«Ինչ-որ մե­կի անե­րև­ույթ ձեռ­քով, կար­ծես, մի­տում­նա­վոր քա­ոս է ստեղծ­վում». մտա­վո­րա­կան

«Փաստի» զրուցակիցն է դրամատուրգ, արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը։

-Պարոն Խալաթյան, վերջին շրջանում հասարակության մեջ գնալով խորանում է պառակտումը, մարդիկ սկսել են թշնամանալ իրար: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են մարդիկ հեռանում իրարից:

-Ցավոք, այո, պառակտումը կա, և ոչ քիչ դրվագներով՝ փոխադարձ թշնամական, որն առայժմ մեծ մասով մեդիադաշտի սահմաններում է, բայց ահագնացման միտումն ակներև է, և չկանխվելու դեպքում կոլապսն անխուսափելի է լինելու: 

Քաղաքական բևեռների շարունակվող սուր հակամարտության էությունն արդեն հանուն երկրի տնտեսական զորացման ու պետականության ամրապնդման չես անվանի: Սա, դասական իմաստով, կուսակցությունների հակամարտություն չէ, այլ՝ անձերի ու նրանց կողմնակիցների: 

Եվ քանի որ այդ անձինք պետական-քաղաքական դեմքեր են, հասարակության ակտիվ շերտերն իրենց հայացքներով դառնում են այս կամ այն թիմի «երկրպագուն»՝ կազմավորելով անկուսակցական, բայց յուրատեսակ քաղաքականացված համքարություններ: 

Եվ տեղի է ունենում հասարակության պառակտում: 

Եթե ընդունում ենք, որ հեղափոխություն է եղել, և հաղթել են խոստումնալից ու բազմաթիվ խոստումներ տված հեղափոխականները, ապա վաղուց ժամանակն էր, որ Հայաստանի ժողովուրդը հեղափոխության պտուղները, գոնե, «ցոգոլային» վիճակում տեսներ: Մինչդեռ ամեն օր ականատես ենք լինում «հեղափոխական» դրվագների, որոնք է՛լ ավելի են խորացնում այդ համքարությունների միջև եղած թշնամանքը և ստվերում են այն փոքրիշատե հաջողությունները, որոնք ձեռք են բերվել հեղափոխությունից հետո և իշխանափոխության արդյունքում: 

Հանրությունը պահ չի ունենում ընկալելու, գնահատելու դրանք, քանզի, մշտապես ինքնաժխտումների, հուզումների ու ցնցումների մեջ է, որոնք իրենց հերթին է՛լ ավելի են խորանում մեդիադաշտի ու սերիալների «ափեռցփեռ» հաղորդումների ազդեցությամբ: Ինչ-որ մեկի աներևույթ ձեռքով, կարծես, միտումնավոր քաոս է ստեղծվում:

-Խոսվում է հասարակության հաշտեցման ճանապարհներ գտնելու մասին: Ներկա պայմաններում դա հնարավո՞ր է, և այդ հարցում ի՞նչ դեր պետք է ունենան մտավորականները:

-Հաշտեցման տանող ուղին երկուստեք խելամիտ քայլեր է ենթադրում: Առայժմ այդպիսիք չկան, մանավանդ՝ իշխող քաղաքական ուժի կողմից, որը լարվածության թեժացման դիրքերում է՝ տարբեր դրսևորումներով: 

Նախկիններն անվերադարձ են, բոլորիս է պարզ: Սակայն ողջ ազգի կարողունակ, գիտակից ուժերի համախմբմամբ ու անմնացորդ նվիրումով երկրի տնտեսական, պաշտպանական հզորության գործին լծվելու փոխարեն յուրայինների խմբով անվերադարձ պարտվածից կերտել «դեմոն» և իշխանական լծակներով ամենօրյա պայքար մղել նրա դեմ, նույնն է, ինչ հողմաղացի դեմ կռիվ տալը: 

Այս իրավիճակի տևականությունը կհանգեցնի անդառնալի կորուստների: «Ներքին թշնամու» կերպարը յուրաքանչյուր ոք ընկալում է որպես շատ մոտ գտնվող վտանգ, թիկունքից վրա հասնող հարված, և բթացնում է զգոնությունն իրական արտաքին թշնամու և նրա նկրտումների նկատմամբ: 

Աստված մի արասցե, եթե սա հատուկ է ծրագրավորված: Դա արդեն մեծ վտանգ է ազգային անվտանգությանը: 

Միաժամանակ, մեր իրականությունում, երբ երկիրը լուծման կարոտ բազմաթիվ, կենսական, շեշտում եմ՝ կենսակա՛ն մարտահրավերներ ունի, ներքին քաղաքական այս իրավիճակը բերում է երրորդ ուժի առաջացմանը, որի ականատեսն ենք: Չեմ բացառում, որ այդ երրորդ ուժի մեջ կան նախկիններից՝ ռևանշի հույս փայփայողներ: Սակայն տրամաբանությունը հուշում է, որ նախկինների նկատմամբ հասարակության անվստահությունն ու ժխտողականությունը, ուշ, թե շուտ, մարելու են նրանց հույսերը՝ տեղը զիջելով պետականության և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը գիտակցող գործիչներին: Իշխանության մեջ ընդգրկվածներից շատերի ներկայիս գործելաոճը, հիմնախնդիրների խելամիտ լուծման անկարողությունն ու ինքնասիրահարված էյֆորիան իրենց հերթին նպաստում են երրորդ ուժի կայանալուն: 

Գալով մտավորականության դերին... Մտավորականությունը, հատկապես՝ գիտության և ստեղծագործական մտքի մարդիկ, որ երևույթները կանխազգալու «վեցերորդ զգայարանն» ունեն, որպես կանոն, ակտիվանում են այն ժամանակ, երբ բացասական միտումների զարգացումը կանխել է պետք, և այն ժամանակ, երբ հասարակական վնասակար ցնցումների արդյունքում կորուստներ տալուց հետո ոգեղեն նեցուկ է պետք ժողովրդին: 

Բուն պրոցեսի ընթացքում, երբ հանրությունը քաղաքական այլևայլումների մեջ է, մտավորականի հրապարակային անկեղծ, սրտացավ վերաբերմունքն ու խոսքը (որը, բնական է, որ հակամարտող կողմերից մեկի քիմքին հաճո չի լինելու), սվիններով է ընդունվում, և վաստակաշատ, ամենահարգված ու տաղանդավոր մտավորականին անգամ ամբոխը պատրաստ է ենթարկել Լինչի դատաստանի: Դրան մենք ականատես եղանք բոլորովին վերջերս... Այնպես որ, ներկայիս քաոսային, պղտոր ու խառնակ պայմաններում հաշտության ուղիներն անտեսանելի են, իսկ մտավորականությունն արհամարհված է և չպահանջված:

-Ի՞նչ պատկեր ունենք մշակույթի ոլորտում:

-Ողորմելի պատկեր: Մեզանում տաղանդավոր ստեղծագործողների աճին ու գործունեությանը նպաստող, մեր հինավուրց մշակույթն ու արդի հիրավի բարձրարժեք ձեռքբերումները միջազգայնացնող պետական հիմնային ծրագիր ու քաղաքականություն չկա: Անկախության անցած տասնամյակները բավարար ժամանակաշրջան էին, որ այդ հարցերի լուծմանը միտված պետական կուռ քաղաքականություն ունենայինք, մինչդեռ, մշակույթի, արվեստի, ստեղծագործական մտքի փայլուն պոտենցիալ ունենալով հանդերձ, ունենք մի պետական կառույց, որում մշակույթի նախարարությունը փակվեց: Տրոյական ձիու հնարքով խորտակվում են օտարամուտ վնասարար ազդեցությունների դեմն առնող դարպասները:

 Փառք Աստծո, որ այս իրականության մեջ, այս օտարման մթնոլորտում մեր մշակույթի, արվեստի գործիչները դեռ լի են գործելու և ստեղծագործելու ավյունով և անմռունչ կրում են իրենց խաչը՝ պահպանելով անաղարտ ներուժն ու արարելով բարձրարժեք ստեղծագործություններ:

-Խնդիր ունենք պահպանել ոչ միայն մշակութային բարձր արժեքները, ներկայացնել դրանք, քարոզել, այլ չկորցնել նաև տարրական հարցերում կիրառելի մշակույթը, օրինակ՝ իրար հետ շփվելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթը: Ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ:

-Չմեղանչենք ճշմարտության դեմ. եթե վեճի առարկան քաղաքական չէ, կամ, ինչպես ինքներդ ասացիք՝ տարրական հարցերում է, մեզանում դեռևս պահպանվում է իրար հետ շփվելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթը:

 Բայց երբ հարցը քաղաքական ծիրում է, ապա՝ թող ու փախիր... 

Եթե ազգի քաղաքական «երևելիները», այծի համառությամբ, պոզերը տնկած, պատեհ-անպատեհ հարմար վայրկյան են ընտրում միմյանց խոյահարելու, ապա միմյանց կարծիք լսելու մշակույթի մասին խոսք լինել չի կարող: Ժողովրդական լավ ասացվածք կա՝ «Ակոսի ծռնությունն ու դուզը մեծ եզիցն ա գալի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները