Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետական կազմավորումը ի սկզբանե հիմնված է կեղծիքի, զեղծարարության, ստի ու արյան վրա, պատմությունից քիչ թե շատ տեղյակներին հայտնի է: Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, քաղաքականությունը, հայության նկատմամբ ցեղասպանական ոճրագործ ծրագրերը ուղեկցվում են աղաղակող ստերով ու կեղծարարական, հորինովի հայտարարություններով, նույնպես հանրահայտ է ու ակնհայտ: Առհասարակ, լինի խոսքը «ադրբեջանական ժողովրդի» մասին հեքիաթների, թե, օրինակ՝ Աղվանքի, Գարդմանքի ու Արցախի պատմամշակութային ժառանգությունը «սեփականելու» և ոչնչացնելու, այս կամ այն պարսիկ հեղինակին «ադրբեջանականացնելու» կամ այլ, ավելի անմեղ թվացող բանի մասին (ասենք՝ տոլմա կերակրատեսակի, «Սարի աղջիկ» երգի կամ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի), ադրբեջանական իշխանությունների թելադրանքով ու ֆինանսավորմամբ տիրաժավորվում են բացահայտ հորինվածքներ ու ստեր ու... տարածվում, տարածվում, տարածվում:

Ադրբեջանական գործելակերպն անփոփոխ է: Ավելին, ներկա փուլում, չստանալով Հայաստանի անվանական իշխանությունների կողմից որևէ հակադարձում, ադրբեջանական քարոզչաքաղաքական ակտորներն ավելի ու ավելի են ոգևորվել և լկտիացել: Նրանք ոգևորվել են մինչև այնտեղ, որ Հայաստանը հռչակում են «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի մայրաքաղաքը՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանը, թրքաբար հնչյունախեղելով, հռչակում են՝ «Իրիվան», Հայոց պատմական մայրաքաղաքներից Վաղարշապատը հռչակում են «Ուչմուձին», հրապարակում ու տարածում են ՀՀ քարտեզ, որտեղ բոլոր մարզերը գրված են «ադրբեջանական» անվանումներով: Համարելով, որ արդեն իսկ գործած մի շարք պատերազմական հանցագործությունները լիովին մարսել են, ադրբեջանական իշխանությունները լծվել են կեղծարարության նոր ծրագրի՝ նպատակ ունենալով միջազգային ասպարեզում Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագրի մեղքը բարդել Հայաստանի ու Արցախի վրա:

Ահավասիկ, պատերազմական հանցագործ ու առաջիկայում անկասկած իր արժանին ստանալու ենթակա ադրբեջանական ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»: Խոսքը, կռահելի, է Արցախի բռնի հայաթափման մասին է: Արցախի, որը հազարամյակներով եղել է բնիկ հայկական, որը երբեք չի եղել ադրբեջանական անկախ պետության կազմում, իսկ հիմա անցել է ադրբեջանական տիրապետության տակ, որն իրականացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացում, ինչը ևս համարվում է ցեղասպանական ոճրագործություն:

Ի դեպ, նկատենք, որ, այո, Հայաստանի ներկայիս իշխանությունն իսկապես մեղավոր է Արցախի հայաթափման համար: Իհարկե մեղավոր է: Բայց մեղավոր է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատություն է տվել պատերազմական հանցագործ Ալիևին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելու հարցում: Բայց այս մեղավորությունը չի «ջրում» մյուսի՝ ադրբեջանական արհեստական կազմավորման իշխանությունների մեղավորությունը, ցեղասպանական հանցանք գործելու փաստը, ընդհանրապես բոլոր հանցագործությունները: Ի դեպ, Բայրամովը, երկրորդելով Էրդողանին, նույն հանդիպման ժամանակ նաև հայտարարել է. «Հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Այստեղ արդեն ավելի վաղ հորինած կեղծիքի վրա է հիմնվում մնացյալ պնդումը: Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը ադրբեջանական իշխանության ներկայացուցիչը, կրկնենք՝ երկրորդելով թուրքական ղեկավարությանը, մեղադրում է այն բանի մեջ, որ նախքան սեպտեմբերի 19-ը նրանք տեղեկացված են եղել, որ Ադրբեջանը հարձակում է սկսում Արցախի շրջափակված հայության վրա՝ կոտորելու, կանանց, երեխաներին, ծերերին մորթելու, ծվատելու, Արցախը հայաթափելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները թերևս պիտի ինչ-որ կերպ փորձեն հակադարձել, պատասխանել, մի խոսքով՝ արձագանքել (գոնե մինչև թերթի՝ տպարան ուղարկելը նման արձագանք չկար):

Բայց դա իշխանությունների գործն է, նաև՝ պարտավորությունը: Նախօրոք տեղեկացված են եղել, թե ոչ, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ ուրանում է Արցախը, որ մատը մատին չի տալու՝ Արցախի հայությանը, ինչպես ինքն է հիմա սրտաճմլիկ պաթոսով արտասանում՝ «մեր քույրերին ու եղբայրներին» պաշտպանելու համար: Ու ոչինչ էլ չարեց: Թե ինչ աններելի ծանր մեղքեր է գործել Փաշինյանի իշխանությունը, շատ է խոսվել ու դեռ կխոսվի: Բայց դա մեր խնդիրն է: Իսկ այն, որ ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը միջազգային կառույցներում հանդիպումների ժամանակ բացահայտորեն ստում է, իսկապես պետք է որոշակի պատասխանի արժանանա: Բայրամովի ու, առհասարակ, ալիևյան իշխանությունների ամենամեծ ստերից մեկն այն է, թե Հայաստանը «ադրբեջանական տարածքներից» զինված ուժերը դուրս չի բերել:

Բոլորը, ըստ որում, հրաշալի տեղյակ են, որ խոսքը Արցախի պաշտպանության բանակի մնացորդների մասին է, որի շարքերում առնվազն վերջին 2 տարիներին եղել են բացառապես Արցախի բնակիչներ, ամեն պարագայում՝ չեն եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի վաղ զինաթափել էր Արցախը՝ այնտեղից դուրս բերելով ծանր սպառազինությունն ու հրետանային միջոցները: Այսքանից հետո Բայրամովը դեռ մի բան էլ խոսում է «հակաահաբեկչական գործողության» ու այն մասին, թե «քաղաքացիական անձանց նկատմամբ» բռնություն չի գործադրվել: Սա՝ այն դեպքում, երբ կան կոնկրետ փաստեր՝ կանանց, երեխաների, ծերերի սպանությունների ու վիրավորվելու վերաբերյալ:

Ըստ որում, խաղաղ բնակչության դեմ ռազմական ագրեսիայի փաստերն արձանագրվել են ոչ միայն սեպտեմբերին կատարված ոճրագործության ընթացքում, այլև Արցախի՝ 9 ամիս տևած շրջափակման ամբողջ շրջանում, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հողագործների վրա հարձակումներով ու ոչ միայն: Հայաստանի իշխանությունը պարտավոր է միջազգային ատյաններում շարունակաբար բարձրացնել այդ հարցերն ու նշել այդ սահմռկեցուցիչ փաստերը: Եթե դա չանի փաշինյանական իշխանությունը, դա պարտավոր է անել հաջորդող իշխանությունը, պարտավոր են անել հասարակական կառույցներն ու ակտիվիստները, կազմակերպված Սփյուռքը: Բոլորս:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Ամենաընթերցվածները