դասարանն ավարտելուց հետո չէր սովորում: Նոր դասագրքերը ստանում էր և նույն՝ մաքուր ու խնամված տեսքով տարեվերջին հանձնում: Ասում էր՝ գրքերը լավ եմ պահում, որ հաջորդ ստացողը վերցնի և ուրախանա, որ նոր գիրք է ստացել»: Անդրանիկը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: Գերազանց առաջադիմությամբ և կարմիր դիպլոմներով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած քույրերի եղբայրը որոշել էր ընդունվել Ագրարային համալսարան՝ գինեգործության բաժին: «Շատ էր սիրում այդ ուղղությունը: Առանց պարապելու քննություն հանձնեց, մեկ բալի պատճառով չընդունվեց իր նախընտրած բաժինը: Ասաց. «Ոչինչ, չեմ հուսահատվի, կծառայեմ, կգամ, կպարապեմ ու կընդունվեմ»»: 2021 թ.-ի առաջին զորակոչով Անդրանիկը մեկնում է ծառայության: «Իրեն ասում էինք՝ դեռ ժամանակ ունես, մինչև մարտի, ապրիլի վերջ ժամանակ կա:

«Մա՛մ ջան, ի՞նչ տարբերություն»: Գնաց զինկոմիսարիատ, իր օրը փոխեց՝ «շուտ գնամ, որ շուտ հետ գամ»: Շատ էր ուզում ծառայել, իր ընկերներից, դասընկերներից զոհված տղաներ կային, շատ ծանր տարավ նրանց կորուստը: 44-օրյայի ժամանակ ընկերների հետ այնքան օգնություն էին հավաքում, դասավորում և ուղարկում, գիշերը շատ ուշ նոր տուն էր գալիս: Նվիրված էր հայրենիքի, բանակի գաղափարին: Մեզանից թաքուն նաև գնացել էր, որ մարտի դաշտ մեկներ, բայց իրեն հետ էին ուղարկել՝ «քո ժամանակը չի, երբ քո ժամանակը կգա, կգնաս»: Եկել էր տուն, հուզված, ձեռքը խփում էր սեղանին՝ մա՛մ, ո՞նց կարող եմ հաց ուտել, երբ իմ ընկերներն այնտեղ զոհվում են: Հետո, երբ Եռաբլուրում այցելել էր զոհված տղաներին, շիրիմների մոտ իր ընկերներին ասել էր՝ մի լացեք, երկու տարի հետո էլ ես եմ այստեղ լինելու, իմ տեղն այստեղ է: Անդրանիկի զոհվելուց հետո իր ընկերները պատմեցին, որ նման բան է ասել: Մեզ հետ զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, մեր թիվն անիծված թիվ է: Երբ բանակ ճանապարհելուց ասացի՝ Ա՛նդ ջան, բարով գնաս, բարով գաս, արձագանքեց՝ մա՛մ ջան, Աստծու ձեռքում է, եթե կամենա, կգամ, եթե չէ, ուրեմն չէ: Հավատքով էր: Տանը սրբապատկերների մի անկյուն ուներ: Միշտ աղոթում էր, համբուրում և նոր տանից դուրս գալիս»:

Երբ մայրիկին հարցնում եմ, թե ինչպիսին էին նրա զգացողությունները, երբ պատերազմից հետո որդուն բանակ էր ճանապարհում, արձագանքում է՝ մեր մեջ միշտ վախ կար: «Ամիսը երկու անգամ գնում էինք իր մոտ, վախ ունեինք, որ հանկարծ մի բան չլինի իրեն: Երբ դիրքեր էր բարձրանում, ամուսինս ու ես մեր տեղը չէինք գտնում»: Անդրանիկի ծառայության առաջին տարին անցել է Վայքի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Ջերմուկ: Մեկ տարի և յոթ ամսվա ծառայող էր, երբ 2022 թ.-ի սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: «Հունիսից դիրքերում էր: Պետք է օգոստոսին արձակուրդ գար, բայց իրեն չուղարկեցին, քանի որ դիրքերից չէին իջնում: Զանգում էր՝ պա՛պ, չենք կարող իջնել, ոչինչ, հոկտեմբերին կգամ: Բայց հոկտեմբերին իրեն բերեցին, ինքը չեկավ: Տպավորություն է, որ կանխազգում էր ամեն ինչ: Իրենից որևէ բառ չենք լսել: Միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Պատերազմի ժամանակ իր ընկերների հետ էր կապ հաստատել, ասել՝ չեմ ուզում, որ մերոնք իրենց վատ զգան, երբ իմանան, որ շատ վատ վիճակի մեջ եմ: Թող իմ պատճառով չնեղվեն: Ընկերները հորդորել էին զանգել մեզ, հանգստացնել, արձագանքել էր՝ չեմ կարող խոսել: Վերջին զանգը եղել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին՝ վեց անց կես:

Տղաները լուսադեմին են զոհվել: Տասնմեկ հոգով մինչև լուսադեմ պայքարել են, որ թուրքի տեխնիկան չմտնի իրենց դիրք, իսկ հետո՝ Ջերմուկ: Իրենց դիրքի շնորհիվ է, որ հիմա Ջերմուկը կա: Տղաներն իրար մեջ երդվել են, որ դիրքը չեն լքելու: «Այսքան տանջվել ենք ու չենք լքելու մեր դիրքը»: Այս զրույցի մասին մեզ հետո այլ տղաներ են պատմել»: Անդրանիկը ուշ է տուն «վերադարձել», իսկ հոկտեմբերի 4-ին նրա մարմինն ամփոփվել է Եռաբլուրում: «Մերոնք մի քանի անգամ գնացել են Անդրանիկին ճանաչելու: Վնասվածքներ ուներ գլխին, դեմքը փոխվել էր, այդ առումով դժվար էր իրեն նույնականացնելը: Հետո եկել է ԴՆԹ հետազոտության պատասխանը: Նախքան բանակ գնալը, ատամներին բրեկետներ էր կրում, որոնք ծառայության ժամանակ հանել էր: Մերոնք Անդրանիկիս ատամնաբույժին են խնդրում գնալ իրենց հետ: Հետաքրքիր է, բայց բժիշկն ասել էր, որ իր երկար տարիների աշխատանքի ընթացքում երբեք որևէ հիվանդի ատամների գիպսը չի պահել, բայց Անդրանիկինը, չգիտես ինչու, պահել էր: Նաև դրա օգնությամբ է հաստատվել մեր որդու ինքնությունը»:

Ծանր օրերից հետո Անդրանիկի ծնողները մի բարդ, բայց կարևոր ու ապրեցնող որոշում են կայացրել՝ իրենց ընտանիքում կրկին պետք է երեխայի ճիչ լսվի: Ապրիլին կծնվի Անդրանիկի եղբայրը: «Անդրանիկը շատ էր ուզում եղբայր ունենալ, միշտ ասում էր՝ քույրիկներին քույրիկ ես բերել, իսկ ես եղբայր չունեմ: Արձագանքում էի՝ դու իմ միակն ես, իմ ամբողջ սերը, որպես որդու, քեզ եմ տվել: «Մա՛մ, ինձ էլ եղբոր թև ու թիկունք էր պետք»: Ծանր օրեր ապրեցի, բարդագույն օրերի միջով անցանք ու շարունակում ենք անցնել: Բայց հավատ ունեմ, իմ հավատն ու հույսն Աստված է, իմ կապն Աստծո հետ ավելի է ամրացել: Ուժս ստանում եմ երկնքից, իմ երեխու ուժն ինձ է փոխանցվում: Ես չեմ չարացել, ուրախանում եմ բոլորի ուրախությամբ: Երբ նեղսրտում եմ, լալիս, ինձ հաճախ ասում են՝ երեխաներ ունես, թոռներ, իրենցով ուրախացիր: Էլի ուրախանում եմ, մեր աղջիկները մեր թև ու թիկունքն են, մեր ամեն ինչը, մեր ուժը: Բայց ամեն երեխա իր սերն ու տեղն ունի: Այնքան երազանքներ ունեի Անդրանիկի հետ կապված: Բացի դա, ծնողի համար ամեն երեխա իր տեղն ունի: Իմ Անդրանիկն ուրիշ էր: Ինձ միշտ ասում էր՝ մամա՛ ջան, քեզ միշտ ջահել տեսնեմ, իմ մաման միշտ պետք է ջահել լինի: Հիմա էլ այս մտքերն են մեզ ուժ տալիս, որ փորձենք ամուր մնալ, ուժեղ լինել՝ հանուն Անդրանիկի, որովհետև մեր որդին մեզ կուզեր այդպիսին տեսնել»:

Հ. Գ. -Անդրանիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և պատվոգրերով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերում Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Խոշոր վթար՝ Երևանում
Ամենաընթերցվածները