Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը

Կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման համար շարունակում են առկա մնալ արատավոր պայմանները: Իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:

Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:

Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետևաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձևով կավելանա նաև այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասան:

Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն դրսևորումների: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների միջոցով: Վերջինիս մասին արդեն երկու տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն մնում է չլուծված՝ պետական բարձիթողի կառավարման ֆոնին:

Հետևանքներն էլ լինում են՝

պահպանվող էական ռիսկերը և պետական բյուջեից անօրինական ծախսերը,
ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները, որի մասին պարբերաբար տեղեկանում ենք ԶԼՄ-ների հրապարակումներից:
Նորից հիշեցնեմ. մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն մեկ տարով հետաձգվեց օրենքվ սահմանված այդ ժամկետը՝ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության առաջարկով:

Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ առ այն, որ նման անբավարար տեմպի ու անհետևողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:

Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլևս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարևոր գործընթացը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն (հղումը՝ http://www.mlsa.am/?p=25908)՝ այս գործընթացն ավարտին հասցնելու ժամկետները նորից հետաձգվել են՝ այս անգամ էլ երկու տարով:

Գործընթացի շրջանակներում 2019 թվականին նախատեսված էր հավաքագրել և տեսաներածել շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ։

Ի դեպ, նաև այս աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար են աշխատավարձ և աննախադեպ չափերի պարգևատրումներ ստացել ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաները:

Սակայն փաստն այն է, որ նախարարությունը ծրագրված այս աշխատանքները թերակատարել է շուրջ 65 տոկոսով և հավաքագրել է ընդամենը 125 հազար աշխատանքային գրքույկ: Այս պատճառով էլ կատարված օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգեցին աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը:

ՀՀ օրենսդրությամբ այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ շուրջ 4 տարի ժամանակ:

Իսկ նախարարության տարածած հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը և դրա համար վարչական պատասխանատվության բացակայությունը:

Զարմանալի է, որ այս մասին ոլորտի պատասխանատուները հիշում են միայն սահմանված ժամկետի ավարտին՝ ծրագրված իրենց աշխատանքները ձախողելուց հետո:

Իրականում պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրնեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց հրատապ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

դիտվել է 23 անգամ
Լրահոս
35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
Ամենաընթերցվածները