Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru-ն «Ինչու՞ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում ասել է, թե «հույս կա, որ մոտ ապագայում կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար»։ Նա նաև նշել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը վճռորոշ նշանակություն ունի», և, հավանաբար, «մոտ ապագայում այդ շոշափելի քայլը կիրականացվի»։

Մենք ուշադրություն դարձրինք այդ հատվածի վրա հետևյալ պատճառներով: Սաֆարյանը կրկնել է այն, ինչ նախկինում ասել էր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի լսումների ժամանակ. «Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կյանքի կոչել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո ձեռք բերված՝ երկրների միջև սահմանի բացման մասին պայմանավորվածությունները»։ Ավելի վաղ, ելույթ ունենալով Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում, նա հստակեցրել էր իր դիրքորոշումը, որ «նախկինում էլ է եղել նման ակտիվ երկխոսություն, չնայած այն հանգամանքին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով հաջողություններ չեն գրանցվել»։

Բայց փաստն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ երկրների միջև սահմանի բացման բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները փաթեթային բնույթ են կրում։ Այդ գործողությունը՝ սահմանի բացումը, պայմանավորված է երկու կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագրի ստորագրմամբ։ Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 1-ին 35 տարվա մեջ առաջին անգամ սահմանը ժամանակավորապես բացվեց, որպեսզի Հայաստանից մարդասիրական օգնությունը հասնի Թուրքիայի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն այդ ժամանակ այցելեց Անկարա, վստահեցրեց, որ կողմերը պայմանավորվել են «արագացնել հարաբերությունները կարգավորելու միջոցառումները»։ Դրանից հետո Հայաստանը վերանորոգել և վերազինել է Մարգարայի անցակետը, և նշվել է, որ սահմանը կարող է բացվել 2023 թվականի ամռանը «զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին»։ Սակայն երկու երկրների սահմանը դեռ փակ է։

Ըստ Փաշինյանի, ստացվում է, որ Թուրքիան, որը որոշել էր մինչ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը բացել սահմանը, նահանջել է նախկին պայմանավորվածություններից։ Պաշտոնական մակարդակով Անկարան իր դիրքորոշումը բացատրել է այսպես. «Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացումը, ամբողջությամբ կախված է պաշտոնական Երևանի քայլերից: Տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եթե խելամիտ մոտեցում լինի, ապա այդ գործընթացում կոնկրետ առաջընթաց կլինի, ընդհուպ մինչև սահմանի բացումը»։ Բայց տարածաշրջանում ի՞նչ «նոր իրավիճակի» մասին են խոսում Անկարայում: Եթե փակագծերը բացենք, մի՞թե խոսքը Ադրբեջանի համար հաղթական երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքների, նախկինում կորցրած շրջաններն իր վերահսկողության ներքո վերադարձնելու, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրների և նույնիսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների մասին է։

Համենայն դեպս, հենց այդ համատեքստում է կառուցվում Հայաստանի դիվանագիտությունը թուրքական ուղղությամբ, երբ Երևանը հայտարարում է, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու որևէ պատճառ չկա։ Սակայն Թուրքիայի դիրքորոշումն է փոխվել: Նախկինում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը փաստացի տեղի էին ունենում Ռուսաստանի միջնորդությամբ։ Այժմ Թուրքիայի հետ սահմանները բացելու Հայաստանի ցանկությունը պետք է դիտարկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ նրա բարդ հարաբերությունների, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղվելու համատեքստում։ Ներկա իրավիճակում, կապված հատկապես Մերձավոր Արևելքում Իսրայելի և Համասի պատերազմի հետ, Թուրքիային ձեռնտու չէ հայկական «խաղաքարտը» խաղարկել Ռուսաստանի և Իրանի դեմ։

Հետևաբար, Անկարան Երևանի բոլոր ակնկալիքները շրջում է ոչ թե դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի կառույցներ, այլ «3+3» ձևաչափ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), ընդ որում՝ առանց որևէ ձևով Արևմուտքի միջամտության։ Հենց այդ ուղու վրա է հնարավոր ստորագրել և՛ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, և՛ համաձայնագիր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Բայց իրադարձությունների այս զարգացումը նախատեսում է Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի վեկտորների փոփոխություն։

Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 27-ին Բաքու կատարած այցի ժամանակ ասել էր, որ Հայաստանը չի կարողանում պատշաճ գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները՝ հավելելով, որ «3+2» հարթակը «լավ ձևաչափ է տարածաշրջանում խնդիրների լուծման և խաղաղության հասնելու համար»։ Նման կարծիք է հնչել նաև Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ Ավելին, առաջարկվող նոր աշխարհաքաղաքական մոդելը խոստանում է բաց և տնտեսական համագործակցություն տարածաշրջանի երկրների և համաշխարհային խոշոր խաղացողների, այդ թվում՝ Չինաստանի միջև։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցելով»։

Այսինքն, Հայաստանն այժմ չունի որոշումների ընտրության լայն շրջանակ և մղվում է արտաքին քաղաքականության «տարածաշրջանայնացման», այլ ոչ թե «արևմտականացման»։ Եվ այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի հետ սահմանը կողպված է մնալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Ամենաընթերցվածները