Դպրոցը հիմնանորոգեց Հովիկ Աբրահամյանը, կահավորեց Սուրեն Պապիկյանը, իսկ ժապավենը, ինչպես միշտ, կտրեց Նիկոլ Փաշինյանը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը, որի ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Շատերը, սակայն, նկատեցին, որ անվանի հայագետի անվամբ անվանակոչված դպրոցի՝ շքեղ հիմնանորոգումից հետո, բացման արարողությանը չէին մասնակցում բազմավաստակ գիտնականի ընտանիքի անդամները:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անգամ այդ մասին գրառում էր կատարել:

«Վարչապետը, «նազիր-վեզիրներով», այցելել է Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոց և մասնակցել դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը։

Չգիտեմ՝ ականավոր բանասեր ու հանրային գործիչ Ռաֆայել Իշխանյանի հարազատները հրավիրվա՞ծ էին միջոցառմանը, թե՞ ոչ, բայց, թերևս, որևէ մեկը ներկա չէր։ Վարչապետն էլ կարծեք թե իր խոսքում չանդրադարձավ Ռաֆայել Իշխանյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:

168.am-ը Ռաֆայել Իշխանյանի որդուն՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս ներկա չէր հոր անունը կրող դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

«Չէին հրավիրել»,- ասաց իրավապաշտպանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություն ներկայացնել թեմայի վերաբերյալ:

Հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով ասաց, որ բացման արարողության կազմակերպչական հարցերով քաղաքապետարանը չի զբաղվել:

Ենթադրելով, որ վարչապետի մասնակցությամբ միջոցառման կազմակերպչական հարցերով վարչապետի աշխատակազմն է զբաղվում, մեր հարցի պատասխանը ցանկացանք ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Զանգահարեցինք Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանին:

«Այս պահին ես շրջայց եմ կատարում Ռաֆայել Իշխանյանի ընտանիքի անդամների հետ: Այստեղ են կինը՝ Բյուրակն Անդրեասյան-Չերազը, և դուստրը՝ Վարդուհի Իշխանյանը: Քանի որ տիկին Բյուրակնը 90-անց է արդեն, ես պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերեմ նրա նկատմամբ, ուղեկցեմ նրան, դրա համար նպատակահարմար գտանք ավելի հանգիստ պայմաններում հյուրընկալել նրանց»,- ասաց դպրոցի տնօրենը:

Հարցին, թե առավոտյան կազմակերպված միջոցառմանը, որին նաև վարչապետն էր մասնակցում, ինչո՞ւ ներկա չէր Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Ավետիք Իշխանյանը, Անուշ Սարգսյանը պատասխանեց, որ ինքը որևէ մեկի չի հրավիրել՝ ո՛չ ծնող, ո՛չ նախկին ուսուցիչ:

«Համավարակ է, միայն պաշտոնական մասով՝ վարչապետ, նախարար, քաղաքապետ, և վերջ: Այսինքն՝ չի եղել հանդիսություն, մենք հրավիրատոմսեր չենք գրել, հյուրեր չենք ունեցել: Ժամանակներն այնպիսին էին, որ չստացվեց մեծ միջոցառում անել, բայց ընդհանրապես բացում չանելն էլ ճիշտ չէր»,- նշեց տնօրենը:

Զրուցեցինք նաև Ռաֆայել Իշխանյանի դստեր՝ Վարդուհի Իշխանյանի հետ, ով ասաց, որ շատ ուրախ է, որ դպրոցը վերջապես բացվեց, որովհետև 4 տարի սպասում էին:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ իրենք առավոտյան ներկա չէին բացման արարողությանը՝ նա պատասխանեց, որ հրավերների նախաձեռնությունը տնօրենինը չի եղել, և երևի այդ հարցով վարչապետի աշխատակազմին պետք է դիմենք:

«Ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դպրոցը հիմնանորոգելու հարցում: Նախ՝ ամենամեծ շնորհակալությունը տնօրենին, ով փայլուն շարունակում է Ռաֆայել Իշխանյանի գործունեությունը և կարողացավ իր համառությամբ այս դպրոցի հիմնանորոգումը գլուխ բերել»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:

Վերջինս նշեց, որ անվանակոչությունից հետո առաջին օգնությունն այս դպրոցին եղել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ով ֆինանսավորեց Ռաֆայել Իշխանյանի հուշարձանի կառուցումը:

«Դպրոցը շատ վատ վիճակում էր: Տնօրենի հետ միասին տարբեր տեղեր դիմեցինք հիմնանորոգման համար: Ի վերջո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգնեց մեզ, ում միջնորդությամբ Ասիական բանկը ֆինանսավորում հատկացրեց այդ նպատակի համար: Իրեն էլ ենք շատ շնորհակալ: Կահավորումն էլ նոր իշխանությունների օրոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օգնությամբ կատարվեց»,- ասաց մեծ գիտնականի դուստրը:

Նրա խոսքով՝ երբ դեռ դպրոցը չէր վերանորոգվել, ամենասկզբում Ռաֆայել Իշխանյանի կաբինետն էր վերանորոգվել ու կահավորվել Բարսեղ Բեգլարյանի ֆոնդի միջոցներով:

«Բայց այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է, ով կարողացավ Ասիական բանկի միջոցով գլուխ բերել դպրոցի հիմնանորոգման գործը: 4 տարի առաջ սկսվեց հիմնանորոգումը: Սկզբում ասացին՝ երկու տարի կտևի, բայց ձգվեց, ու այս դպրոցի տնօրենը, ուսուցիչները մեկ այլ դպրոցի փոքր հատվածում մի կերպ կարողացել են այս 4 տարում դասապրոցես ապահովել: Մեծ աշխատանք են կատարել, էլ չեմ ասում՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու ծանր գործընթացը»,- ասաց Վարդուհի Իշխանյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցի հիմնանորոգման հարցում:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի Շքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ը Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ Իսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործում Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սրբոց Թարգմանչաց տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Զինծառայող է վիրավորվել․ ինչ է հայտնի Պարզվել է Արտենիում վթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Կտեղա կարկուտ․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Տեղի է ունեցել 19 երկրաշարժ․ ՌԴ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր «Արմավիր» ՔԿՀ-ում վնասազերծվել է հերթական անօդաչու թռչող սարքը․ ՔԾ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու uպառնալիքները Բելառուսի հասցեին «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները