«Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում». Երբ տնօրինում ու պահպանում ես մշակութային ժառանգությունդ

Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը  նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:

Ցուցադրությանն աջակցել և իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր են տրամադրել հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ,  «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան։

Նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

Ցուցահանդեսի բացմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ցուցադրության գաղափարը ծագել է հենց վերականգնողների մոտ, բայց այն աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարության կողմից՝ դրամաշնորհ է հատկացվել այս նպատակի համար։

«Ծրագրի ղեկավարն է Գայանե Էլիազյանը, որը Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչն է, երկար տարիներ պատվով կատարել է այս գործը։ Հասել է նրան, որ այսօր Մատենադարանի վերականգնման բաժինը ինչ-որ տեղ տարածաշրջանային կարևոր կենտրոն է։ Շատ արժեքավոր մարդիկ են վերականգնողները։ Լավ ռեստավրատոր լինելու համար մարդը պետք է լինի և գիտնական, ունենա ճաշակ, այսինքն՝ արվեստի հետ առնչություն, ունենա ձեռքի շնորհք՝ այսինքն արհեստավոր լինի։ Ռեստավրացիան արհեստի, արվեստի և գիտության միացություն է, որը շատ քիչ մարդիկ կարող են անել։ Այս առումով նրանց աշխատանքն արժանի է գնահատականի։ Կարծում եմ՝ հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի նրանց աշխատանքը»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի խոսքով, թեև ցուցադրության խորագիրն է «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում», բայց, կարծում է, պետք է աշխատանքային կարգախոսը լինի՝ մենք կան և պետք է լինենք, որովհետև վերականգնողներն այն օղակն են, որ կապում են անցյալն ապագայի հետ։

«Մեր ցուցահանդեսը շատ փոքր է, թեև ցուցադրելու բավականին շատ նյութ ունենք։ Սա առաջին փորձն է։ Ունի նաև խորհուրդ, այս ցուցադրությունով մենք փորձում ենք հանրությանը ցույց տալ այն երկխոսությունը, որ տեղի է ունենում վերականգնողի ու վերականգնվող նյութի հետ։

Մարդիկ գալիս են թանգարան, տեսնում են միայն արդեն պատրաստի նմուշ, բայց դրան հասնելու համար երկար, հետաքրքիր, բարդ ճանապարհ են կատարում  վերականգնողները»,- ասաց Գայանե Էլիազյանը՝ ընդգծելով, որ պետք է փորձել միասնական ուժերով պահել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին, ովքեր թողնում են աշխատանքը, ոլորտը, քանի որ իրենց սոցիալական խնդիրները լուծված չեն, բացակայում է նյութատեխնիկական բազան։

Ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանն ասաց, որ ցուցահանդեսում գրեթե  5000 տարվա մշակութային կտրվածք է ներկայացված, երբեն միտումնավոր փորձել են զուգահեռներ տանել տարբեր դարաշրջանների միջև՝ տեսնելու, թե որոնք են այն ընդհանուր գծերը, որոնք կարող են Մեծամորը միացնել վաղ միջնադարի հետ, վաղ միջնադարը ուշ միջնադարին և մինչև Սարյան։ Նրա խոսքով, մասնագետների համար հիանալի հնարավորություն է վերլուծական համեմատություն անել տարբեր դարաշրջանների հայ արվեստի, գեղագիտությունների  միջև։

Արա Հայթայանն ասաց, որ բավականին սահմանափակ տարածքում, և տարածք, որը նախատեսված չի եղել նման նմուշների համար, այլ հիմնականում ձեռագիր ժառանգության, իրենց թիմով կարողացել են լուծել բարդագույն խնդիրներ ու հանրությանը ներկայացնել այս ցուցահանդեսը։ Նա առաջարկեց հոկտեմբերի 18-ը նշվել որպես վերականգնողի օր։

«Սա իմ անձնական առաջարկն է»,- ասաց նա։

Ցուցահանդեսում ներկայացված է 60 ցուցանմուշ, մեծ մասը վերաբերում է վաղ բրոնզե դարաշրջանին՝ ըստ թանգարանների տրամադրած նյութի ու տարածքի ընձեռած հնարավորության։ 

«Մենք գիտենք, որ դարաշրջանները պարզից գնում են դեպի բարդ, պարզ ձևերից գնում են դեպի ոճավորում, բայց արվեստի բնույթն այնպիսին է, որ հետո վերադառնում ենք պարզ ձևը։ Օրինակ, երբ Էրեբունին պեղվեց, պղնձե ափսեներ հայտնաբերվեցին, դրանց միջի զարդանախշն ընտրվեցին որպես Երևանի խորհրդանիշ, այսինքն 20-րդ դարում քաղաքը որպես իր համար խորհրդանիշ վերցրեց Ք.Ա. 8-րդ դարում մշակված գեղմը։ Կամ՝ այսօր կանայք կրում են Սիսիանի ժայռապատկերներով զարդեր։ Մի բան, որը չէինք պատկերացնի 100 տարի առաջ։ Այսինքն գեղագիտությունը միշտ պտտվում է, իր տեղում չի մնում, անընդհատ դրա հետ աշխատում ենք և միշտ ակտուալ է»,- ասաց Ա. Հայթայանը։

Նա ընդգծեց, որ մեր մշակութային ժառանգությունը, այս ցուցահանդեսը պետք է գրագետ ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում. «Աշխարհում պետք է խոսվի մեր թողած ժառանգության, մեր ազգի մասին, դա լինի ոչ թե հատվածական՝ 5-10 տարին մեկ այլ անընդհատ, քանի որ սա մեզ համար միայն գեղագիտության խնդիր չէ, կյանքի խնդիր է, այսինքն ապացուցել, որ մենք այս լեռնաշխարհում մենք հարատև ապրում ենք և ստեղծագործում ենք։

Հենց մեր ժողովրդին էլ ապացուցելու կարիք կա. եթե ասենք մեր ժողովուրդը ճանաչում է իր մշակութային տարբեր շերտերը, այդպես չէ, նախ մենք պետք է ճանաչենք ու հասկանանք, թե ինչ է սա ներկայացնում իրենից»,- ասաց Հայթայանը։

Նրա խոսքով, մարդկությունը ինչ ստեղծում է,  արդեն մի քանի տարի անց վերականգնման կարիք ունի, այդ իսկ պատճառով անընդհատ նոր վերականգնողական խմբեր, դպրոցներ, մասնագիտացումներ պետք է ունենալ, որպեսզի այն ժառանգությունը, որը տնօրինում ես, պահպանես։

Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանն ասաց, որ վերականգնում է ձեռագրեր, ու իր համար գերագույն հաճույք է աշխատել ձեռագրերի հետ։
«Այս ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշերի շրջանակը բավականին լայն է։ Փորձել ենք մի հարկի տակ մի ցուցահանդեսով ներկայացնել այդ ամենը՝ հաճախ սինթեզելով դարաշրջանները, համատեղելով,  խառնելով խաչմերուկները, քանի որ հիմքում վերականգնված իրն է և ինչ պատմություն է անցել»,- ասաց Արթուրը։

Ցուցահանդեսին ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով, շատ կարևոր ցուցահանդես է, պետք է ավելի շուտ արվեր։

«Ինչպես մեր երկիրը, մեր կյանքը կարիք ունի վերանորոգման, վերականգնման, այնպես էլ  մեր պատմամշակութային ժառանգությունը միշտ կարիք ունի վերանորոգման, վերականգնման։ Այս առումով այս նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց հենց վերականգնողների ջանքերով, չափազանց ողջունելի է։ Վստահ եմ՝ պետական համապատասխան կառույցներն այս չափազանց կարևոր գործին մեծ ուշադրություն կդարձնեն, կօգնեն, որ ոլորտը կատարելապես իրականացնի իր աշխատանքը»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2012 թվականից ի վեր Ամենյան Հայոց Վեհափառ Հայրապետի անմիջական տնօրինությամբ սկսվել է վերանորոգման աշխատանքը, այսօր ունեն գործվածքի, կտավի վերականգնողներ, ապագայում կունենան մետաղի վերականգնող և Սուրբ Էջմիածնի թանգարաններում ձևավորվեց ռեստավրացիոն բաժին։

«Բոլոր ժամանակերում մեր պատմական ճշմարտությունը, ինքնության նմուշները աշխարհին ներկայացնելու հրամայական ունենք։ Հատկապես մեր օրերում այս տեղեկատվական քաոսի մեջ, երբ մեր հարևաններն ամեն կերպ ոչնչացում են մեր պատմամշակութային ժառանգությունը և եղծում են իրական պատմությունը, մեր մշակութային արժեքների վերականգնումը և պատշաճ  տեղեկատվական նյութերով աշխարհին ներկայացնելն օրհասական է, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր պատմական անցյալին, մեր պատմությանը և այդ պատմության տված զորությամբ կարողանանք մեր ներկան կերտել և ապահովել մեր գալիքը»,- ասաց նա։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2023 թ. հունիսի 9-ը։ Այս ամիսների ընթացքում նախատեսվում է տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպել հանդիպումներ վերականգնողների հետ զրույցների և աշխատարանի ձևով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերում Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Խոշոր վթար՝ Երևանում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & Endocrinology
Ամենաընթերցվածները