«Կռիվ լինի, թե խաղ, հիշիր՝ տուն եմ գալու, թե որ հանկարծ չգամ, երազներիդ ես կգամ». Լավրենտի Եպիսկոպոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի, աշխույժ երեխա էր: Սիրում էր երգել ու ասմունքել: Դպրոցում սիրված ու հարգված աշակերտ է եղել, բայց չեմ կարող ասել, որ լավ է սովորել: Պատմությունն էր շատ ուսումնասիրում, երգն էր իր տարերքը: Շատ լավ լողում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անուշը:

Նրա խոսքով, որդու մեջ նկատելի էր խիզախությունը, 16 տարեկանում սահմանախախտ էր բռնել, հետո տեղեկացրել սահմանապահներին, որոնք եկան ու իրեն շնորհակալություն հայտնեցին: «Բիզնեսի հանդեպ սեր ուներ, ջիղը մեծ էր, դա իր հայրիկից է փոխանցվել, մտադիր էր դպրոցն ավարտելուց հետո բիզնեսով զբաղվել: Մտադրվել էինք ժամանակավորապես մեկնել Ռուսաստան, ինչպես ասում են, երկրորդ տունը ստեղծելու: Լավրենտին էլ ասում էր՝ ես կվերադառնամ, մեր այս տունը կսարքեմ: Իր կյանքը Հայաստանում էր պատկերացնում, մենք՝ ևս»: Լավրենտին սիրով է մեկնել ծառայության: Մայրիկի խոսքով, հպարտանում էր բանակով: Լավրենտին զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2021 թ. հունիսի 30-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Էջմիածնի զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Կապան:

«Մի քանի ամսվա ծառայող է եղել, երբ հուշեր է գրի առել, իր մտքերը, այդ նոթատետրը հետո ինձ հասավ: Այդ գրվածքներից էլ եմ հասկանում, որ չի նեղվել ծառայությունից: Մի տեղ գրել է՝ կռիվ լինի, թե խաղ, հիշի՛ր մենակ դու մի բան՝ տուն եմ ես միշտ գալու: Թե որ հանկարծ ես չգամ, երազներիդ ես կգամ»: Ի դեպ, տիկին Անուշը երկու որդի ունի, ավագ որդին՝ Արթուրը, ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, այդ ժամանակ նա վիրավորվում է և ուղղակի հրաշքով փրկվում: 2022 թ. սեպտեմբերին թշնամին հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Տիկին Անուշն ասում է, որ որդին հաճախակի էր տուն զանգում, իրենք անընդհատ խոսում էին հեռախոսով, ուզում էր անընդհատ տունը տեսնել, հարց ու փորձ էր անում, պետք է բոլոր նորություններն իմանար: «Այդ օրերին անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, որ Արթուրը վիրավորվեց, ի՞նչ զգացիր: Արձագանքեցի, որ այդ պահին մտածել եմ՝ մենակ երեխուս ոտքերը վիրավոր չլինեն: Չգիտեմ, թե ինչու էր նման հարցեր տալիս, գուցե կանխազգացում ուներ, գուցե զգում էր պատերազմի վտանգը»: Լավրենտին ու մայրիկը զրուցում էին սեպտեմբերի 12-ի երեկոյան:

«Դիրքում էր, ինչոր լույս նկատեց ու ձայնեց՝ տղե՛րք, դո՞ւք եք: Ես լսում էի այդ խոսակցությունը: Հարցրեցի, թե ի՞նչ պատահեց, արձագանքեց՝ բան չկա, տղերքն էին, հարցրեցի՝ տեսնեմ, թե ինչ լույս է: Ասացի՝ հո կատակներ չեք անում, հանկարծ ձայն չհանեն, մտածեք, թե օտար մարդ է: Բայց Լավրենտին ինձ հանգստացրեց՝ մա՛մ, սա մեզ համար սուրբ տեղ է, երբեք նման բան չենք անի, սա այն տեղը չի, որ հարցեր լուծենք կամ նման մի բան: Լավրենտին կռվարար չէր, հումոր կարող էր անել, կատակել, բայց զուսպ էր շատ: Այդպես զրուցում էինք, ես էլ աշխատանքի էի գնում: Երեկոյան 21:30-ի կողմերն էր: Մեկ էլ՝ «արա՛, էս ո՞վ էր, լավ, մա՛մ, ես քեզ կզանգեմ»: Անջատեց զանգը: Ես անհանգիստ էի՝ լավ, ի՞նչ եղավ, հանկարծ երեխեքը չվիճեն, հանկարծ պատահական կրակոց չլինի: Ուզում եմ զանգեմ, բայց մտածում եմ՝ գուցե օգնություն է ցույց տալիս, գուցե վիրակապում է, իմ զանգն էլ իրեն կշեղի: Այս հարցերն են գլխիս մեջ, ինձ ու ինձ կռիվ էի տալիս ու իրեն երկու զանգ թողեցի, բայց պատասխան զանգ չստացա: Հետո նորից զանգեցի, էլի պատասխան չեղավ: Մեկ ժամից ավելի անցավ, Լավրենտին զանգեց՝ մա՛մ, ի՞նչ է եղել: Ես էլ ասում եմ՝ դու պիտի ասես, թե ինչ է եղել: Արձագանքեց՝ ոչ մի բան, բայց ես ձայնի մեջ դող էի նկատում, զգում էի, որ խաբում է: Ու ասաց՝ իրենք կրակում էին, մենք էլ կրակեցինք, բայց հիմա հանգիստ է: Ասացի, որ անջատի հեռախոսը, հետո զանգի, բայց զանգ այդպես էլ չստացա, ես էլ իրեն չզանգեցի՝ մտածելով, որ գուցե խանգարեմ: Ինձ համար անհանգիստ գիշեր էր, ուզում էի շուտ աշխատանքս վերջանա, որ հասնեմ տուն, լուրերը նայեմ, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ համացանցին միանալ չէի կարող»: Տիկին Անուշն առավոտյան յոթին վերադառնում է տուն:

«Բարեկամներս զանգահարում էին, թե Լավրենտիից ի՞նչ տեղեկություն կա, ես էլ զարմանում էի, թե իրենք որտեղից գիտեն, որ սահմանին կրակոցներ են եղել: Իրենցից իմացա, որ պատերազմ է: Հասա տուն, ամուսինս ու ավագ որդիս Ռուսաստանում էին, բայց արդեն գիտեին, թե ինչ է կատարվում: Զանգել էին Լավրենտիին, բայց անհասանելի էր եղել: Տարբեր համարներով զանգել էր ինձ, սկսեցի հերթով բոլորին զանգահարել, ամեն մեկը մի բան էր ասում՝ իջել են դիրքերից, կապ չկա, փոխարինող չկա, սպասեք, գալու են»: Մայրիկը հավելում է՝ «ու սկսվեցին դաժան օրերը»: Օրեր տևեցին մինչ որդին «տուն վերադարձավ», սեպտեմբերի 29-ին Լավրենտիի հուղարկավորությունն էր: «Երեխեքն անօգնական վիճակում են եղել, եթե իրենց հասնող լիներ, օգնող լիներ, ամեն ինչ կարող էր այլ ընթացք ստանալ: Իր վիրավորումը շատ ծանր չի եղել»,-ասում է տիկին Անուշը:

Նաև վերհիշում է, որ Լավրենտիի ընկերը վիրավոր է եղել, զանգել է տուն, ասել, որ գուցե էլ չհանդիպեն: «Դա հիշելով՝ գիտակցում եմ, որ եթե անգամ դիրքից իջնելու հնարավորություն ունենար, վիրավոր ընկերոջը չէր թողնի»: Լավրենտին և ընկերները զոհվել են Ներքին Հանդի դիրքում, մայրիկի խոսքով, զինվորներից մեկը և հրամանատարը լքել են դիրքը: «Հիմա էլ դատական նիստեր պետք է լինեն, դեռ զանգ չենք ստացել, տեղեկություն չունենք, թե երբ է սկսվելու գործի քննությունը: Սպասում ենք: Իմ երեխեն չկա, բայց հիմա էլ շարունակում եմ իրենից ինչ-որ նորությունների սպասել: Ուզում եմ իմանալ, թե ինչ եղավ, ինչպես եղավ: Սպասում եմ դատական նիստերին, որ լսեմ տղաների ցուցմունքները: Իր սոցիալական ցանցերը բացեցի, նամակներն ընթերցեցի, տեսա, որ գրվել է կողքի դիրքից մի տղայի հետ, հեռախոսի համարը կար, զանգահարեցի, պատմեց, որ առաջինը Լավրենտին է նկատել թշնամու շարժը, կրակել են, «բոյ» են տվել և այսպես շարունակ:

Մենք տեղյակ չենք իր մարտական ուղուց, այս առումով շատ հարցեր ունենք, թե ինչ ու ինչպես եղավ: Երբ զորամասից եկան մեր տուն և իր մեդալը բերեցին, ես ասացի, որ ձեր զինվորն է եղել, բայց մեզ հստակ տվյալներ չեք փոխանցում»: Իսկ հիմա մայրիկին ապրելու, կյանքը շարունակելու ուժ է տալիս ավագ որդին: «Այն ժամանակ ասում էի՝ եթե Լավրենտիս մի բան լինի, ես էլ ինչո՞ւ ապրեմ: Հիմա արդեն ապրելն է դժվար, մեռնելը հեշտ է: Այդպես էի մտածում այդ օրերին, երբ Լավրենտիցս նորություն չունեի: Երբ Արթուրս Ռուսաստանից եկավ, զրուցում էինք, ընդ որում՝ ինքը կարողացել էր ճշտումներ անել, և իրեն ասել էին, որ, մեծ հավանականությամբ, եղբայրը զոհվել է, ասացի՝ ես չեմ ապրի: Արթուրս արձագանքեց՝ լավ, դու գնա, մենք էլ քո հետևից կգանք: Դա ինձ սթափեցրեց, տղաս է ինձ ամուր պահում: Անգամ հուղարկավորության օրը մի պահ աչքս ընկավ Արթուրիս, տեսա, թե որքան է նեղված, ու երևի սխալ կլինի ասել, բայց այդ ակնթարթին մի պահ մոռացա ցավս, ուշադրությունս Արթուրիս կողմն էր: Շատ ծանր է, աննկարագրելի: Հայրիկն էլ երեխայի պես լալիս էր: Մեր ուրախությունը երբեք լիարժեք չի լինելու, ինչ անենք, մի բան այն չի լինելու: Կյանքն ընտանիքում մեռնում է: Ինչպե՞ս կարող ենք հարսանիք անել, ուրախություն կազմակերպել: Մեր ազգին կոտրեցին: Ափսոս մեր երեխեքը... Բայց գիտեմ՝ էլի ծնվելու են հզոր տղաներ, մերը մեզ վերադարձնելու փորձ էլի ենք անելու, այսպես չի մնալու»:

Հ. Գ. - Լավրենտի Եպիսկոպոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Բագրատաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները