Իշխանությունների դանակը՝ գիտության թիկունքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդունենք, թե չընդունենք խորհրդային հասարակարգը, այդուամենայնիվ, պարտավոր ենք արձանագրել, որ այդ շրջանում մեր երկիրը գիտության զարգացման ամուր հիմքեր է ունեցել: Այնինչ, անկախությունից հետո լիարժեքորեն չի հաջողվել պահպանել գիտական ներուժը։ Ներկա պայմաններում, երբ մեր պետականությունն ուղղակի գոյաբանական խնդիրների առաջ է կանգնած, գիտությունն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Օրվա իշխանությունները արտաքուստ սկսել են «հիշել» գիտության մասին, որը նաև մեր անվտանգության և պետության զարգացման հենասյունն է։

Փաշինյանն անընդհատ խոսում է գիտելիքահեն տնտեսության, գիտությունը խթանելու և ոլորտին տրամադրվող ֆինանսների ավելացման մասին, սակայն իրականության մեջ գիտությունը մնում է անտեսված, քանի որ իշխանությունների համար առաջնայինը ոչ թե գիտության զարգացման մոդելների ներդրումն է, այլ միայն փիառը։ Իրականում այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը կրճատվի, գիտությամբ զբաղվելը ֆինանսական առումով դառնա ոչ նպատակահարմար։ Օրինակ՝ Փաշինյանն ընդգծում է, թե ավելացնում են գիտնականների աշխատավարձերը, բայց մյուս կողմից էլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ գիտնականներին տրամադրվող գումարները նվազեն։

Ի մասնավորի՝ 700-ից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ, ովքեր մինչ այս գիտական աստիճանի համար հավելավճարներ էին ստանում, հիմա չեն ստանա այդ գումարները, քանի որ աշխատաժամանակի ամբողջական ծավալով չեն ներգրավված գիտության մեջ։ Հասկանալի է, որ գիտնականներից շատերը միայն գիտությամբ զբաղվելով չեն կարող ներկա թանկացումների պարագայում հոգալ իրենց կարիքները, և գիտության հետ մեկտեղ նաև այլ աշխատանքներ են կատարում։ Փաշինյանը հայտարարում է, թե հավելավճարների կրճատումով փորձում են խրախուսել, որ գիտնականներն անցնեն ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի։ Բայց պարզ է, որ թեկնածուական աստիճանի 25 հազար դրամի կամ դոկտորական աստիճանի 50 հազար դրամի համար գիտությամբ զբաղվողները չեն նախընտրի թողնել իրենց երկրորդ աշխատանքը, որքան էլ գիտության մեծ նվիրյալ լինեն։ Զարմանալին այն է, որ հավելավճարների կրճատումը կառավարության կողմից հիմնավորվում է նաև նրանով, թե պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է ստեղծում։

Փաստացի այդ փոքր գումարները բյուջեի համար խնդիր են, իսկ երբ իշխող կուսակցության թիմի անդամների աշխատավարձերն ու պարգևավճարները աստղաբաշխական չափերի ավելացում են արձանագրում, որևէ խնդիր չկա։ Ստացվում է՝ պետական բյուջեի համար ծանրաբեռնվածություն չի ստեղծում այն, որ իշխանության ներկայացուցիչների շքեղ մեքենաների, տարբեր միջոցառումների վրա միլիոնավոր դրամների գումարներ են ծախսում, իսկ գիտնականներին տրվող հավելավճարը ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Դե ինչ, կարելի է փակել գիտությունների ակադեմիան, նաև դպրոցները, վերացնել կենսաթոշակները, դրանք էլ են ծանրաբեռնվածություն ստեղծում. փոխարենը քպականները տասնապատիկ ավելի եկամուտ կստանան: Իսկ եթե լուրջ, ապա իրականում որոշ ուղղություններով երկրի գիտական համակարգն աղճատելու և կազմաքանդելու գործընթաց է գնում։ Օրինակ՝ իշխանություններին պետք չէ, որ երկրում հայագիտությունն ամուր հիմքերի վրա լինի, ու դա էլ արտահայտվի կրթության շրջանակներում, ինչի արդյունքում քաղաքացիների շրջանում ազգային բարձր ինքնագիտակցություն կձևավորվի։

Պարզ է, որ բարձր ազգային արժեհամակարգ ունեցող մարդիկ կձգտեն իշխանափոխություն իրականացնել ու հեռացնել իշխանություններին, որոնք դրսի թելադրանքով մեր ազգային շահերին հակասող քայլեր են ձեռնարկում։ Ուստի, պատահական չէ, որ գիտություն ասելով՝ իշխանությունների պատկերացումների մեջ են տեղավորվում հիմնականում բնական և տեխնիկական գիտությունները, ու, ըստ այդմ էլ, նրանք մտադիր են նաև հայկական գիտությունը միջազգայնացնել։ Ու հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է արտասահմանյան բարձր գործակից ունեցող ամսագրերում կամ հրատարակություններում տպագրություններին։ Բնական և տեխնիկական գիտությունների պարագայում այս մոտեցումն ինչ-որ առումով հասկանալի է, բայց ոչ այնքան հայագիտության պարագայում։ Նախ՝ երկրի ներսում պետք է զարգացնել հայագիտությունը, արդյունքներ ստանալ, իսկ հետո միայն հանել դուրս։ Այլ կերպ ասած՝ հայագիտության արմատավորումն առաջին հերթին անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Երբ չի հաջողվում անգամ հայոց պատմության նորմալ դասագիրք գրել, ապա դրսի հրապարակումները ոչինչ չեն տալու։

Մյուս կողմից էլ՝ ուշադրություն է դարձվում գիտական արդյունքների քանակական գործոնին, օրինակ՝ ինչքան հրապարակումներ են եղել, այնինչ անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնանալ բովանդակային գործոնի վրա։ Օրինակ՝ մեկ լուրջ նորույթ պարունակող և արդիական գիտական հրապարակումը կարող է ավելի մեծ արժեք ներկայացնել, քան նոր խոսք չասող 100 հրապարակումը։ Բացի դրանից, պետությունը պետք է գիտության որոշ ուղղություններ վերցնի իր հոգածության տակ ու պատվերներ տա այն թեմաներով, որոնք բխում են մեր պետական շահերից։ Դեռ չենք խոսում ուղեղների արտահոսքի մասին, որը կանխելը այս իշխանության օրոք գրեթե անհավանական է թվում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները