«Գործընթացների նման շտապողականության պատճառը հնարավոր իշխանափոխությունն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խաղաղության պայմանագրի» օրակարգը թելադրում է Ադրբեջանը: Ավելի վաղ հրապարակված 5 սկզբունքների տակ կարող ենք հասկանալ, որ Ադրբեջանն ուզում է Արցախն ամբողջովին ադրբեջանականացնել: Սա մեծ հարցն է, ավելի փոքր հարցն այն է, թե որքան է հնարավոր կորզել Հայաստանի սահմաններից: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկասի ինստիտուտի» փորձագետ Հրանտ Միքայելյանը:

«Այս ամենին ի պատասխան, սակայն, պաշտոնական Երևանից հայտարարեցին, որ Ադրբեջանի 5 կետերն ընդունելի են: Բացի այդ, նշվեց Հայաստանի 6 մտահոգության մասին, որոնք երևի Ադրբեջանի կողմից մերժվել են. տարբեր մակարդակներում հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են այդ մտահոգությունները: Այսպիսով, Հայաստանն Ադրբեջանի այդ կետերն ընդունել է, Ադրբեջանը Հայաստանի մոտեցումները չի ընդունել, բայց բանակցությունները շարունակվում են: Այստեղից պարզ է դառնում, որ բանակցություններն ընթանում են ամբողջությամբ ադրբեջանական օրակարգով և սպասարկելու են ադրբեջանական օրակարգն ու շահը»,-ասաց փորձագետը:

Շեշտելով Ադրբեջանի կողմից նաև ուժի սպառնալիքի ու կիրառման մասին՝ նա հավելեց. «Այդ բանակցություններն իրենց մեջ պարունակում են ադրբեջանական ագրեսիայի խաղաղեցման փորձը: Այնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, Մյունխենյան բանակցությունների ժամանակ Հիտլերին փորձում էին խաղաղեցնել զիջումներով՝ մասնավորապես Չեխոսլովակիայի տարածքից: Հիմա նույնն արվում է Հայաստանի և Արցախի նկատմամբ, և ներկայումս հիմնական միջնորդը Բրյուսելն է»:

Ինչ վերաբերում է գործընթացների ու բանակցությունների ինտենսիվությանը, նա շեշտեց. «Ադրբեջանում հասկանում են, որ տեսականորեն Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել, և արդեն փոխված իշխանությունն ամբողջովին այլ օրակարգով է հանդես գալու: Այս պարագայում պարզ է ներկայում առկա շտապողականությունը. եթե շտապեցին ու ստացվեց արագ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվածը, ապա հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու հաշվի առնել այդ հանգամանքը:

Ավելի կոնկրետ՝ այդ դեպքում կա՛մ ոչինչ այլևս հնարավոր չի լինի փոխել, կա՛մ էլ, եթե հնարավոր է, ապա շատ ավելի մեծ ջանքեր գործադրելով ու ռիսկերով: Մեծ հաշվով, գործընթացների, բանակցությունների նման շտապողականությունը պայմանավորված է Հայաստանում հնարավոր իշխանափոխությամբ: Իրականում սահմանային հարցերն արագ լուծելու որևէ անհրաժեշտություն չկա: Մինչև հիմա, օրինակ՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը մոտ 40 տոկոսով է դելիմիտացված, մինչդեռ Հայաստանի հետ ուզում են ամբողջությամբ ու միանգամից լուծել այդ հարցը՝ բացառապես իրենց օգտին: Ադրբեջանին նույնիսկ այդքան գյուղեր կամ տարածքներ պետք չեն: Խնդիրն այն է, որ սահմանն անցնում է Հայաստանի համար լավ պաշտպանվող տարածքներով: Կա առաջնագիծ, որը թույլ է տալիս Հայաստանը պաշտպանված պահել: Եթե այդ առաջնագիծը խախտվի, հնարավոր չի լինի Հայաստանը պաշտպանել ադրբեջանական ագրեսիաներից: Ադրբեջանն այս ամբողջ գործընթացը դիտարկում է ընդամենը պատրաստություն՝ հաջորդ ագրեսիայի համար: Եթե տարածքային կոնֆիգուրացիան ուսումնասիրենք, կտեսնենք, որ Ադրբեջանը պատրաստում է հարձակողական պլացդարմ Հայաստանի վրա, իսկ խաղաղության պայմանագիր կոչվածը այդ առումով խոչընդոտ չի լինելու: Միևնույնն է, ինչպես մինչ օրս, Ադրբեջանը կրկին խախտելու է պայմանավորվածությունները, որովհետև այս ամենը դիտարկում է այս տարածաշրջանից հայկականության վերացմանն ուղղված քայլերի համատեքստում»:

Անդրադառնալով նշված իրողություններից բխող հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ փորձագետը հավելեց. «Պարզ է՝ ընդդիմությունը գալիս է այն օրակարգով, որն այս իշխանությանն ու Ադրբեջանին ձեռնտու չէ: Իհարկե, ընդդիմության հաղթանակն Ադրբեջանին չի ուրախացնի: Այս պահի դրությամբ, սակայն, շարժումը, ցավոք, դեռ այդքան թափ չի հավաքել, շատ անհրաժեշտ քայլեր ևս դեռ չեն արվել: Բայց մյուս կողմից, ամեն դեպքում, բավականին բազմամարդ ու ակտիվ ցույցեր են, որոնք արդեն մեկ ամիս է՝ շարունակվում են:

Այսքան բազմամարդ ու մեծ շարժում Հայաստանում անկախության տարիներին եղել է 3 անգամ՝ 2008-ին, 2018-ին և 2022-ին: Եվ, ամեն դեպքում, իշխանություններն իրականում չեն անտեսում իրողությունները, ուղղակի փորձում են իրենց տեսանկյունից և իրենց համար ավելի ձեռնտու պատկեր ներկայացնել: Իրողություններն իրականում չանտեսելու տեսանկյունից դիտարկենք միայն ոստիկանական բռնությունները, որոնք ոչ թե ոտիկանության ստորադաս ներկայացուցչի, այլ քաղաքական իշխանության որոշման արդյունք են: Հաշվի առնենք նաև կալանավորումները: Այսինքն, ամեն ձևով փորձում են նվազեցնել մասնակիցների թիվը: Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ կրիտիկական զանգված չհավաքվի, որովհետև կրիտիկական զանգվածի կուտակումը շատ արագ կարող է իշխանափոխության վերածվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում 4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Մոսկվան մտադիր չէ խոչընդոտել Երևանին՝ գործընկերներ և զարգացման ուղիներ ընտրելիս, սակայն չի ցանկանում նաև հովանավորել ՀՀ-ի նախապատրաստությունը ԵՄ անդամակցությանը. Լավրով Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավոր Reuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասին Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները