«Ղասեմ Սոլեյմանիի սպանության» թեմայի քարոզչական բաղադրիչը և Հայաստանը


Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

Նշված հարձակումը կարելի է գնահատել որպես Դոնալդ Թրամպի վարչակարգի կառավարման շրջանում՝ մասնավորապես 2018թ․ մայիսից վերսկսված ամերիկա-իրանական հակամարտության սրացման գագաթնակետ։ Ավելի քան մեկ ու կես տարի շարունակվող դիմակայությունը դրսևորվել է զուգահեռաբար մի քանի հարթություններում՝ տնտեսական, քաղաքական-դիվանագիտական, ռազմական, քարոզչական, հոգեբանական և այլն։ Ընդ որում, իրավիճակային լարվածության հանգեցրած որևէ միջադեպ իր հերթին արտացոլվել է նշված ուղղություններից մի քանիսում միաժամանակ։ Որպես օրինակ կարելի է հիշատակել Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հայտարարված ամերիկյան պատժամիջոցները, ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը, 2019թ․ մայիսից շարունակվող «նավթակիրային պատերազմի» շրջանակում տեղ գտած յուրաքանչյուր սրացում և, իհարկե, Սոլեյմանիի սպանությունը։

Դիցուք, ամերիկյան կողմը և հատկապես Սպիտակ տունն իրանցի լեգենդար զորահրամանատարի «լիկվիդացումը» ներկայացնում է որպես «անչափ հաջողված հակաահաբեկչական գործողություն»։ Նման գաղտնի, հույժ կարևոր կառույցի հրամանատարի սպանությունը ռազմական, ռազմավարական և հոգեբանական նշանակությունից բացի, չափազանց մեծ կարևորություն է ներկայացնում նաև քարոզչական հարթությունում ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընտրական տարում, ընդհանրապես. և Դոնալդ Թրամպի դեմ ներկայում նախաձեռնված իմփիչմենտի գործընթացի համատեքստում, մասնավորապես։

Սոլեյմանիի սպանության թեման, ըստ էության, լինելով որպես լուրջ ռազմավարական կորուստ, անվտանգային առումով՝ ձախողում Թեհրանի համար, իրանական կողմը փորձում է օգտագործել միաժամանակ 2 հարթությունում՝ ներքին և արտաքին։ Ներքին ուղղությամբ սեփական լսարանի համար թեման հաջողությամբ օգտագործվում է անցյալ տարեվերջին բենզինի գնի թանկացման հետևանքով տեղի ունեցած լայնամասշտաբ զանգվածային բողոքի գործողությունների և դրանց ցրման նպատակով բիրտ ուժի կիրառման պատճառով ալեկոծված իրանական հասարակությանն արտաքին թշնամու դեմ համախմբելու՝ «հուժկու վրեժի» հասնելու, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները երկրորդական հարթություն մղելու, ինչպես նաև ներքաղաքական կյանքում՝ նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնանկությանը միտված գործընթացները չեզոքացնելու նպատակներով։

Արտաքին հարթությունում Թեհրանի ջանքերն ուղղված են միջազգային ասպարեզում ամերիկյան հարձակումը որպես «ահաբեկչական» ներկայացնելու, ինչպես նաև հնարավորինս շատ երկրների զորակցությունը, ցավակցությունը ստանալուն միտված գործողություններին։ Այս համատեքստում իրանական կողմը բավականին ակտիվ քայլեր է իրականացնում, օրինակ, ՄԱԿ-ում, ԻՀԿ-ում և այլն։ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նախաձեռնությամբ տեղի են ունենում հեռախոսազրույցներ բարեկամական երկրների՝ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Օմանի, Իրաքի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի և այլ գործընկերների հետ, որոնց ընթացքում հնչած ուղերձներում հատկապես ընդգծվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ Իրանի կառավարությանը և ժողովրդին ուղղված ցավակցական մտքերը։

