ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

Նշված հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում ընդգծել.

  1. Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածությունները արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:
  2.   2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:
  3. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ:
  4. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։
  5. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները:
  6. Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով:
  7. Հայաստանի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
  8. Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքիշխանությունը որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում:
  9. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:
  10. 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են սույն հայտարարության 9-րդ կետում նշված սկզբունքները:

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,

բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը:

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը
Ամենաընթերցվածները