Հաջողության հիմքում թիմն է. Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղեկացրել էինք, որ հայկական «Codesignal» ընկերությունը նախատեսում է փետրվարի 14-ից 20-ը իր եվրոպական թիմի հավաքն անցկացնել Երևանում: Codesignal «Ararat Meetup» միջոցառումը մեր երկրում էր միավորել իր ինժեներներին եվրոպական ութ երկրից: Այս հավաքը թույլ տվեց թիմի անդամներին ոչ միայն միասին աշխատել, այլ նաև բացահայտել Հայաստանը և հայկական մշակույթը: Կազմակերպությունն առաջարկում է նորարարական մեթոդ, որը թույլ է տալիս թեստավորման միջոցով հեշտացնել ՏՏ ոլորտում համապատասխան թեկնածուների ընտրությունը նրանց աշխատանքի ընդունելիս:

Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության: «Codesignal»-ի ստեղծման համար հիմք է դարձել ընկերությունների համահիմնադիրների՝ Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի անձնական փորձառությունը: Դեռ դպրոցական տարիներից նրանք հասցրել են մասնակցել տարբեր օլիմպիադաների, Արամը՝ ծրագրավորման, Տիգրանը՝ մաթեմատիկայի, և հաջողություններ գրանցել: Օրինակ՝ Արամը Հայաստանին առաջին արծաթե մեդալն է բերել ծրագրավորման միջազգային օլիմպիադայից, իսկ Տիգրանը 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով համարվում է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքի հասած մասնակիցներից մեկը։ Իրադարձություններն այնպես են զարգանում, որ Արամը Հայաստանում է շարունակում ուսումը, Տիգրանը՝ Մասաչուսեթսի համալսարանում, իսկ հետո աշխատանքի անցնում «Google»-ում:

No description available.

Որոշ ժամանակ անց Տիգրանը տեղեկանում է, որ Արամը, չնայած ծրագրավորման իր հզոր գիտելիքներին, Հայաստանում դժվարանում է լավ աշխատանք գտնել միայն այն պատճառով, որ չուներ համապատասխան աշխատանքային փորձ, և նախընտրում է զբաղվել ֆրիլանս աշխատանքով: Հենց սա է դառնում «Codesignal»-ը ստեղծելու պատճառը՝ լավ իմաստով: Ճանաչելով իր ընկերոջ կարողությունները, իմանալով, որ նա որակյալ մասնագետ է, Տիգրանի մոտ հարց է առաջանում՝ ինչպես է ստացվում, որ նա աշխատանք գտնելու հետ խնդիրներ ունի:

«Աշխատանքի ընդունվելիս գործատուները շարունակում են առաջնորդվել ռեզյումեներով, մոտիվացիոն նամակներով, այնտեղ նշված տվյալներով, թե անձը որ համալսարանն է ավարտել կամ որտեղ աշխատել նախկինում: Բայց գործատուն միանգամից չի կարող հասկանալ, թե ինչ հմտությունների է տիրապետում մասնագետը, ինչպես կդրսևորի իրեն աշխատանքի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «CodeSignal» ընկերության տեխնիկական տնօրեն և երևանյան գրասենյակի տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանը:

Ընկերությունը և նրա հիմնադիրներն ամուր կապված են Հայաստանի հետ: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ընկերության միակ գրասենյակը Երևանում է, որը գործում է դրա հիմնադրման հենց առաջին օրվանից: «Աշխարհի 12 երկրում ունենք 100 աշխատակից կամ Signalite։ Հայաստանն ու Երևանն ի սկզբանե այս մեծ նախագծի կարևորագույն մասն են կազմել, այլ կերպ լինել չէր կարող: 2021թ.-ին «CodeSignal»-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են մեր պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: Այս ամբողջի համատեքստում պատահական չէ, որ ջանում ենք, որպեսզի ամեն կերպ հնչի Հայաստանի անունը»,նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞ւ պետք է ՏՏ ոլորտի մասնագետը վստահ լինի, որ այս գործիքի միջոցով գործատուն կկարողանա բացահայտել իր հմտությունները: «Պատկերացրեք, որ գնում եք վարորդական վկայականի համար թեստ կամ էլ օդաչուի սերտիֆիկատի քննություն հանձնելու: Ձեզ չեն հարցնում՝ ինչ հմտություններ ունեք կամ՝ կպատմե՞ք՝ ինչպես եք մեքենան կամ օդանավը վարելու: Ձեզ թեստավորում են, այսինքն, իրական միջավայրին հնարավորինս մոտ իրավիճակում պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Մեր այս հարթակը նույնն է ծրագրավորողների համար:

Մեր այսօրվա իրականության մեջ հարցազրույցներն այնպես են կազմակերպվում, որ դրանք հեռու են աշխատանքային իրական միջավայրից: Թեստավորումը բացառում է մի շարք երևույթներ: Հարցազրույցի ժամանակ շատ դժվար է բացառել սուբյեկտիվության գործոնը, օրինակ՝ հնարավոր են անձնական հետաքրքրություններ հարցազրույց վերցնողի և թեկնածուի միջև, երբ հարցազրուցավարը կենտրոնանում է նրա ինչ-որ դրական կողմի վրա, բայց չի նկատում բացասական կողմերը: ՏՏ ոլորտում հատկապես սա կարող է ամեն ինչ տանել սխալ ուղղությամբ, քանի որ այս դեպքում գործ ունենք տեխնիկական հմտությունների հետ: Մեր այս հարթակի միջոցով թեստավորմանը մասնակցող մասնագետը հայտնվում է առավելագույնս մոտ այն միջավայրին, որտեղ հետագայում աշխատելու է, այնպիսի առաջադրանքներ ու խնդիրներ է լուծում, որոնք կարող են առաջանալ աշխատանքի ընթացքում: Ի դեպ, վերջում մասնագետը նաև պարզ տեսնում է, թե որ հմտությունից ինչ ցուցանիշներ ունի: Սա կարևոր է թե՛ նրա, թե՛ գործատուի համար»,-ընդգծում է ընկերության տեխնիկական տնօրենը։

Ընկերությունը շատ է կարևորում թիմի անդամների շփումը, փոխադարձ գործակցությունը, քանի որ վստահ է՝ իրենց հաջողությունը կախված է թիմից և նրա յուրաքանչյուր անդամից: Անցած շաբաթ ընկերությունը «Ararat Meetup» հավաքի շրջանակներում 8 երկրի իր թիմակիցներին հրավիրել էր Հայաստան: «Մեր ընկերությունը, դրա համահիմնադիրները ցանկանում են մշտապես ներդրում ունենալ իրենց հայրենիքում, ճանաչելի դարձնել մեր երկիրը: Պատահական չէ, որ այստեղ էինք հավաքել մեր թիմակիցներին: Նրանց ներկայացրեցինք մեր մշակույթը, այցելեցինք թանգարաններ, տեսարժան վայրեր: Սա առիթ էր մեր թիմակիցների համար ոչ միայն իրար, այլ նաև միմյանց մշակույթը ճանաչելու համար:

Փաստ է, որ չես կարող դիմացինիդ լավ ճանաչել, եթե չգիտես իր մշակույթը, որը մեր անձի մի մասն է: Երբ ներկայացնում ենք մեր մշակույթը, կենցաղը, սովորույթները, նրանց ավելի հեշտ է մեզ հետ աշխատել, քանի որ մեզ ճանաչում են որպես անհատ: Սա նաև Հայաստանը գովազդելու լավ տարբերակ է, հատկապես հիմա, երբ էլ ավելի հավակնոտ նպատակներ ունենք մեր ընկերությունն ու պրոդուկտը զարգացնելու, մեր թիմը մեծացնելու միջոցով: Փորձում ենք մեր ստեղծած հարթակը հնարավորինս մոտեցնել աշխատանքային իրականությանը, որպեսզի մի կողմից՝ աշխատանքի ընդունվել ցանկացողի փորձառությունը դրական դառնա, թեստը նրան օգտակար լինի, մյուս կողմից՝ գործատուի համար նվազեցնում ենք ռիսկերը, որպեսզի անձին աշխատանքի ընդունելիս նա հստակ իմանա, թե ինչ հմտություններ ունի վերջինս: Սա խնայում է երկու կողմի ժամանակը, քանի որ հարցազրույցները ժամանակատար են և ավելի հաճախ ոչ արդյունավետ:

Իսկ երբ նրանք անցնում են թեստերը, գործատուն արդեն, ըստ արդյունքների, ֆիլտրում է ցանկը: Թիմի ընդլայնումը մեր առաջնահերթություններից է: Առհասարակ, մեր ընկերության հաջողության հիմքում մեր թիմն է, մեզ համար կարևոր է նրա յուրաքանչյուր անդամի կարիերայի աճը, որպեսզի նա սիրով կատարի իր աշխատանքը: Օրինակ՝ մեր թիմում աշխատակիցներն ունեն նախագծի ընտրության հնարավորություն, ճկունություն, նրանք կաղապարված չեն, այսինքն՝ ազատ ես կատարել քո աշխատանքը, բայց նաև պատասխանատվություն ես կրում դրա համար»,-եզրափակում է Էդուարդ Փիլիպոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը
Ամենաընթերցվածները