Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան carnegieendowment.org հրատարակությունը «Ո՛չ ընկեր, ո՛չ թշնամի. ինչպես ղարաբաղյան ողբերգությունը կփոխի Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ ղարաբաղյան ողբերգությունը վերջնականապես թաղեց Ռուսաստանի՝ որպես պաշտպանի գաղափարը ոչ միայն Հայաստանի քաղաքական վերնախավի, այլ նաև ողջ հասարակության աչքերում։ Նման մտքեր տարբեր ձևերով առաջ էլ գոյություն են ունեցել հայերի մեջ. դրանք սկիզբ են առել առնվազն 19-րդ դարի առաջին քառորդից, սակայն այժմ, եթե անգամ երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարվի, հայերի գիտակցության մեջ Ռուսաստանի կերպարն այլևս այն չի լինի։ Երկար տարիներ պաշտոնապես համարվում էր, որ Երևանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, սակայն ակնհայտ էր, որ ռուսական ուղղվածությունը ամենակարևորն է:

Սակայն այս տարվա սեպտեմբերյան մեկօրյա պատերազմը և դրան հաջորդած հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղից նույնիսկ ռուսամետ հայերի համար ակնհայտ դարձրեց, որ Ռուսաստանը ի վիճակի չէ կամ չի ցանկանում պաշտպանել Ղարաբաղի հայերին: Ասոցիացիաներ առաջացան Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերի հետ, երբ ռուսական զորքերի հեռանալը ստիպեց հայերին փախչել առաջ շարժվող թուրքական բանակից։ Միայն թե այս անգամ հայերի արտագաղթը տեղի ունեցավ ոչ թե ռուսական զորքերի հեռանալուց հետո, այլ նրանց ներկայությամբ։ Արդյունքում, սեպտեմբերյան իրադարձությունները, հակառակ սպասումներին, ոչ միայն չհանգեցրին Փաշինյանի իշխանության անկմանը, այլ, ընդհակառակը, թուլացրին ռուսամետ ընդդիմությանը։

Հայերի մեջ կոնսենսուս է ձևավորվում, որ տեղի ունեցածից հետո Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունն անհնար է։ Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի հետ ռուսական քաղաքականությունը: Առաջին հերթին Հայաստանի համար ամենալուրջ խնդիրը մնում է հակամարտությունը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի հետ։ Լեռնային Ղարաբաղի հայազրկումից հետո Բաքվի հայտարարությունների ագրեսիվության աստիճանը նվազել է, սակայն Ալիևը չի շտապում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Երևանը չգիտի, թե ինչպես մեկնաբանել Բաքվի այդ քայլը։ Թերևս Ադրբեջանը չի շտապում, քանի որ արդեն ստացել է այն ամենը, ինչ ուզում էր։

Բայց նաև չի բացառվում, որ Բաքուն միտումնավոր է ժամանակ ձգում, որպեսզի միջազգային հանրությունը մարսի ԼՂ-ի սեպտեմբերյան իրադարձությունները և ավելի հանգիստ արձագանքի հաջորդ սրացմանը։ Ինչ էլ լինի, վերջին իրադարձությունները համոզեցին Երևանին, որ անհրաժեշտ է լուծում փնտրել հարևանների հետ։ Բայց Հայաստանի ղեկավարության խաղաղասիրական հռետորաբանությունը Հայաստանում դիմադրության է հանդիպում՝ հանրային դաշտում բարձրաձայն, պետական ապարատում՝ խուլ: Այդուհանդերձ, թե՛ քաղաքական էլիտայի, թե՛ փորձագիտական հանրության մեջ կա աճող կոնսենսուս, որ նման քաղաքականությունն այլընտրանք չունի։ Երևանի ցանկացած այլ գիծ կբերի նոր սրացումների և նոր պարտությունների։

Իհարկե, Հայաստանը չի կորցրել ուժերի ներկա հարաբերակցությունը շտկելու հույսը, և դա՝ առաջին հերթին Արևմուտքի հետ համագործակցության միջոցով։ Վերջին ամիսներն աննախադեպ են դարձել արևմտյան ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ակտիվության մակարդակով։ Բայց Երևանում հասկանում են, որ Արևմուտքի հետ մերձեցման գործընթացը որոշակի սահման ունի։ Հայաստանը շարունակում է կախված լինել Ռուսաստանից անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտի կենսական հարցերում, և միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում, հատկապես հիմա, երբ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ավելի առաջնահերթ խնդիրներ կան։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի հետ հակամարտության նոր սրման դեպքում դժվար է ակնկալել ուղղակի ռազմական օգնություն Արևմուտքից։

Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կսահմանափակվի Բաքվի վրա դիվանագիտական ճնշումներով և պատժամիջոցներով, որոնց արդյունավետությունը կասկածելի է։ Հետևաբար, Երևանը փորձում է զգույշ լինել Արևմուտքի հետ նոր հարաբերություններում, չկրկնել անցյալի սխալները և բոլոր հույսերը չդնել միայն մեկ ռազմավարական դաշնակցի վրա։ Այստեղից էլ Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու դժկամությունն ու այլ գործընկերներ փնտրելը։ Նոր գործընկերների դեպքում ամենաակնհայտ ընտրությունն Իրանն է, որը, չնայած իր անտարբեր վերաբերմունքին Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, բազմիցս է կրկնել, որ սահմանների փոփոխություններ չպետք է լինեն: Ամեն դեպքում, Իրանը թեև բարդ, բայց կենսական գործընկեր է Հայաստանի համար, և, հետևաբար, շրջվելով դեպի Արևմուտք՝ Երևանն անպայման պետք է այնպես անի, որ Թեհրանում շատ գրգռվածություն չառաջացնի։ Մեկ այլ գործընկեր, որի հետ Երևանը հույսեր է կապում, Հնդկաստանն է:

Նյու Դելին Հայաստանին նկատել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանին ակտիվորեն աջակցում էին ոչ միայն Թուրքիան և Իսրայելը, այլ նաև Պակիստանը։ Այդ ժամանակվանից սկսած Հնդկաստանի և Հայաստանի միջև շփումներ են սկսվել, այդ թվում՝ զենքի մատակարարման ոլորտում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր գործընկերներից ոչ մեկը պատրաստ չէ ստանձնել իր անվտանգության երաշխավորի դերն այնքանով, որքանով Ռուսաստանն է, հասկանալի է դառնում Մոսկվայի հետ կապերն ամբողջությամբ խզելու Երևանի դժկամությունը։ Սակայն Մոսկվայում Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի ցանկացած փորձ ընկալվում է որպես թշնամական քայլ, և Երևանի հետ համագործակցությունը կառուցվում է «ուր են գնալու» սկզբունքով։

Մոսկվան դեռևս Հայաստանի վրա ճնշում գործադրելու բազմաթիվ լծակներ կամ գոնե նրան պատժելու բազմաթիվ եղանակներ ունի: Ճիշտ է, արմատական միջոցների կիրառումը թեև մեծ վնաս կհասցնի Հայաստանին, բայց չի օգնի նրան վերադարձնել ռուսական ազդեցության գոտի և միայն կհանգեցնի հակառուսական տրամադրությունների աճին և նոր գործընկերների ավելի ակտիվ որոնմանը։ Այդ ամենը որոշակի հիմք է տալիս հուսալու, որ Մոսկվան և Երևանը դեռ կկարողանան հաղթահարել էմոցիաները և գտնել փոխգործակցության ինչ-որ նոր ձևաչափ կամ գոնե քաղաքակիրթ կհեռանան միմյանցից։ Թեև հետխորհրդային մյուս երկրների հետ հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ Մոսկվան միշտ չէ, որ ռացիոնալ որոշումներ է ընտրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Ամենաընթերցվածները