Ամերիկա-իրանական լարված հակամարտությունը և դրա դրսևորման աշխարհագրական արեալն առաջնային օրակարգային ուղղություն է դարձել նաև Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում։ Անցած շուրջ երկու տարիների ընթացքում Հայաստանը ոչ միայն հարկադրված է եղել ուշադրությամբ և զգոնությամբ հետևել ծավալվող գործընթացներին, այլև հրապարակային կամ չերևացող մակարդակներում անհրաժեշտության դեպքում նաև արձագանքել դրանց։ Դիցուք, 2019թ․ մայիս-հունիս ամիսներին ակտիվացած «նավթակիրային պատերազմի» հետևանքով Պարսից ծոցի տարածաշրջանում գերլարված իրավիճակին տարաբնույթ կերպով արձագանքել են ՀՀ համապատասխան պետական մարմինները, իրավիճակը քննարկվել է նաև ԱԽ նիստի ընթացքում։ Այս ուղղության կարևոր առանձնահատկություններից է նաև այն իրողությունը, որ իրավիճակային սրացումների դեպքում Երևանին ոչ բարեկամ դերակատարների կողմից պարբերաբար փորձեր են ձեռնարկվում՝ տարաբնույթ տեղեկատվական խայծերի միջոցով հրահրել սադրանքներ՝ հակամարտության կողմերից որև մեկի նկատմամբ Հայաստանի կեղծված դիքորոշումը տարածելու նպատակով։

Նմանօրինակ նուրբ իրավիճակ է ստեղծվել նաև Սոլեյմանիի սպանության հետ կապված՝ ինչպես հնարավոր մարտահրավերներին դիմակայելու, այնպես էլ դիվանագիտական արձագանքի հարցում․ երկու ուղղությամբ էլ ցայժմ իրականացված գործողությունները և՛ բովանդակային, և՛ ժամանակային տեսանկյունից միանշանակ չափելի են դրական առումով։ Մինչդեռ, հատկապես պաշտոնական արձագանքի մակարդակն ու բովանդակությունը բարդացնում է այն հանգամանքը, որ կշեռքի հակադիր նժարներին են մի կողմից հարևան և բարեկամ երկրում, նաև հավատացյալ շիայադավան համայնքում երբեմն անգամ առասպելական ընկալում ունեցող զորահրամանատարի նահատակությունը, որի հետ կապված հարևան երկրում եռօրյա սուգ է հայտարարվել, մյուս կողմից՝ խնդիրն առնչվում է մեր երկրին մեկ այլ բարեկամ դերակատարի՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված հաջողված «հակաահաբեկչական գործողությանը», որի արդյունքում «չեզոքացվել» է «մերօրյա աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից» մեկը։ Այս պարագայում չափազանց կարևոր է դիրքորոշման հարցում հավասարակշռության պահպանումը և պաշտոնական արձագանքների՝ Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին համապատասխան ձևակերպումը, ինչպիսին, ըստ էության, ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն էր՝ առանցքում ունենալով տարածաշրջանային անվտանգության և խաղաղության պահպանման կարևորությունը և որևէ լարվածություն դիվանագիտական ջանքերով լիցքաթափելու ջանքերը։

Նաև այս թեմայի հետ կապված՝ հերթական անգամ խիստ կարևոր է ոչ բարեկամական շրջանակների կողմից ամերիկա-իրանական քարոզչական պատերազմում Հայաստանի դիրքորոշման խեղաթյուրման փորձերի միջոցով նոր դիվանագիտական-քարոզչական սադրանքները չեզոքացնելու հանգամանքը։ Որպես օրինակ, նույն վերոնշյալ Զարիֆ-Մնացականյան հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը հայկական կողմը տարածել է՝ պահպանելով դիվանագիտական էթիկայի նրբությունները, ի տարբերություն, ասենք, պաշտոնական Բաքվի՝ ներկայցնելով, թե ում կողմից է նախաձեռնված եղել հեռախոսազրույցը։ Նույն մոտեցմամբ էլ ձևակերպվել են նաև հայկական կողմի ցավակցական ուղերձները՝ ըստ էության, չեզոքացնելով Հայաստանի և բարեկամ երկրների հարաբերությունները որևէ կերպ ստվերելու կողմնակի փորձերը։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ տարածաշրջանային զարգացումներն արդեն ընթացիկ տարում միանշանակորեն պարունակելու են իրավիճակային պարբերական սրացումներ, և Հայաստանը, որպես նաև Մերձավոր Արևելքում կարևոր հետաքրքրություններ ունեցող դերակատար, պետք է պատրաստ լինի պետական և համահայկական ողջ հնարավոր գործիքակազմով, մի կողմից, աչալրջությամբ հետևելու զարգացումներին, մյուս կողմից՝ ունենալու արդեն իսկ մշակված սցենարային տարբերակներ՝ համապատասխան իրավիճակներում գործելու, նաև հնարավոր ոչ բարեկամական սադրանքները չեզոքացնելու նպատակով։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ Politico Comex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից Ռուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից «Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya Մադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը
Ամենաընթերցվածները