«Անթերի էր, համեստ, խելացի, զուսպ ու կարգապահ». Մխիթար Աղաբեկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից ենք: Մխիթարը հաճախել է Մարտակերտի թիվ մեկ միջնակարգ դպրոցը: Շատ լավ էր սովորում: Թեկուզ արդեն կողմնորոշվել էր մասնագիտական ընտրության հարցում և երազում էր ծրագրավորող դառնալ, շատ լավ տիրապետում էր պատմությանն ու աշխարհագրությանը: Բոլոր առարկայական օլիմպիադաներին մասնակցել է ու պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել, պատվոգրերով է վերադարձել տուն: Հատկապես աշխարհագրության օլիմպիադաներին ամեն տարի մասնակցում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Վարդերեսը:

Երբ խնդրում եմ մայրիկին որդուն նկարագրել, նշում է. «Մեկ բառով կասեմ՝ անթերի: Դա միայն ես չեմ ասում, այլ բոլորը, ովքեր իրեն ճանաչել են: Ինքն այս դարի երեխա չէր: Շատ համեստ էր, խելացի, զուսպ ու կարգապահ, վերին աստիճանի պարտաճանաչ: Չափից ավելի աշխատասեր էր»: Մինչև պարտադիր զինծառայության զորակոչվելը, Մխիթարն անվճար հիմունքներով և բարձր բալերով ընդունվել էր Երևանի պետական համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ էր ուսումնասիրելու: «Բայց անգամ լսարանը չտեսավ: Բանակ գնալուց երկու օր առաջ իմացավ, որ անվճար է սովորելու համալսարանում: Շատ ուրախացավ: Ասաց՝ տեսնո՞ւմ ես, մամա՛, թե ես ինչքան խելացի եմ: Ես էլ արձագանքեցի՝ աշխարհի ամենախելացի տղան ես: Իրենից հետո են արդեն մարդիկ պատմում, թե որքան ուշադիր էր բոլորի հանդեպ, հարևանին կարող էր օգնել, ասենք, սայլակը չորրորդ հարկ բարձրացնել, դպրոցում քննությունների ժամանակ օգնել ընկերներին: Իր ընկերներն իրեն շատ էին սիրում»: Մխիթարը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: 2020 թ. հուլիսին զորակոչվել էր ծառայության: Նա կարող էր տարկետում ստանալ:

«Մանկության տարիներին թոքերի վիրահատություն էր տարել: Դպրոցն ավարտելուց ընկավ և ձեռքը կոտրեց, վիրահատեցին: Կարծում էի, որ այս ամենը հաշվի առնելով՝ բանակ չէին տանի: Իրեն էլ էի ասում՝ համալսարանը կավարտես, նոր քո մասնագիտությամբ կզորակոչվես: Բայց ծանուցագիրը եկավ, և իմ ներսում մի տեսակ անհանգստություն սկսվեց: Ավագ որդուս զորակոչվելու ժամանակ էլ անհանգիստ էի, բայց ոչ այնքան, որքան Մխիթարի դեպքում: Ծանր էի տանում: Երևի ինչ-որ կանխազգացում ունեի: Ինքն էլ, հոգուս հետ խաղալով, ասաց՝ գնալու եմ թուրքերին սպանեմ: Փոքր-մոքր էր: Չէի պատկերացնում, թե ինչպես է անցնելու իր ծառայությունը: Կարծում էի, որ բանակում իր համար դժվար կլինի: Ավելի շատ հակված էի, որ ուսումն ավարտելուց հետո զորակոչվի, երբ կկոփվի, ավելի հասուն կլինի: Ճիշտ է, փխրուն կազմվածք ուներ, բայց միշտ մարզվում էր, ասում էր՝ ընկերներս նախանձում են իմ մկաններին»: Ջրականում էր ծառայում Մխիթարը:

«Առաջին բանը, ինչ ասաց ինձ՝ մա՛մ, տեղս «չոտկի» է: Ամեն ինչին հարմարվել էր, սիրվել էր նաև բանակում: Իր կարգապահությամբ աչքի էր ընկնում ամենուր, և բանակը բացառություն չէր»: Պատերազմի օրերին մայրիկը զրուցել է որդու հետ: «Սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց՝ մա՛մ, դիրքերում եմ: Զարմացա, որովհետև այդքան շուտ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Առաջին օրը խոսեցինք, հանգստացրեց ինձ: Երբ հաջողվում էր, զանգահարում էր, ասում, որ ամեն ինչ կարգին է: Հույս ունեի, որ նորակոչիկները պատերազմի մեջ չեն: Հավատացել էի, որ նա և մյուս նորակոչիկները ռազմական գործողությունների չեն մասնակցում: Բայց երբ Մխիթարի մարտական ուղին իմ ձեռքում էր…»: Իսկ մարտական ուղին ասում է, որ «շարքային Մխիթար Աղաբեկյանը սեպտեմբերի 27- ից մինչև հոկտեմբերի 30-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, որի ժամանակ աչքի է ընկել կազմակերպչական հատկանիշներով և իր քաջությամբ»: Դիրքերում լինելով՝ պատերազմի սկսվելու օրը Մխիթարը փրկվել էր, չնայած, տարբեր տվյալներով, թշնամին առաջին հարվածները հասցրել էր հենց Արցախի զորամասերին:

Զորամասում չլինելով՝ Մխիթարի և, հավանաբար, շատերի կյանքն է փրկվում սեպտեմբերի 27-ին: Իսկ հետո՞… Շատերը շարունակում են պայքարել, ողջ են մնում կամ, ավաղ, անմահանում, ինչպես Մխիթարը: Հրամանատար Հովհաննիսյանի ստորագրությամբ մարտական ուղին պատմում է նաև, թե որ տեղանքներում է մարտնչել 2 ամսվա զինծառայող Մխիթար Աղաբեկյանը: «Սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով գտնվել են մարտական հերթապահության մեջ կրակային դիրքում, որի ժամանակ խոցել է հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ, կասեցրել է հակառակորդի զրահատեխնիկաների առաջխաղացումը: Սեպտեմբերի 28- ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմով գտնվել են «Գերեզմաններ« կոչվող տեղանքում՝ 3-րդ կրակային դիրքում: Հոկտեմբերի 4-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, որտեղ գտնվել են մինչև հոկտեմբերի 9-ը: Այդ ընթացքում պարբերաբար կատարել են մարտական առաջադրանքներ:

Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել են «Թոզարան» կոչվող տեղանք, զբաղեցրել կրակային դիրք, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ, վերադարձել Հադրութ: Հոկտեմբերի 11-ից մինչև 21-ը ստորաբաժանման կազմով տեղափոխվել են 400 ՀԴԿ-ի թիկունք, որտեղ կատարել է մարտական խնդիրներ, որպես հրաձիգ, որի արդյունքում ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ»: Մխիթարի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 30-ը: Հոկտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 28-ը եղել է «Հին Ֆիզուլի» կոչվող տեղանքում, տղաները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն խմբերին: Իսկ հոկտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 30-ը գտնվել են Մարտունու շրջանի Քերթ գյուղում: «Հոկտեմբերի 29-ին բոլորի հետ խոսեց, հոգնած էր, ասաց՝ յոթ ժամ կռիվ ենք տվել, երեք օր այստեղ հանգստանալու ենք: Բոլորի հետ կարճ էր խոսել: Նաև իր հստակ տեղը չէր ասում, բացատրում էր այլ տարբերակներով: Այդ օրն ասաց՝ լավ չէ՞ր առաջին օրը զոհվեինք, քան էսքան տանջվեինք»: Մայրիկի խոսքով, տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր: Սակայն ԱԹՍ-ն նրանց ավելի շուտ է գտնում:

«Ոչ ոք մեզ չի այցելել ու շատ մանրամասներ չի պատմել. որպես պաշտոնական փաստաթուղթ ունենք իր մարտական ուղին: Երբ զոհվել էր, ուղղակի զինկոմիսարիատից զանգահարեցին ու ասացին՝ եկեք, տարեք, կարծես որպես պարտականություն: Հետո զորամասից մեզ իր մեդալը բերեցին ու վերջ»: Պատերազմի ավարտից հետո ինչ-որ առումով մխիթարություն է ծնողների համար, եթե նրանց որդիները շուտ են «վերադարձել» տուն: Մխիթարի դեպքում այդպես է եղել: Հիմա նա Արցախում է: Տիկին Վարդերեսն ասում է՝ իրենց բռնի տեղահանումից հետո թուրքերը մտել են գյուղ, մնացածի մասին տեղյակ չէ: Իսկ երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակելու համար, արձագանքում է. «Չգիտեմ: Դեռ զարմանում եմ, որ ապրում եմ: Հիմա ցանկությունս մեկն է՝ եթե չենք կարողանում իր մոտ գնալ, գոնե Մխիթարին տեղափոխենք Հայաստան: Չգիտես, թե ուր գնաս, որ ծնունդը շնորհավորես»:

Հ. Գ. - Մխիթար Աղաբեկյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արցախում՝ Վաղուհաս գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամենաընթերցվածները