Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն


Հանցագործության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2016 թ․ օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Նշենք, որ հունվարի 12-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 5-րդ տարելիցը։

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախաքննության ընթացքում էլ մեղադրյալ Պերմյակովը մնաց ռազմաբազայի տարածքում եւ ՀՀ իրավապահներին չհանձնվեց։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Արայիկ Զալյանը այս գործում ներկայացնում են սպանված Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ եւ Նարինե Պողոսյանների շահերը։

Ինչպես քննության ողջ ընթացքում, այնպես էլ դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը ահազանգել են, որ քննությունն իրականացվում է թերացումներով, դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատավոր Հ․ Մովսիսյանը հետեւողականորեն մերժում էր միջնորդությունները, դրանք համարում անհիմն։

Դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվեց։

Պողոսյանների ներկայացուցիչ Ա․ Զալյանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներն են։

Գանգատում նշվել էր, որ երկու պետությունները չեն իրականացրել իրենց պոզիտիվ պարտականություններն ու չեն կանխագելել Ավետիսյանների ընտանիքի կյանքի իրավունքի նկատմամբ վտանգը, քննությունը օբյեկտիվ չի եղել, հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել։

Ուշագրավ է, որ Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին հայկական կողմին պատշաճ չտեղեկացնելու մասով իրականացրած քննության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դեռեւս 2017 թ․-ի հունիսի 23-ին դիմել էր ՀՀ քննչական կոմիտե։ Չնայած հարցադրումները շատ հստակ էին՝ Քննչական կոմիտեն լղոզված պատասխաններ էր տվել եւ այդպես էլ չէր պատասխանել հարցերին, թե որ գործողության համար ովքեր են պատասխանտվության ենթարկվել։

Այդ պատասխանից պարզ դարձավ նաեւ, որ ռուսական կողմը, որը այդ քննությունն իրականացնելու իրավունքն էլ չուներ, զորամասը լքելու մասին հայկական կողմին անհապաղ չհայտնելու մասով քննության նյութերը ՀՀ քննչական կոմիտեին չի տրամադրել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ստանձնել է նաեւ 2018-ի դեկտեմբերին ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեեւի ծեծելուց հետո մահացած գյումրեցի Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։

Ա․ Ռազգիլդեեւը եւս ՀՀ իրավապահներին չի հանձնվել եւ ՀՀ կալանավայրում չի պահվում։ Չնայած այս անգամ դատավարությունը նշանակված է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատական նիստերին նրա ներկայությունը, կարծես թե, հնարավոր չի լինում ապահովել․ արդեն երրորդ դատական նիստը հետաձգվում է անհասկանալի պատճառաբանություններով։

ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության եւ մարդու իրավունքների վիճակի վրա դրա ազդեցությանը ՀՔԱՎ-ը անդրադարձել է նաեւ «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցում, որը «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա»՝ ՀՔԱՎ-ի եւ միջազգային գործընկերների զեկույցի մաս է կազմում»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենաընթերցվածները