Եթե այդպես է, ինչո՞ւ է... այսպես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում անհնար է չնկատել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների գերագրեսիվ պահվածքը, անզուսպ վերբալ ագրեսիան ընդդիմադիրների ու, ի դեմս նրանց, «ոչ իշխանական հանրության» նկատմամբ: Ի դեպ, «փակագծերում» հիշեցնենք, որ օրերս մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր քպականներին և հատկապես «բարձրաստիճան» քպականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»: Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է մասնավոր դեպքերին, ապա երեկ նման դրսևորման ևս մեկ, կարելի է ասել՝ թարմ նմուշ մատուցեց Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում 2024ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Առիթն ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիտարկումներն էին փաշինյանական իշխանության շրջանում Հայաստանի տարածքային կորուստների, ինքնիշխանության շարունակական անկման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը սկսեց հակառակի մասին խոսել՝ մեղադրելով... «նախկիններին»՝ ինքնիշխանության աստիճանի անկման մեջ, ապա սկսեց մուննաթ գալ, թե՝ «կամ ասում եք՝ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել, որ անվտանգություն լինի: Կրկին հեգնանքով: Մթոմ ձեր ձեռք բերած, ֆիզիկապես բերած, կանգնեցրած պայմանավորվածություններն աշխատեցի՞ն: Մի գրամ չաշխատեցին:

... Բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են և ձեր կողմից փայփայվում ու քարոզվում են, չաշխատեցին»: Խոսքը, հասկանալի է, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ համագործակցության մեխանիզմների մասին է: Դե ինչ, եթե Արարատ Միրզոյանին դա այդքան դուր է գալիս, ապա չենք զլանա նրան հիշեցնել որոշ «մանրուքներ» և իրողություններ, որոնք նա, իր ղեկավարին նմանակելով, «մոռանում» է, ի լրումն, միտումնավոր խախտում պատճառահետևանքային կապը:

Առաջին. Արարատ Միրզոյանին հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել գունավոր «հեղափոխություն», այսպես ասած՝ «թավշյա», որի հետևանքով, առնվազն ՀՀ ռազմավարական դաշնակից-գործընկերների համոզմամբ, իշխանության են եկել արևմտամետ ուժեր: Դա արդեն իսկ որոշակի հարված էր ՀՀ եղած անվտանգության կառուցվածքին:Դաժան իրողությունն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության կորուստը տեղի ունեցավ հենց 2018-ի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ու իրենց «թիմը» պաշտոնապես դարձան ՀՀ իշխանություն:

Երկրորդ. հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը բարձրաստիճան ներկայացուցիչն է այդ «թավշյա» նորիշխանությունների, որոնք, օրինակ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարեցին, որ սկսելու են իրենց կետից կամ «զրոյական կետից»:

Երրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը անմիջապես սկսեց վարել հակառուսական քաղաքականություն, քրեական հետապնդում նախաձեռնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ:

Չորրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը բանակցային գործընթացը միտումնավոր մտցրեց փակուղի, լեգիտիմացրեց ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ ռազմական ագրեսիայի դիմելու նկրտումները, նախքան այդ արեց քայլեր, որոնք նպատակաուղղված էին ինչպես Չինաստանի, այնպես էլ Իրանի հետ ՀՀ ունեցած հարաբերությունները փչացնելուն:

Հինգերորդ. պատերազմի ընթացքում, այնուամենայինիվ, Ռուսաստանը ապահովեց որոշակի ռազմատեխնիկական օժանդակություն, բայց ամենից կարևորը՝ Արարատ Միրզոյանի ղեկավարը մերժեց պատերազմը համեմատաբար ավելի նպաստավոր դիրքում դադարեցնելու առաջարկը: Մինչ վեցերորդ և հաջորդ հիշեցումներին անցնելը, ևս մեկ փոքրիկ մեջբերում ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի երեկվա «մուննաթից»:

Այսպես. «Չաշխատեց խաղաղապահների մեխանիզմը ԼՂ-ում, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ 2020-ից հետո՝ 2021-ի մայիսի 12-ին, 2022-ի սեպտեմբերի 13-ին»,-ասում է Արարատ Միրզոյանը: Շարունակենք հիշեցումները: Վեցերորդ. «խաղաղապահների մեխանիզմը» բացառապես ՔՊ-ի իշխանության և իշխանապետ Փաշինյանի «նվաճումն» է: Ու եթե այն չի աշխատել, ապա դուք ոչ թե պիտի մուննաթ գաք, այլ պարզաբանումներ ներկայացնեք: Յոթերորդ. Եթե Արարատ Միրզոյանը «մոռացել» է, ապա հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, իրենց իսկ իշխանության պաշտոնավարման հետևանքով Հայաստանի ու հայության գլխին բերած պատերազմական աղետից հետո ահռելի ու անդառնալի փոփոխությունների էր ենթարկվել իրադրությունը, փոխվել էր ուժերի հարաբերակցությունը, ամենից կարևորը՝ հաղթանակած Հայաստանը, Արցախը, Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ջանքերով, դրվել էին կապիտուլ յացիայի ենթարկված, պարտված, ջախջախվածի վիճակում ու կարգավիճակում:

Բայց ամբողջ հարցն այն է, որ նույնիսկ այդ պայմաններում, ունենալով Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածություններ, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ուրացավ Արցախը, գործնականում ապահովեց Ռուսաստանին «խաղից դուրս» դնելու արևմտյան սցենարի իրականացումը, որից հետո, հասկանալի էր, որ հաջորդող փորձությունների առաջ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ մեն-մենակ է մնալու: Ինչը և տեղի ունեցավ, ինչից էլ օգտվեցին Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի համար սիրելի գործընկեր հանդիսացող Թուրքիան ու Ադրբեջանը:

Այնպես որ, մեխանիզմները չաշխատեցին ոչ թե այն պատճառով, որ դրանք չաշխատող էին, այլ որովհետև այդ մեխանիզմներն «աշխատեցնելու» կոչված իշխանության ղեկին մի ուժ էր, որի գլխավոր ներկայացուցիչները շարունակաբար դեմ են եղել այդ մեխանիզմներին, իսկ իշխանության հասնելով՝ ամեն ինչ արել են դրանց չաշխատելու համար: Մի խոսքով՝ անհասկանալի է, թե ում վրա կամ ինչ հենքով է «մեխանիզմային» մուննաթ գալիս ներկայացուցիչը մի իշխանության, որը բացարձակապես ոչինչ չի արել, որը հրապարակավ հրաժարվել է Արցախից, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր իսկ ծրագրային դրույթից, որը հայտարարել է, որ չի միջամտելու, եթե թշնամին հարձակվի Արցախի վրա: Այդքան բան չանողը հիմա ումի՞ց է ինչ ուզում:

Հ.Գ.-Ի դեպ, «պիպետկով» զենքերի մասին, որի վերաբերյալ նորից «մուննաթ» էր գալիս Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչպես էր, որ «պիպետկով» զենք ստացող Հայաստանն ու Արցախը այդքան տարի ամուր անվտանգություն ունեին: Եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, և եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը զենք է գնում «ոչ պիպետկով», ինչպե՞ս է ստացվում, որ այսօր Հայաստանի մոտ 200 քկմ տարածք բռնազավթած է Ադրբեջանի կողմից, ինչի մասին նշեց նաև նույն Միրզոյանը, ինչպե՞ս է, որ անվտանգային առումով գոնե մի փոքր վստահություն չկա ՀՀ որևէ քաղաքացու մոտ...

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan 12 եվրոպական երկրներ կոչ են անում ԵՄ-ին ուժեղացնել ներկայությունն Արկտիկայում Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Նիդերլանդներում 150 ուղևորով գնացքը բшխվել է բետոնե բլոկներ տեղափոխող բեռնատարին Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Ամենաընթերցվածները