Ազգային սահմանային տարածքների «հավատարմությունը» գնելը միշտ հակառակ էֆեկտն է ունենում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

nvo.ng.ru-ն «Հայաստանն ինքն է ընտրել իր ապագան» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Իսրայելի վերջին անհաջողությունները շատ ընդհանրություններ ունեն: Երկու երկրներն էլ նախկին ռազմական հաղթանակներից հետո ապրում էին ինքնագոհության մեջ՝ միաժամանակ խոր արհամարհանք տածելով թշնամու հանդեպ՝ համարելով նրան թույլ, հիմար և ամեն ինչի անընդունակ։ Երկու երկրներն էլ չափազանց բարձր էին գնահատում սեփական պատմությունն ու մշակույթը (չնայած հին պատմությունն ի՞նչ կապ ունի այսօրվա աշխարհաքաղաքականության հետ): Երկու երկրներն էլ չափազանց մեծ հավատ ունեին մեծ տերությունների հետ իրենց հարաբերությունների և մեծ տերությունների ներսում իրենց սփյուռքի ազդեցության հանդեպ: Երկու երկրներում էլ ձևավորվել էր սպառողական հասարակություն, որն ինքնաբերաբար հանգեցնում է պաշտպանական գիտակցության կտրուկ թուլացման։ Արդյունքում Իսրայելը ստացավ չափազանց ցավոտ հարված և ծանր պատերազմ առանց նախորդ հաղթանակների կրկնության հեռանկարի։

Թեև տարածքի (և հատկապես պետականության) գոնե մի մասի կորստով լիակատար պարտությունը տեսանելի ապագայում ակնհայտորեն նրան չի սպառնում։ Հայաստանի դեպքում ամեն ինչ շատ ավելի վատ է: Մեր նախկին ընդհանուր երկրի մասին մեկ դար առաջվա հայտնի բանաստեղծական արտահայտությունը վերաձևելով՝ կարող ենք ասել, որ «Հայոց արծիվը կռվում ոչ թե ուշաթափվեց, այլ նվաստացուցիչ կերպով հոգին ավանդեց»։ Հազիվ թե որևէ մեկը կարող էր դա կանխատեսել՝ հիշելով Ղարաբաղյան առաջին պատերազմի հայկական հաղթանակը։ Եվ նույնիսկ երեք տարի առաջվա Ադրբեջանի հաղթանակը դեռ չէր ստեղծել այն տպավորությունը, որ ԼՂՀ վերջնական փլուզումն այդքան արագ և ամբողջական է լինելու։ Դրա պատճառը վերը նկարագրված գործոններն են։ Եվ ոչ միայն դա, այլ նաև Հայաստանը Իսրայելից տարբերողները։ Մասնավորապես, 1992–1994 թվականների պատերազմում տարած հաղթանակից հետո ղարաբաղյան ռազմաքաղաքական կլանը ոչ միայն սկսեց մեծ ազդեցություն ունենալ բուն Հայաստանի քաղաքականության վրա, այլ նաև, փաստացի, իշխանության եկավ Երևանում, ինչն աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի շատ գրգռվածություն առաջացնել։

Բայց Հայաստանի ժողովրդագրական, քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և ռազմական ներուժը շատ ավելի ցածր է, քան Իսրայելինը։ Ավելի վատ է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը. երկու երկրներն էլ գտնվում են թշնամական միջավայրում, բայց Իսրայելը առնվազն ելք ունի դեպի ծով, իսկ Հայաստանը՝ ոչ։ Նաև պարզվեց, որ հայկական սփյուռքի ներուժն է շատ ավելի ցածր։ Չգիտես ինչու, ցանկացած մեծ տերության հրեական սփյուռքը միշտ շատ ավելի ազդեցիկ է լինում, քան հայկականը։ Հետխորհրդային պատմության սկզբում Հայաստանը հույսը դրել էր Ռուսաստանի վրա։ Եվ այդ ընտրությունը երկար ժամանակ ճիշտ էր։ Ցավոք, Մոսկվան հայկական ուղղությամբ աշխատեց իր արտաքին քաղաքականության ներքին անփոփոխ կաղապարով, այն է՝ բացառապես գործող իշխանության հետ շփվելը։ Դրան ի պատասխան՝ անփոփոխ սիրո և բարեկամության երդում ստացավ, քանի որ ղարաբաղցիներն իսկապես միշտ էլ եղել են շատ ավելի ռուսամետ, քան մնացած հայերը։ Բայց երբ նրանց դուրս մղեցին իշխանությունից, արևմտյան տարբեր, առաջին հերթին՝ ամերիկյան կառույցները Հայաստանում գործելու ազատություն ստացան: Նրանք գործեցին ըստ իրենց ոճի, ինչը, ցավոք, շատ ավելի արդյունավետ ստացվեց, քան Մոսկվայի ոճը։

Երևանում հակառուսական ցույցերը աստիճանաբար սովորական դարձան, իսկ հետո փաստացի հեղաշրջման արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորմալ առումով նա Մոսկվայի հետ ամբողջական բեկում չարեց՝ ի տարբերություն Թբիլիսիի և Կիևի, բայց իրականում ամեն ինչ տարավ դրան։ Իհարկե, շատ հայեր հիմա ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին։ Այսինքն գուցե ոչ բոլորը, բայց Ռուսաստանին չմեղադրողների ձայնը լսելի չէ։ Պարզվում է, որ Ռուսաստանը պարզապես պետք է ավելի շատ Հայաստան լիներ, քան ինքը՝ Հայաստանը, ճանաչեր ԼՂՀ-ն ավելի շուտ, քան դա կաներ Երևանը, և, որ ամենակարևորն է, հայկական զորքերի փոխարեն ռուսական զորքեր ուղարկեր, որպեսզի նրանք զոհվեն Հայաստանի համար: Սակայն մասամբ Ռուսաստանն ինքն է մեղավոր, որ իր պատմության ընթացքում զբաղվել է ազգային սահմանային տարածքների «հավատարմությունը գնելով», ինչը միշտ հակառակ էֆեկտն է ունենում:

Արդյունքում հետխորհրդային շատ երկրներ (ոչ միայն Հայաստանը) լրջորեն համոզված են, որ Ռուսաստանը պարտավոր է իրենց կերակրել և պաշտպանել այնպես, ինչպես էր մեկ երկիր լինելու դեպքում, բայց, միևնույն ժամանակ, իրենք, բնականաբար, իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը վարելու են լիովին անկախ, չէ՞ որ, ի վերջո, անկախ պետություններ են։ Իհարկե, հայերի որոշակի մասը Նիկոլ Փաշինյանին դավաճան է համարում։ Նրանք, հավանաբար, խորապես իրավացի են։ Բայց պարզ չէ, թե ինչո՞ւ այդ ժամանակ դավաճանը երկու անգամ հաղթեց ընտրություններում, ընդ որում՝ երկրորդ անգամ 2020 թվականի ամոթալի ռազմական պարտությունից հետո։ Հայաստանը ընդամենը ևս մեկ օրինակ է այն փաստի, որ փոքր երկրի համար ֆորմալ անկախությունը զգալիորեն մեծացնում է իրական կախվածությունը բոլորից։ «Մեծ երկրներն իրենց ավազակների պես են պահում, իսկ փոքր երկրները՝ մարմնավաճառների» մտքի հեղինակությունը վերագրվել է տարբեր քաղաքական գործիչների, սակայն դա չի խանգարում, որ դա ճիշտ լինի։

Հայերը որոշեցին փոքր երկիր դառնալ և ստացան այդ ընտրության բոլոր բնական և անխուսափելի հետևանքները։ Սակայն դա դեռ ամենը չէ: ԼՂՀ-ի հանձնումից հետո Երևանը դեռ պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և երկրից դուրս մղի 102-րդ ռազմաբազան։ Պետք է հուսալ, որ դա շուտով տեղի կունենա, քանի որ ներկա հակառուսական Հայաստանը վերածվում է ծանր, անիմաստ բեռի։ Դրանից հետո նա ոչ ոքի համար բացարձակապես հետաքրքիր չի լինի: Իսկ Խանքենդիում, որը մինչև վերջերս Ստեփանակերտ էր, ադրբեջանական դրոշների հայտնվելուց հետո Երևանի վրա կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի դրոշները։ Ո՛չ, ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, այլ Թուրքիայի։ Դա էլ կլինի հայկական ընտրության վերջնական և արդար արդյունքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները