«Իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։

- Պարո՛ն Հակոբյան, Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ, և առնվազն այս պահի դրությամբ իրավիճակի փոփոխության ուղղությամբ հստակ քայլեր տեսանելի չեն: Արդյո՞ք բավարար եք համարում միջազգային հանրության, Հայաստանի և Արցախի ջանքերը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և շրջափակմանը վերջ դնելու ուղղությամբ:

- Հարցի պատասխանն առկա է հենց հարցի մեջ՝ քանի դեռ շրջափակումը շարունակվում է, այն հաղթահարելու ուղղությամբ գործադրված և գործադրվող ջանքերը բավարար համարվել չեն կարող: Այս ընթացքում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երկու հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որոնցից մեկը՝ հենց առաջին օրը՝ դեկտեմբերի 12-ին: Դրանց միջոցով մենք մեր ուղերձներն ու կոչերն ենք հղել թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող մեր ազգակիցներին: Բացի այդ, այս ընթացքում թե՛ ես, թե՛ կուսակցության անդամները բազմիցս հանրային խոսքով ենք հանդես եկել և փորձել ենք ներկայացնել իրավիճակի ու հնարավոր անելիքների մեր տեսլականը:

Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանության հետ հույսեր կապել այս իրավիճակում որևէ իմաստ չունի: Նրանք ավելի շատ գործողությունների իմիտացիա են անում ու ավելի խորն են ներքաշվում աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ մեծացնելով առկա վտանգները: Հետևաբար, իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից: Այսօր պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան, որոնք կարելի է համախմբել ու փորձել լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում:

- Իսկ որո՞նք են այդ ռեսուրսները, ի՞նչ հնարավոր քայլեր եք տեսնում:

- Առաջին հերթին պետք է օգտագործվի այս իրավիճակն Արցախի սուբյեկտայնությունը վերականգնելու, աշխարհի համար Արցախի ձայնը լսելի դարձնելու, Արցախին՝ իր անունից, իր դեմքով խոսելու, ներկայանալու հնարավորություն ստեղծելու համար: Բոլորս և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում դրան պետք է ծառայեցնենք մեր կապերն ու ռեսուրսները, բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտները պետք է հաղթահարվեն: Պետք է համախմբվի նաև մտավոր կապիտալը, բոլոր առաջարկները, բոլոր գաղափարները պետք է հավաքագրվեն, և փորձ արվի դրանք կյանքի կոչել՝ անկախ արդյունավետության աստիճանից: Նույնիսկ նվազագույն արդյունքն այսօր կարևոր է: Ինչ վերաբերում է աշխատանքի ուղղություններին, ապա դրանք շատ են, ու դրանց մասին առիթ ունեցել ենք խոսելու:

Առաջինը՝ գլոբալ միջազգային հանրությունն է: Այս իրավիճակը, Ադրբեջանի այս քաղաքականությունն ու հռետորաբանությունը պետք է մեկընդմիշտ օրակարգից ու դիսկուրսից դուրս մղեն Արցախյան հակամարտության կարգավորման բոլոր այն սցենարները, որոնք դիտարկում էին Արցախի ապագան Ադրբեջանի կազմում: Մեկընդմիշտ պետք է ամրագրվի, որ Արցախը չունի ապագա Ադրբեջանի կազմում, կարգավորման հիմքում պետք է լինի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Հնարավորություններ է ստեղծում նաև փաստը, որ Արցախի ԱԳ նախարարը գտնվում է Երևանում և ունի տեղաշարժի ազատություն, ինչն էլ պետք է լայնորեն օգտագործել՝ «անջատում հանուն փրկության» բանաձևն ու Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության հարցն առաջ մղելու համար: Պետք է ողջ առկա ռեսուրսը, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր կապերը ներդնել, որ Արցախի արտգործնախարարի համար պատշաճ միջազգային այցեր կազմակերպվեն, նրա համար պատշաճ ընդունելություն ապահովվի մի շարք, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և բարեկամ երկրներում, ինչն էլ հնարավորություն կտա «միս ու արյուն տալ» վերը նշված օրակարգին:

Միջազգային դերակատարները, հատկապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, պետք է կոչերից անցնեն Արցախի ճանաչման ուղղությամբ հստակ քայլերի կամ առնվազն այս ուղղությամբ ակտիվ քննարկումներ տանեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ շրջափակումը կարող է իր համար ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ: Բայց հիմնական ու հրատապ աշխատանքի առաջնային ուղղությունն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը կոպտորեն խախտվում է, իսկ ՌԴ-ն դրա երաշխավորն է, Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկություն ապահովողը, ինչն, այսօր, փաստացի, չի արվում: ՌԴ-ն անվտանգային ու ռազմաքաղաքական պարտավորություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և կարիք կա այսօր ի լուր աշխարհի ու Ադրբեջանի ևս մեկ անգամ վերահաստատել դրանք: Բնականաբար, հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև խաղաղապահ առաքելության, դրա գործունեության ժամկետի, լիազորությունների հետ կապված՝ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու:

Ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախի բնակչության անվտանգության միակ միջազգային երաշխավորն է, իսկ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ այդ անվտանգությանը լրջագույն վտանգներ են սպառնում: Հետևաբար, պետք է ամրագրվի, որ նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթը, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին 5 տարին լրանալուն պես առաքելության դուրս բերման հարց բարձրացնել, կորցրել է իր ակտուալությունը, և առաքելությունն անժամկետ է դառնում՝ մինչև առկա վտանգներն իսկապես վերանան: Ակնհայտ է նաև, որ խաղաղապահ առաքելությունն իր այսօրվա ծավալով ու ռեսուրսներով չի կարողանում լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները, ուստի պետք է մեծացվի դրա թե՛ մարդկային, թե՛ ռազմական պոտենցիալը: Անհրաժեշտ է օպերատիվ և ուղիղ կապ գործի Արցախի և ՌԴ պետական ինստիտուտների միջև, որը թույլ կտա արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Խոսել ենք նաև Հայաստանի ու Արցախի միջև օդային կայուն հաղորդակցություն հաստատելու կարևորության մասին՝ Լաչինի միջանցքի շրջափակումն իմաստազրկելու և հետևանքները հաղթահարելու նպատակով: Այդ օդային հաղորդակցությունը պետք է մշտական բնույթ ստանա ու մշտական այլընտրանքային կապ դառնա Արցախի և Հայաստանի, Արցախի և աշխարհի միջև:

- Այս ամենի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատանքը:

- Չեմ կարծում, որ պետք է գնահատական հնչեցնեմ: Տեսանելի են քայլեր: Պետնախարարը բազմիցս արտահայտվել է փոփոխությունների և արդյունավետության բարձրացման ցանկության մասին: Կան հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, զարմացնում են: Սակայն կարծում եմ՝ հիմա պահը չէ այս հարցերին անդրադառնալու:

- Երբ նշում եք, որ Հայաստանի իշխանությունից ակնկալիքներ ունենալ տեղին չէ, ի՞նչ հիմնական դերակատարներ եք պատկերացնում այդ պարագայում:

Պետք է համախմբվի ողջ հայ ժողովուրդը՝ Արցախի պետական ու ոչ պետական կառույցները, հասարակությունը, Հայաստանի ողջ հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, Սփյուռքի համայնքներն ու ազդեցիկ անհատները և այլն: Մեծ անելիք ունեն մեդիա դաշտն ու դրա հետ առնչություն ունեցողները: Իհարկե, յուրահատուկ դեր պետք է խաղան թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար հեղինակություն ունեցող ինստիտուտները, մասնավորապես՝ եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին կարող է միավորողի, իր շուրջը համախմբողի, ինչ-ինչ գործընթացներ համակարգողի դերում հանդես գալ և օգտագործել էկումենիկ կապերը միջազգային հանրության վրա ազդեցությունը մեծացնելու համար:

Այս ուղղությամբ նաև Արցախում քրիստոնյա ժողովրդի դեմ կատարվողի վրա աշխարհի ուշադրությունը սևեռելու և միասնական բողոքի ձայն բարձրացնելու ակցիաների առաջարկներ են հնչել, որոնք կարծում եմ շատ տեղին են: Հասկանալի է, որ շրջափակումն ուղղակի և անուղղակի անդրադառնում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և նրանց ընտանիքների վրա, այդ թվում՝ բնականաբար, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդների: Չեմ էլ ուզում խոսել այն մասին, որ միգուցե դա նրանց վրա չի անդրադառնում, որովհետև այդ պարագայում արդեն այլ հարցեր կծագեն: Ուստի, տրամաբանական կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու հայրապետների միացյալ հովվապետական այցի կազմակերպումն Արցախ: Ընդհանուր առմամբ, այսօր ամեն անհատ, ամեն կառույց, ամեն ինստիտուտ իր ուժերի ներածի չափով պետք է անի առավելագույնն Արցախի մեր հայրենակիցների վիճակը թեթևացնելու, ձայնը լսելի դարձնելու, այս իրավիճակից առաջացող հնարավորությունները բաց չթողնելու և ի շահ Արցախի, ի շահ հայ ժողովրդի ծառայեցնելու համար:

Մենք, ցավոք, հերթական աննախադեպ ու արտակարգ իրավիճակում ենք հայտնվել, հետևաբար, պետք է մտածենք աննախադեպ ու արտակարգ քայլերի, դեռ չբացահայտված հնարավորությունների մասին՝ առավելագույնն անելով տեսանելին կյանքի կոչելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Կոտայքում «Mercedes»-ը «Iveco» բեռնատարի, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, 1-ը՝ հոսպիտալացվել․ Shamshyan
Ամենաընթերցվածները